You are currently viewing Ուսուցիչ, ում մեծ առաքելություն է վերապահված

Ուսուցիչ, ում մեծ առաքելություն է վերապահված

Օրերն ինչքան գնում, այնքան կարոտով են լցվում ու քաղցրանում` միաժամանակ հիշեցնելով այն գեղեցիկ պահերի մասին, որ ապրել ենք մեր դպրոցական տարիներին։ Ժամանակն արագընթաց գնացք է, իսկ մենք` ուղևոր, որ հաճախ լուսաշող դեմքեր ենք փնտրում ողջունելու և զրուցելու համար։

Իմ սիրելի դասղեկի, Ճարտարի Ազատամարտիկների անվան թիվ 1 միջնակարգ (հոսքային) դպրոցի հայոց պատմության ուսուցչուհի Օֆելյա Շահրամանյանի մասին խոսելիս ես պարտավոր եմ կանգնել լավատեսության ու համարձակության անձեռակերտ պատվանդանի բարձրության վրա, որից իջնելու թուլություն նա երբեք չունի։ Նրա խստապահանջությունը, ինչ խոսք, անկեղծ կլինեմ` կարևոր էր նաև ինձ համար՝ բնավորությանս մեջ փոփոխություններ կատարելու և կյանքին ու ապրելուն այլ տեսանկյունից նայելու համար:

Ընկեր Շահրամանյանը փոթորիկների առաջ կանգնում է կաղնու պես հաստատուն ու աներեր, իր գործին գիտակ` ճկվում է եղեգի պես, ու միշտ նայում է առաջ` հպարտորեն ուսած անցյալի քաղցր ու դառը փորձը, ապագայի հանդեպ հույսն ու հավատը: Նա հոգատար մայր է, իր թոռնիկների համար սիրելի տատիկ, ընտանիքի կին, իսկ ինչ վերաբերում է կնոջ առաքելությանը ընտանիքում, կասեմ հետևյալը. շղթայի գործունեությունը ծավալվում է ամբողջականության մեջ, բայց նրա երեք օղակներից կարևորը մեջտեղինն է, քանի որ առանց դրա չի լինի շղթան, կլինեն առանձին օղակներ: Կինը ընտանիքի կայացման գործում հենց այդ մեջտեղի օղակն է: Եվ այո, նա հրաշալի հայուհի է:

Երջանիկ է լուռ, շատ անգամ էլ` աչքափայլն է վկայում։ Երջանիկ է նաև իր աշակերտներով, պատմության դասասենյակի քարտեզներով, որ միշտ նայում ու աղոթքի նման մրմնջում է` երանի ամբողջը նորից մերը լիներ։ Առանց վախենալու չափազանցության մեջ մեղադրվելուց` պետք է ասեմ, որ նրա հաստատակամությունը սովորական չէ և կարծես Աստծուց տրված լինի, որը նաև լավ մասնագետ լինելու կարևոր բաղադրիչ է` բնական, անխառն, նախասկզբնական ու մաքրամաքուր: Ժամանակի ու տարածության ալեբախումներում նորից է խորհրդավոր դառնում նրա հայացքը, դեմքի ժպիտը, կայուն ու կուռ բնավորությամբ կերպարը, որը հիմա էլ սերունդ է կրթում` հայրենասիրություն, ազգապահպանություն սերմանելով։ Ուսուցչուհիս հայի գենետիկ հավատի տեր մարդ է։

Նա ոչ միայն լավ մանկավարժ է, այլ նաև հրաշալի խորհրդատու, ընկեր, զրուցակից: Մարդը արժեք բարոյականությամբ, կրթվածությամբ, աշխատանքով։ Անքննարկելի է ընկեր Շահրամանյանի համոզմունքը` հայերս մեր արարիչ ներուժի նորահաստատումներով պիտի գոտեպնդենք եկող սերունդներին, որ դառնան քաջարի զինվորներ և ծնկի բերեն թշնամուն` վերականգնելով մեր պատմության դասասենյակի գրատախտակի կողքից կախված քարտեզի ամբողջականությունը։ Ցավոտ, բայց և նշածս այսօր կարևոր երազանք է մեզ համար։

Հիրավի, ինքնատիպ է ուսուցչուհիս` իր խոսքով, մտածածով, գործով, քայլերով։ Նրա հոգու համապատկերում համատարած ազատություն է, որտեղ լույսը գերազանցում է։ Ընկեր Շահրամանյանը լուսավոր հետագիծ է թողնում ոչ միայն նորաթուխ մանկավարժների համար, այլև աշակերտների համար։

«Ուսուցիչն այն մարդն է, ով դժվար բաները դարձնում է հեշտ»,-այսպիսի մի ճշմարտություն է ժամանակին ասել Ռալֆ Էմերսոնը: Այս տողերը կարդալիս միշտ ընկեր Շահրամանյանն է աչքերիս առաջ հայտնվում, որովհետև դա այդպես է՝ նա ամեն դժվար բան մեզ համար հեշտ էր դարձնում՝ մշտապես պայքարելով, պահանջելով, կրթելով, թև ու թիկունք կանգնելով բոլորիս:

Նրա կերպարը, խոսքը, շարժուձևը, հագուկապը միշտ հիացնում էր մեր դասարանին: Նրան հաջողվում է սեր արթնացնել պատմության, ակնածանք՝ սովորելու հանդեպ… Նա կարողանում է սովորեցնել… Իսկ դա մեծ արվեստ է, որ ամեն մեկին տրված չէ: Այո՛, ուսուցչի մասնագիտությունը աշխարհի ամենապատվաբեր մասնագիտությունն է։ Նա էությամբ է ուսուցիչ։

Յուրաքանչյուր գիտակից մարդու կյանք բաժանված է երկու փուլի՝ պատերազմից առաջ և պատերազմից հետո: Լավատես, կյանքը սիրող, դրա ամեն ակնթարթը վայելող մարդն անգամ այս պահին իրեն լիաթոք կայացած չի զգում ոչ մի հարթակում: Բոլորիս ներսում տրոփում են չապրած գարուններ, հայրենասեր աչքեր, որոնք հաղթանակի ակնկալիքով խառնվեցին մայր հողին: Մեր հայրենիքը հիմա ավելի սուրբ է, ավելի թանկ: Իսկ մեր ուսուցչուհին և մեր մտքերն էր հաղթանակի ու խաղաղության հույսով լցնում, իսկ այժմ էլ մեզ հաջորդողների:

…Ընկեր Շահրամանյան, ես դպրոցական նստարանիցս հեռացա հարստացած, քանզի ունեցա ձեզ նման դասղեկ, որ նախ և առաջ եղաք մարդկային անխոչընդոտ բարձրության վրա` արդարացի, քաջալերող։

Խորին երախտագիտությամբ միշտ Ձեր Վովա Արզումանյան

Սկզբնաղբյուրը` «Լուսարար» թերթ, 2021 թ. օգոստոս