You are currently viewing Փարվանայի բնիկը

Փարվանայի բնիկը

Փարվանան, լինելով տարածաշրջանի ամենամեծ լիճը, հարուստ է նաև ձկնային պաշարով՝ կողակ, իշխան,
մանրածածան, կարպ, լոսդի և այլն։ Սակաjն ժամանակի ընթացքում ձկնատեսակների մի մասն անհետացել
է և որպես պատվավոր ու հարգի ձուկ՝ օգտագործվում է լոսդին՝ ռյապուշկան։
Ռյապուշկա ձուկը սաղմոնների ընտանիքին պատկանող ձկնատեսակ է։ Արտաքինից հիշեցնում է փոքր սիգ
ձկանը։ Սակայն ի տարբերություն սիգի, ռյապուշկայի ստորին ծնոտն ավելի երկար է, քան վերինը, աչքերը
համեմատաբար մեծ են, որովայնը սպիտակավուն է, ներքևի ծնոտը՝ սև, մարմինը բարակ է ու երկարուկ,
միսը սննդարար է շատ։
Այս ձուկն օգտագործում են հիմնականում խաշած և տապակած եղանակով։ Հետաքրքիրն այն է, որ
տապակելիս չի օգտագործվում բուսայուղ կամ կարագ։ ՈՒղղակի այն պետք է դնել տապակայի մեջ, թույլ
ջերմաստիճանի դեպքում, ինչպես ասում են, ինքն իր յուղով կտապակվի։
Իսկ խաշած ձուկը խորհուրդ է տրվում ճաշակել սառը վիճակում, այդպես այն ավելի ախորժելի է դառնում:
Ի դեպ, ձուկը եփելիս բաղադրությանը ոչ մի համեմունք ու բանջարեղեն չի ավելացվում։
«Մենք մեր անարատ ձուկը էդ համեմունքներով չենք փչացնե,- հպարտորեն մեզ բացատրեց գանձայեցի մի
տարեց կին:- Էդ ի՞նչ համեմունք տի ըլնի՞, օր կըրնընա մեր ձկին համեն ավելի լավ համ տա»:
Ջավախքցիք հյուրի առջև հացի սեղանը բացելիս առանձնացնում են ռյապուշկան։ Այն սեղանին միշտ ունի
իր պատվաբեր տեղը։
«Դու իսոր համն օր տեսար, վախենամ էլ ուրիշ ձկի էրես չաշես»,-ափսեիս մեջ մի քանի ձուկ դնելով վրա բերեց մեզ հյուրընկալող տանտերը։ Գովքն իսկապես տեղին էր։ Արտաքինից ոչ այդքան գրավիչ ձուկն ուներ չտեսնված համ, սննդային մեծ կալորիականություն։ Զրույցներից պարզ դարձավ, որ տարածաշրջանում այդքան էլ ճիշտ չի կազմակերպվում ձկան որսը։ Տեղացիները երբեմն ձուկը ջրից հանում են անթույլատրելի ժամանակահատվածում ձվադրման շրջանում։

Արդարացում ունեին. լճի հարակից գյուղերի բնակիչները անասնապահությունից բացի, կեցության
միջոցները հոգում են նաև ձկնորսությամբ։
Թեպետ ռյապուշկա որսալու ձկնորսական ցանցի անցքերը սովորականից ավելի փոքր են, այնուամենայնիվ
որսացանցի մեջ նաև հայտնվում են ավելի փոքրերը, որոնց, ինչպես պարզ դարձավ, ձկնորսներն ուղղակի
թողնում են լճի ափամերձ հատվածներում ու հեռանում։
Համեմատաբար ավելի քիչ ծավալով, բայց ձկնորսությունն իրականացվում է նաև ձմռանը։
Նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներից լիճը սկսում է սառչել՝ սառույցի հաստությունը հասնում է մոտ 73
սանտիմետրի։
Ինչպես ձկնորսներից մեկն ասաց. «Որսը կսկսվի էն վախտ, եփ կըսկըսվի ձկան խաղը»։
Ձմռանը, իհարկե, այս գործով զբաղվելու դեպքում մեծանում է ռիսկայնությունը։ Թեպետ սառույցի շերտը
հաստ է, բայց անխուսափելի չէ կոտրվելու վտանգը, ինչը ձկնորսների համար կարող է ունենալ
ողբերգական ավարտ։
«Ձուկ օր չբռնենք, հբը ի՞նչ էնենք, մե՞նք ա քաղաք էրթանք, հա՞»,-քիթը կախելով ասաց տարեց
ձկնորսներից մեկի տասնամյա թոռը, ով մեր ափսեներից ձկան բարալիկ փշերը ճարպկորեն հավաքելով՝
բաժին հասցրեց դռան մոտ կուչ եկած սևադունչ կատվին։ Կատուն ավարը միանգամից հուպ տալով`
չհեռացավ. ձկան հոտը նրա քթին էլ էր դիպել:
«Թորոսս ճիշտ կսե: Հայրենիքի իսի մե կտորին պահողնա մենք ենք,- հայացքը թոռան հոգատարությունից
չկտրելով՝ վրա բերեց փոկացի ձկնորսը: — Պետք է պահենք ի՞նչ կա, ի՞նչ ունինք, ի՞նչն օր մերն է…»։
Նորից բարձրացան բաժակները, այս անգամ կենացը հայրենիքին էր։


Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ