You are currently viewing ԵՐԲ ՀՍՏԱԿ ՈՒՂԵՆՇՎԱԾ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

ԵՐԲ ՀՍՏԱԿ ՈՒՂԵՆՇՎԱԾ Է ՃԱՆԱՊԱՐՀԸ

Խաչիկ Գրիգորյանը ծնվել է 2001 թվականի հուլիսի 26-ին, Երևանում: Մանկությունն անցկացրել է Արարատի մարզի Արգավանդ գյուղում, որտեղ էլ հիմնական կրթություն է ստացել, ապա որոշել ուսումը շարունակել ՀՊՄՀ-ի վարժարանի լրագրության բաժնում, որին զուգահեռ սովորել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի նախապատրաստական բաժնում: Ասում է՝ մանկուց է երազել կինոռեժիսոր դառնալու մասին և շատ ուրախ է, որ այժմ ԵԹԿՊԻ-ի ռեժիսուրայի բաժնի ուսանող է: Կես տարի սովորելուց հետո Խաչիկը մեկնեց պարտադիր զինվորական ծառայության՝ Արցախ: 

Երիտասարդը մասնակցելով 44-օրյա պատերազմին, հավատացած է, որ ոչ մի ֆիլմ չի կարող արտացոլել այն, ինչը սեփական աչքերով Արցախում՝ Հադրութում է տեսել ու դրա միջով անցել: Նույն աչքերում մնացել է Արցախը՝ որպես տուն ու տեղ, անբաժան մասնիկ, ընկերների արյամբ սրբացած հայրենիք: Բայց և այնպես, նրա մեջ ներքին մի ուժ կա, որ մղում է հավատալու՝ փյունիկի պես վեր կհառնի Արցախը:  

Խաչիկը նաև ստեղծագործում է: Նրա պատմվածքներն ու բանաստեղծությունները հաճախ կարող ենք հանդիպել ոչ միայն գրական կայքերում, այլև տպագիր մամուլում, մասնավորապես ՀԳՄ գրական-երիտասարդական «Գրեթերթում»: Գրելու միջոցով Խաչիկը նաև ինքնաճանաչման է դիմում՝ կողքից դիտելով այն, ինչ կապված է իր կյանքի հետ: Դրանով նաև փորձում է իր մտածողությանը համադրել այն գույները, որոնք ինքն է պատկերացնում ու ճիշտ գտնում: Ծառայության ընթացքում վիպակ է գրել, որը հիմա շարունակում է: Դեռ վստահ չէ՝ գրքի տեսքով կհրատարակվի, թե ոչ, բայց մի բան հաստատ գիտի՝ շարունակելու է գրել, որովհետև գրական հավատամք ունի: Վիպակում նաև մանկության հուշերն են տեղ գտել:   

Լուսանկարը՝ Նառա Վարդանյանի

Մենախոսություն-նամակում, որը մարտադաշտում անմահացած ընկերոջը՝ Լևոն Մանթաշյանին  է նվիրված, գրել է Երևանում՝ աջ ձեռքի շրջանում հրազենային վիրավորում ստանալուց հետո, երբ բուժման փուլում էր: Վիրավորված ձեռքով էլ գրեց. «Դու ու տիեզերքը, դու ու աստղերը հասաք իրար։ Դիրքերում միասին կանգնած գիշերը զրուցելիս ասում էիր, որ հեռու են, շատ հեռու։ Մենք խոսում էինք էդ մասին ու ցրում քունը գլխներիս, բայց ես հիմա եմ հասկանում, որ քնելուց բացի էլի բաների դեմն է առել էդ զրույցը»,-գրում է Խաչիկը, ապա հիշում ընկերոջ խոսքը. «Դու ասում էիր, որ ամենամեծ ուժը միտքն ունի, մտքի ճանապարհն է լավագույն տարբերակը ամեն ինչ հնարավոր դարձնելու»:

Խաչիկը պատմեց, որ ընկերը՝ Լևոնը, կիթառ էր նվագում, ուներ հեղինակային երգ, որը սիրողական նկարահանել և տեղադրել էր «ֆեյսբուք» հարթակում: Ընկերոջ անդառնալի կորստից հետո որոշեց՝ երգը պետք է գործիքավորվի և նոր ծնունդ տա: «Նեմրա» խմբի հիմնադիր անդամ, երաժիշտ Վան Եղիազարյանին պատմեց Լևոնի և նրա հեղինակային երգի մասին, առաջարկեց գործիքավորել: Առաջարկը սիրով ընդունեց «Նեմրա» խումբը և անմահացած Լևոնի հեղինակային «Ուրիշ աշխարհ» երգն այսօր հասանելի է բոլորին:


Խաչիկը շատ ծրագրեր ունի, բայց ճիշտ չի գտնում դրանց մասին նախապես խոսել: Եվս մեկ անգամ հիշեցնում է՝ հաջողությունների ճանապարհն անխոչընդոտ չի լինում, իսկ դժվարությունները մարդու համար են:

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ

«Եթեր» շաբաթաթերթ, 19.05.2022 թ.