You are currently viewing Խաչով և հավատով կհաղթենք

Խաչով և հավատով կհաղթենք

2020 թվականի չարաբաստիկ աշունը հիմնովին փոխեց մեր պատմության ընթացքը, մեր երազանքերն ու ծրագրերը, կյանքն ու կենցաղը։ Վշտին վիշտ ավելացավ, ցավին՝ ցավ, սուգին՝ սուգ… Ավելացան մեր պարտավորություններն ու պարտականությունները։ Նահատակների հիշատակի առջև նոր խորաններ կառուցվեցին։ Երդման խոսքերը հավատի ակոսներ են փորում։ Առտնին մեր հոգսերում մեզ սնում է հրաշքի վերելքը, հուսադրում հոգևոր շրջադարձը. հոգու պաշարումը ճեղքելով միայն ֆիզիկական տարածքներ կարող են ազատագրվել…

Հոգևոր- մշակութային արժեքներն առաջնակարգ տեղեր են զբաղեցնում հուսահատ իրավիճակներում, հուսավառ լիցքերով մղում առաջ, բացում տեսադաշտի ու կենսակերպի նոր հորիզոններ։ Հայ երգարվեստի գոհարները վերածվում են շարժիչ ուժի։ Կոմիտասի, Եկմալյանի, Կարա Մուրզայի ստեղծագործություններին նոր թափ է հաղորդում ԱՀ «Մռակած» պետական կամերային երգչախումբը (հիմնադիր և ղեկավար՝ ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Մարինե Մեսրոպյան)։

Երգչախումբը, որը 2000 թվականից ստանձնել է դասական երգարվեստի քարոզումն ու զարգացումը, համեստորեն շարունակում է իր առաքելությունը։ Ստանալով ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի օրհնությունը՝ երգչախումբը Խաչի երևման տոնը նշանավորեց «Խաչով և հավատով կհաղթենք» խորագիրը կրող համերգով։ Ստեփանակերտի Սուրբ Մարիամ Աստվածածին առաջնորդանիստ մայր տաճարի ներքասրահում երգչախումբը համախմբել էր արվեստասեր հանրությանը՝ մատուցելով հոգևոր, ժողովրդական, հայրենասիրական երգերի ընտրանի։ Նրանց բեմում միացել էին Ստեփանակերտի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի երգչախմբի սաները, որոնք հաճախում են Մարինե Մեսրոպյանի խումբը։ Եվ մասնավորապես հայրենասիրական երգերը նրանց մանկական շուրթերից հնչում են որպես աղոթք ու երդում։

— Հոգևոր, ժողովրդական և հայրենասիրական երգերը մեր հոգուց են գալիս և հոգիներ են մաքրում,- ասում է խմբավար Կարինե Այդինյանը,- հատկապես եկեղեցում այդ երգերը հնչում են այլ հնչերանգով ու խորհրդով՝ ընծայելով հույս, հավատ, սեր և խաղաղություն։«Խաչով և հավատով կհաղթենք» խորագիրը կրող համերգով է մեկնարկել նաև Արցախի թեմի և «Շուշիի կերպարվեստի պետական թանգարան» ՊՈԱԿ- ի համատեղ ջանքերով կազմակերպված ու նույն խորագիրը կրող ցուցահանդեսը։

— Արցախյան գոյապայքարի, հոգևոր վերազարթոնքի թեմատիկայով շուրջ 50 ստեղծագործություն ներկայացրել են տարբեր տարիների Արցախ ժամանած հայ և արտասահմանցի լուսանկարիչներ ու գեղանկարիչներ,- պատմում է թանգարանի տնօրեն Լուսինե Գասպարյանը։- Նկարների մեծ մասում Շուշին է, որն արտահայտում է բոլորիս սերն ու կարոտն առ կորուսյալ բերդաքաղաքը, միաժամանակ հավատ ներշնչում, որ մի օր նորից կվերադառնանք ու կարարենք մեր երազների քաղաքում։

Հոգևոր- մշակութային երեկոյի նախաձեռնողներից Արցախի թեմի քրիստոնեական դաստիարակության և քարոզչության կենտրոնի տնօրեն Տեր Վաչագան քահանա Գյուրջյանը, ընդհանրացնելով երեկոյի խորհուրդը, նշում է, որ ցուցահանդեսը կգործի մինչև հունիսի 1-ը։ — Մայիսյան հաղթանակի տոները վերաարժևորելու, վերաիմաստավորելու, մեր ուժի աղբյուրը վերագտնելու տեսլիքով ենք կազմակերպել երեկոն՝ բաղկացած թեմատիկ ցուցահանդեսից և երգչախմբային կատարումներից՝ նվիրելով այն Խաչի երևման տոնին և Շուշիի ազատագրման՝ մեզ համար թանկ օրվան։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ