You are currently viewing ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՆ Է

ՆՊԱՏԱԿԸ ԱԶԳԱՅԻՆՆ ԱՆԱՂԱՐՏ ՊԱՀԵԼՆ Է

Երգիչ Տիգրան Հայորդու հետ զրուցել ենք արմատների, երգիչ դառնալու ուղու, արվեստի սահմանների, Արցախում ստեղծված իրավիճակի մասին։

– Տիգրան, զրույցը սկսենք ձեր արմատների մասին խոսելով։ Արմատների ուժն ինչքանո՞վ է կարեւոր մասնագիտական եւ հատկապես որպես մարդ կայացման գործում։

– Մարդ-արվեստագետի կայացման հարցում ամենակարեւորը հենց իր արմատներն են, թե որտեղի՞ց է նա գալիս։ Արմատներս Արեւմտյան Հայաստանից են։ Մորս պապը բնիկ Կարսից էր։ Եղեռնի հետեւանքով նա լքեց իր ծննդավայրը եւ 1915 թվականին հաստատվեց Արցախի Շուշի քաղաքում։ Արցախ աշխարհը մեր արյանը խառնել է յուրահատուկ մի գույն։ Ես Արցախի զավակ եմ ու ժառանգել եմ արցախցուն բնորոշ բոլոր հատկանիշները։ Չէ՞ որ յուրաքանչյուր տարածաշրջան ունի ներքին, անչափելի տիրույթ։

– Ի սկզբանե ուղենշվա՞ծ էր երգիչ դառնալու ճանապարհը։ Եվ հատկապես հիմա, եթե հետհայաց նայենք` որտեղից ուր եք հասել։

– Վստահ կարող եմ ասել, որ ի սկզբանե ուղենշված էր իմ ճանապարհը, որովհետեւ Արցախ աշխարհը ինձ տվել էր իր հոգու գույներից երաժշտության գույնը։ Ես ծնվել եմ երաժշտական ընտանիքում, հենց այդ տարիքից մեր ընտանիքում հնչում էին ժողովրդական եւ հայրենասիրական երգեր։ Մայրս պատմում է, որ մինչեւ խոսելս, ես կրկնել եմ նրա երգած փոքրիկ երաժշտական հատվածները։ Վեց տարեկանից մասնակցել եմ երաժշտական լուրջ մրցույթների, երգել տարբեր բեմերում։ Արդեն տասը տարեկանում կայացել է իմ առաջին մենահամերգը։ Եվ հենց այդ ժամանակից, թե՛ ես, թե՛ իմ ընտանիքը իմ ապագան տեսնում էինք միայն երաժշտության մեջ։ Երաժշտությունն արդեն իմ արյան մեջ էր։

– Տիգրան, արվեստը նույնպես սահմաններ ունի, որոնք, ըստ էության, արվեստագետի հայեցողությամբ է գծվում։ Ինչի՞ մասին եք հաճախ մտորում, անհանգստանում, ի՞նչը ձեզ հանգիստ չի տալիս ժամանակակից արվեստում եւ առհասարակ։

– Իմ կարծիքով երաժիշտը, երգիչը պետք է լինի բավականաչափ կիրթ եւ գրագետ, որպեսզի կարողանա իր սահմանները ճիշտ զգալ եւ պատասխանատու լինել այն ամենի առաջ, ինչ ինքը ներկայացնում է։ Հաճախ եմ մտորում եւ անհանգստանում, երբ հանրությանը ներկայացվում են անճաշակ, ո՛չ հայեցի կատարումներ ու գրավում են մեծ լսարաններ եւ դառնում օրինակ մեր նոր սերնդի համար։ Առավել անհանգիստ վիճակում եմ հայտնվում, երբ մեր ազգային, ժողովրդական երգերն են այդպես շեղված ու աղավաղված ներկայացվում։ Եթե մենք ճիշտ ենք ընկալում ու ներկայացնում ժամանակակից արվեստը, ապա անհանգստանալու առիթ չեմ ունենում։

– Ինչպես գիտենք, Արցախն արդեն մի քանի ամիս տեւող շրջափակման մեջ է, այսօր հումանիտար աղետի առաջ են կանգնած մեր հայրենակիցները։ Ի՞նչ ունեք նրանց փոխանցելու։

– Արցախիս հարցը ոչ միայն արցախցու, այլ նաեւ յուրաքանչյուր հայի գերագույն խնդիրն է։ Հայոց պատմությունը մեզ սովորեցնում է եւ օրինակ է հանդիսանում, թե ինչպես դարեր շարունակ սխալ քաղաքականության եւ անմիաբանության շնորհիվ մենք կորցրել ենք մեր հայրենիքի պատմական տարածքները եւ պետականությունը։ Այժմ նույն խնդիրն է ծառացել մեր առջեւ, եթե միաբան ու անհաշտ լինենք եւ հաշտվենք Արցախի կորստի հետ, ապա կկորցնենք ամեն ինչ։ Արցախի ժողովուրդը հերոսաբար դիմադրում եւ դիմանում է հանուն մեր հայրենիքի ապագայի։ Այո՛, հումանիտար աղետ է այնտեղ, որը քիչ է հետաքրքրում մեծ ազգերին եւ պետություններին, անկախ այն բանից, թշնամի են նրանք, թե բարեկամ, նրանք անպատասխանատու ձեւով անտարբեր են հինավուրց ազգի հանդեպ։ Միշտ հիշենք՝ Արցախը Հայաստանի դարպասն է։

– Այս օրերին Արցախի մասին երգելուց ի՞նչ եք զգում։ Այս դեպքում երաժշտությունը բժշկո՞ւմ է։

– Ինձ համար շատ դժվար է խոսել հոգեկան այն ապրումների ու զգացողությունների մասին, որոնք ես զգում եմ Արցախի մասին երգելուց։ Հոգու մեծ ցավ ու տառապանք է, կարոտը խեղդում է, անորոշ վիճակն անհանգստացնում։ Երգը կարող է տվյալ դեպքում թեթեւացնել, բայց բժշկել չի կարող, որովհետեւ 120.000 արցախցի յոթ ամիս է, ինչ վտանգի մեջ են ու թերսնված, հրետակոծությունների տակ ու առանց բժշկական օգնության։ Հոգեպես նրանց հետ եմ, մայրիկիս հետ։ Նրանց փոխանցում եմ հոգուս ողջ ջերմությունը, որ դիմանան ըստ արժանվույն արցախցու կամքի, լինեն միասնական, չտրվեն սադրանքների եւ Աստված տա, որ ինչ-որ հրաշք տեղի ունենա ու դրական ելքով լուծվի մեր հոգուն ցավ ու մրմուռ պատճառող խնդիրը։

Զրուցեց Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ