You are currently viewing ԱՐԱՐԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

ԱՐԱՐԵԼ ՈՒ ՍՏԵՂԾԱԳՈՐԾԵԼ ՄԻԱՅՆ ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ

Մերի Պետրոսյանը սովորում է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջում: Երգել սկսել է շատ պատահական ու անսպասելի։ Միաժամանակ որոշել է սովորել և ստանալ բժշկի մասնագիտություն: Նրա խոսքով՝ երգն ու երաժշտությունն երբեք անտարբերության չի մատնելու։

Երգել սկսել է տասը տարեկանից: Հաճախում էր թատերական խմբակ, որտեղ կային նաև մասնավոր վոկալի դասեր ու ինքն ավելի հետաքրքրությամբ սկսեց մասնակցել այդ դասերին, քան բեմական խոսքի, դերասանի վարպետության։ Եվ այդպես իր մեջ բացահայտեց երգելու շնորհը: Համոզվեց, որ երգարվեստն իր համար ավելի հարազատ է:

Դպրոցն ավարտելուն պես ընդունվեց Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական քոլեջ: Այժմ սովորում է 3-րդ կուրսում։ Այդ որոշմանը ընտանիքի անդամները ողջունեցին: «Նրանք ինձ միշտ ոգեշնչում ու աջակցում են»,-ասում է Մերին:

Էստրադային երաժշտությունն է նախընտրում: Քոլեջն ավարտելուց հետո նպատակ ունի ընդունվել պետական բժշկական համալսարան: «Ես երաժշտոթյունն ու բժշկությունն ասոցացնում եմ, երկուսն էլ սերտորեն կապված են իրար։ Երաժշտությունը հոգեպես է բժշկում մարդուն, իսկ բժշկությունը՝ ֆիզիկապես։ Միաժամանակ չեմ թողնելու երաժշտությունը: Երգով ու պարով հիվանդներիս կընդունեմ, կբուժեմ և կճանապարհեմ»,-ասում է մեր զրուցակիցը:

Իսկ երազանքների մասին խոսելիս Մերին առանձնացնում է միայն մեկը՝ մեր հայրենիքի խաղաղությունը: Նա մեջբերեց Մուրացանի խոսքերը. «Կա մեկ այլ մարմին, որն ավելի թանկ է, քան մեր սեփականը. դա հայրենիքն է»: Ասում է՝ ինչպես մարդու մարմնում սիրտը, այդպես էլ իր համար հայրենիքը: Արդեն որոշել է՝ առանց հայրենիքի ու հայրենիքից դուրս չի կարող ապրել և ստեղծագործել։