You are currently viewing ԴԱՆԻԵԼ

ԴԱՆԻԵԼ

Դանիելի ավարտական երեկոն էր: Ավարտելուց հետո նա պետք է զորակոչվեր բանակ:  Այդ երեկո նա վերջապես խոստովանեց իր սերը Արևիկին, որի հետ սովորում էր նույն դասարանում: Իսկական գեղեցկուհի էր Արևիկը՝ համապատասխան իր անվանը. երկար, շագանակագույն գանգուրներով, նույն գույնի խորիմաստ, պայծառ աչքերով, որոնք փայլում էին, ինչպես արևը անծայրածիր երկնակամարում: Այդ երեկո նա ավելի գեղեցիկ թվաց Դանիելի աչքերում, և մի պարի ժամանակ (ոչ՛ Դանիելը, ոչ՛ Արևիկը չհիշեցին, թե ինչ պար էր, որովհետև այդ պահին աշխարհը կանգ էր առել նրանց համար) Դանիելը խոստովանեց իր սրտում եղածի մասին: Այդ պահից ի վեր նրանք դարձան անբաժանելի, դարձան մեկ մարդ: Ռիժին, այսպես էին անվանում  Դանիելին ընկերները կարմրահեր լինելու պատճառով, մեկնեց ծառայության:

Դանիելի ծնողները՝ Ալինան, Լևոնը և, իհարկե, Արևիկը, մեծ ակնածանքով էին հիշում Դանիելի երդմնակալության արարողությունը, թե ինչ հպարտությամբ էր կրում զինվորի համազգեստը, որն, ի դեպ, նրան շատ էր սազում: Այդ օրը նա մի նախադասություն ասաց Արևիկին, որ երբեք չի մոռանա աղջիկը.

— Արևս,- ասաց Դանիելը,- ես գնում եմ, որ դու միշտ ժպտաս: Եվ մի բան հիշիր, ես մի սիրտ ունեմ, և այն միայն քեզ համար է բաբախելու:

Արևիկի դեմքը շառագունեց, և ի պատասխան՝ նա քնքշորեն համբուրեց Դանիելի այտը: Լևոնն ու Ալինան մեծ բավականությամբ էին հետևում այդ տեսարանին՝  մտովի մի քանի տարի ետ գնալով, հիշելով իրենց հանդիպումն ու այն հիացական հայացքները, որոնք ուղեկցում էին նրանց ամենուրեք,  այն հայացքները, որոնցով հիմա իրենք են պարուրում Դանիելին ու Արևիկին՝ նրանց մեջ ակամա իրենց տեսնելով:

Բանակային կյանքին Դանիելը հեշտությամբ հարմարվեց: Ինչպես դպրոցում, այստեղ ևս նա ծառայության իսկ առաջին օրերից սկսեց աչքի ընկնել կարգապահությամբ, սովորելու ձգտումով և ամեն բան կատարյալ անելու ունակությամբ: Դանիելը հրաշալի նշանառու էր, տասից տասը սկզբունքով դիպչում էր թիրախներին, ինչպես դա անում էր ֆուտբոլ խաղալիս՝ բաց չթողնելով որևէ գնդակ: Նա հաճախ էր խոսում ծնողների և Արևիկի հետ: Մոր հետ խոսելիս մի օր ասաց.

— Մամ, էստեղ ամեն բան հրաշալի է, բայց ես շատ եմ ուզում տեղափոխվել ու ծառայել Արցախում:

Խոսափողից այն կողմ մայրը երկար լռեց:

— Մամ, դու չե՞ս ուզում, որ ես գնամ, հայրենիքս պաշտպանեմ:

— Դու այդտեղ գտնվելով էլ պաշտպանում ես հայրենիքդ,- ի վերջո լսվեց Ալինայի զսպված, հուզմունքից դողացող ձայնը:

Մոր հետ խոսելիս այս միտքը հաճախ էր կրկնում Դանիելը՝ չպատկերացնելով, որ ծառայության յոթերորդ ամսում նա առաջին անգամ կռվելու էր հայրենիքի սահմաններն անառիկ պահելու համար:

Համարյա վերջանում էր հուլիսյան կարճ գիշերներից հերթականը, և լուսինն իր տեղը կամաց-կամաց զիջում էր արևին:  Այսպիսի մի հիասքանչ տեսարանով էր ամեն առավոտ արթնանում Տավուշը: Սակայն հուլիսյան հետևյալ առավոտը բացվեց սովորականից շուտ, բայց ոչ սովորականի պես: Լսվեցին կրակոցներ, որոնք շարունակվեցին ամբողջ օրվա ընթացքում: Հակառակորդը հարձակման էր անցել:

— Կպա՜վ,- բացականչում էին տղաները հակառակորդի ամեն մի անօդաչուն խոցելիս:

Ամռան այդ շոգ ամիսը չափազանց անհանգիստ անցավ սաղարթախիտ անտառներով շրջապատված Տավուշում:  Դանիելի գլխում ամեն վայրկյան պտտվում էր Արցախ տեղափոխվելու միտքը:  Վրա էր հասել աշունը: Փողոցներն ու մերկ մայթերը կամաց-կամաց սկսում էին հագնել իրենց ոսկեգույն զգեստները, որոնք արևի ճառագայթներից շլացուցիչ տեսք էին ստանում, բայց այս գեղեցիկ աշնան սեպտեմբերյան լուսաբացներից քսանյոթերորդը նույնքան գեղեցիկ չբացվեց, որքան սպասվում էր: Պատերազմ էր սկսվել: Փամփշտախառը անձրև էր թափվում Արցախի երկնքից, և այդ տեղատարափից ոչ բոլորն էին հասցնում պատսպարվել՝ կուլ գնալով նրա մետաղյա կաթիլներին: Կռվում էին տղաները: Պատերազմի դաշտում ամեն բան կանգ էր առել: Օրերի և ամսաթվերի, ցերեկվա և գիշերվա փոխարեն նրանք կրակված փամփուշտներն էին հաշվում: Դանիելի ջոկատը կարճ ժամանակով փոխարինվեց: Լուռ նստել էին տղաները: Նրանցից յուրաքանչյուրը խորասուզվել էր սեփական մտքերի հորձանուտում:

— Տղեք,- լռությունը խախտելով՝ ասաց Դավիթը,- հիշու՞մ եք այն օրը, երբ տագնապ տվեցին զորամասում, ի՛նչ արեց Ռիժին,- և նայելով նրան՝ ակամա ժպտաց:

— Իսկ ի՞նչ է արել,- հետաքրքրությամբ հարցրեց Արսենը:

— Ուրեմն,- սկսեց Դավիթը,- տագնապ է լինում: Էս Դանիելս հանգիստ բացում է իր դարակը, հանում իր թանկարժեք, և դա իրոք թանկարժեք էր, հավատացնում եմ բոլորիդ, պարֆյումը, ու ինքը օծվում է՝ հերիք չի, մեզ էլ հետն է օծում: Տղաները սկսում են ծիծաղել:

— Բա հետո՞,- հարցրեց տղաներից մեկը՝ չկարողանալով թաքցնել ժպիտը:

 — Տղեքը հարցրին. «Ա՛յ Դանիել, ի՞նչ ես անում»: Դանիելս էլ, թե բա. «Այ ախպեր, որ գերի ընկնենք, չե՞ն ասի՝ Էս փնթիներն ովքե՞ր են»: Տղաները փռթկացին: Մի կուշտ ծիծաղելուց հետո Դանիելն ասաց.

— Տղեք, մի սիրուն երգ կա մոր մասին, ուզում եմ երգել, բայց մի խնդրանք ունեմ. տեսագրեք երգս, ու եթե հանկարծ ինձ բախտ չվիճակվի էստեղից ողջ դուրս գալ, տեսագրությունը մորս կհասցնեք: Տղաների աչքերն արցունքակալել էին: Նրանցից յուրաքանչյուրը մտքով տուն էր հասել, գրկել մորն ու ասում էր բոլոր կարևոր ու չասված խոսքերը:

Թեժ էին մարտերը: Մարտերից մեկում Դավիթն ընկավ: Դանիելը, ոչինչ հաշվի չառնելով, վերադարձել էր, գտել Դավթին:

— Ես գիտեի, որ դու կվերադառնաս, էն օրը դու նմանակեցիր Ֆրունզի կերպարը, ու մենք բոլորով բացականչեցինք՝ վերջացա՜վ, ոնց որ «Հին օրերի երգում», վերջացավ… Ես հավատում եմ, շուտով ամեն ինչ կվերջանա:

Դանիելը ընկերոջը դուրս էր բերում մարտի դաշտից, Դավիթը հանգավ Ռիժիի գրկում:

Աշունը շարունակում էր հերթով փոխել օրացույցի օրերը: Շարունակվում էր և  պայքարը: Այն տեղում, որտեղ նրանք էին, մի նռնենի կար: Դանիելը փորձում է մոտենալ ծառին, երբ նկատում է թշնամու արձակած հրթիռն, ու պատսպարվում նռնենու ստվերի ներքո: Հրթիռն ընկնում է: Շուրջբոլորը մթնում է: Ուշքի գալով՝ Դանիելը մի պահ սառում է՝ չհավատալով տեսածին: Նա մի քանի անգամ բաց ու խուփ է անում աչքերը, նայում չորս կողմը: Ագահորեն իր մեջ է կլանում աշնանային զով, բայց վառոդի հոտով հագեցած օդը:

— Ես ողջ եմ,- ինքն իրեն ասում է՝ համոզվելու համար, որ սեփական ձայնն է լսում: Դանիելը հանկարծ ցնցվում է: Նռնենին, որի շուքի ներքո ինքը պատսպարվել էր, ամբողջովին մոխրացել էր:

 — Դրանց խրամատ մի քանի գրանատ պիտի գցվի, ո՞վ կա, արծիվներ,- հետևյալ օրը լսվում է ռադիոկապի ձայնը:

— Ե՛ս կանեմ, կամանդի՛ր,- ասաց Դանիելը:

 — Էդ ովա՞,- հարցրեց հրամանատարը:

 — Ե՛ս եմ, կամանդիր — պատասխանեց Դանիելը:

— Ա՛յ տղա, ես էսպես ո՞նց իմանամ, եսը ովա,- լսվեց հակառակ կողմից:

— Դանիելը, կամանդի՛ր:

— Հա, Դանիել ջան, գրպաններդ, որտեղ որ հնարավոր է, գրանատ լցրու ու զեկուցիր:

— Պատրաստ եմ, կամանդիր,- քիչ անց զեկուցեց Դանիելը:

— Ապրես, Դանիել, հիշի՛ր, կարևորը անվնաս հետ գաս,- պատասխանեց հրամանատարը:

— Անպայման,- ասաց Դանիելը և սողեսող շարժվեց դեպի հակառակորդի դիրքեր, որը բարձունքի վրա էր:

— Դանիել,- քիչ անց լսվեց հրամանատարի ձայնը:

— Արդեն հասնում եմ,- պատասխանեց Դանիելը:

 — Տղեք, դուք կրակեք, անդադար կրակեք, որ դրանք գլուխները դուրս չհանեն,- ռադիոկապի մյուս կողմից հրամայում էր հրամանատարը:

Մի քանի անգամ հակառակորդի դիրքերը պայթեցնելուց հետո, վերադարձի ճանապարհին, իր վերջին շնչում գտնվող թշնամիներից մեկը մահացու վիրավորում է նրան: Դանիելն ընկնում է իր ազատագրած բարձունքի դիմաց:

— Բարձունքը մերն է, Դանիելը չկա,- արցունքները խեղդելով՝ ասաց զինվորներից մեկը՝ գիրկն առնելով Դանիելի մարմինն ու համբուրելով նրա դեռևս տաք ճակատը:

Ալինան, Լևոնը և, իհարկե, Արևիկը, մեծ ակնածանքով էին հիշում Դանիելի երդմնակալության արարողությունը, թե ինչ հպարտությամբ էր կրում զինվորի համազգեստը, որն, ի դեպ, նրան շատ էր սազում: Հիմա նրանց սիրտը մորմոքվում էր հպարտությունից, կարոտից ու այն քաղցրահնչյուն երգից, որ պատերազմի դաշտում տեսագրել էր Դանիելի՝ իրենց ու բոլորի սիրելի Ռիժիի  մարտական ընկերը՝ այն ծնողներին հասցնելու խոստմամբ:

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,

«Սցենարադրամատուրգիական արվեստ» 2-րդ կուրս