You are currently viewing Ազգի հարատևությունն ազգայինի մեջ է

Ազգի հարատևությունն ազգայինի մեջ է

Հայկական ակադեմիական երաժշտությունն առայժմ, ցավոք, Արցախում հնչեցնելու մենաշնորհը տեղի ազգային նվագարանների պետական նվագախմբինն է: Հունիսի 24-ի երեկոյան ցուցադրված համերգը նուրբ ու տեղին հիշեցում է. ազգի հարատևությունն ազգայինի մեջ է:

— Ազգային երաժշտությունն ակադեմիկ բարձր արհեստավարժ մակարդակով ներկայացնելն էր երեկոյի եզակիությունն ու տարբերությունը,- համերգի ավարտին` բազմաթիվ շնորհավորանքներից ու ձեռքսեղմումներից հետո ասում է նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը:- Մենք ներկայացրինք նվագախմբային ստեղծագործություններ, իհարկե, չհաշված երգերը, որոնք գրված են նվագախմբի համար: Այս գործերը լավ են հնչում մեծ նվագախմբի հետ, ինչը դեռ երազանք է մեզ համար: Իմ հեռանկարն է` խմբի 31 նվագողների թիվը 50- ին հասցնելը և դրանով մեր առաքելությունն իր նպատակին ծառայեցնելը` մեր ազգաբնակչության գեղագիտական մակարդակը բարձրացնելը:

Յոթ տարի առաջ տեղի ունեցած ազգային նվագարանների հանրապետական մրցույթի արդյունքում է ծագել Արցախում ազգային նվագարանների նվագախումբ հիմնադրելու գաղափարը: Նախարարության առաջարկությամբ Լևոն Սարդարյանը ստեղծել է մանկապատանեկան խումբ: Միջին և ավագ սերնդի երաժիշտներով հընթացս ընդարձակվել է նվագախմբի կազմը` մեծացնելով վստահությունը նորաստեղծ կոլեկտիվի հանդեպ: 2020 թվականին ԱՀ կառավարության որոշմամբ արդեն ստեղծվել է «Արցախի ազգային նվագարանների պետական նվագախումբ» ՊՈԱԿ-ը։ Գեղարվեստական ղեկավարը տեղեկացնում է, որ հիմնադրումից հետո կայացած համերգային անդրանիկ ծրագրին նվագախմբի երաժիշտների հիմնական կազմի հետ բեմում հանդես են եկել նաև հրավիրված երաժիշտ-կատարողներ՝ ՀՀ-ից (Միքայել Պետրոսյան՝ թավջութակ, Նեկտար Մղդեսյան՝ ուդ, Մարինե Բալումյան՝ սանթուր): Իրենց կատարումներով գեղարվեստական ծրագրին առանձին շուք են հաղորդել մենակատարներ Մարատ Հարությունյանը և Ֆիրուզա Արզումանյանը:

— Նվագախումբն ակտիվ գործունեություն էր ծավալում մինչև պետական կարգավիճակ ստանալը,- պարզաբանում է նվագախմբի տնօրեն Աշոտ Սարկիսյանը:- Պանդեմիան և պատերազմը խմբագրեցին Արցախում ամենաերիտասարդ նվագախմբի ծրագրերը: Պիտի ասեմ, որ չնայած վերականգնողական փուլ ենք անցել, բայց դեռ իրավիճակային ազդեցության գոտում ենք: Համերգին մասնակից ոչ բոլոր երաժիշտներն են հաստիքացուցակում ընդգրկված, բայց աշխատում են մեծ նվիրումով: Դե, իսկ ֆինանսների անբավարար քանակն էլ ստեղծում է խնդիրներ, որոնց հաղթահարումը մեծ լիցքեր ու գերլարում է պահանջում:

Տնօրեն Ա. Սարկիսյանը լիահույս է` բոլոր դժվարություններն անցողիկ են, և նվագախումբն էլ պետական հոգածությամբ համապատասխան ուշադրության կարժանանա:

Այդ մասին են վկայում ԿԳՄՍՆ նախաձեռնությամբ հանրակրթական դպրոցներում «Ազգային մշակույթը դպրոցում» խորագրով վերջերս կազմակերպված դաս- համերգները, որի նպատակն է մատաղ սերնդի շրջանում ամրապնդել ու հանրահռչակել ազգային երաժշտությունը:

— Ընդամենն օրեր առաջ ավարտվել է ազգային նվագարանների 5-րդ մրցույթը, որը շարունակում է բացահայտել երաժշտական տաղանդով օժտված մանուկներին ու պատանիներին,- հիշեցնում է ԱՀ ԿԳՄՍՆ մշակույթի և երիտասարդության հարցերի վարչության ժամանակակից արվեստի և մշակութային կրթության բաժնի պետ Ապրես Մարգարյանը:- Սա միտված է մեր ինքնության, մեր ազգային ու ժողովրդական արվեստի ավանդույթների պահպանմանը, զարգացմանը, տարածմանն ու փոխանցմանը` գալիք սերունդներին:

— Նվագացանկն ու երգացանկն արտահայտում են մեր ազգային ֆենոմենը, ավանդույթներն ու քաղաքակրթության սանդղակը,- նշում է նույն բաժնի գլխավոր մասնագետ Գալյա Ավանեսյանը:- Այս համերգը, որին մասնակցել են նաև երիտասարդ ու պատանի երաժիշտներ, իրենց կատարումներով ստիպեցին մեզ նորից զգալ մեր արյան գույնն ու մեր մաշկի բույրը: Նրանք վստահեցնում են, որ արդեն իսկ ստանձնել են Արցախում ազգային և ժողովրդական երաժշտության կրողի ու պահպանողի պարտականությունները:

Ազգային արժեքների տարածման մերօրյա նվիրյալներից մեկը քամանչահար Հակոբ Խալաթյանն է, որը նույնպես հրավիրված էր մասնակցելու համերգային ծրագրին:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ