You are currently viewing Երաժշտությունը` պայքարի ձև

Երաժշտությունը` պայքարի ձև

Երաժշտությունն ավետաբեր է։ Երաժշտությունը պայքար է պատերազմի, չար ուժերի դեմ։ Երաժշտությունը խաղաղության մարտահրավեր ու մարտակոչ է։ Ժողովրդի իմաստությամբ կայացած հայ երգը, հայկական երաժշտությունը միայն սեր է քարոզում, բարություն, գեղեցկություն։ Դա էր վկայում Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում կայացած համերգը, որին ներկա էին ԱՀ ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը, պաշտոնատար անձինք, արվեստասեր արցախցիներ։

Արցախի ազգային նվագարանների պետական նվագախմբի (տնօրեն՝ Աշոտ Սարկիսյան) և «Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի (տնօրեն՝ Էլինա Հարությունյան) համատեղ համերգի ուղերձներից մեկն էլ միասնության, համախմբվածության գաղափարն է։

— Շրջափակման պատճառով այս պահին մեր երաժիշտներից 5-ը գտնվում են Երևանում և չեն մասնակցում համերգին,- մեր զրույցում ասում է ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր Լևոն Սարդարյանը։- Այս համերգին չեն հնչի թառի ու քամանչայի հրաշագեղ նոտաները։ Արցախի պետական կամերային նվագախմբից էլ մեզ է միացել Ալինա Սեյրանյանը, որով ավելի է ընդգծվել մեր երաժշտական համախմբվածությունն ու ավելի հարուստ՝ երաժշտության հնարավորությունը։

«Մենք ենք, մեր սարերը» երգի-պարի պետական համույթի գեղարվեստական ղեկավար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Գարի Ավանեսյանը նշում է՝ քանի որ համերգը նվիրված է Արցախյան շարժման 35-ամյակին, ծրագրում հիմնականում ընդգրկված են հայրենասիրական կատարումներ: Համերգի առաջին րոպեներին հանդիսատեսը հարգանքի տուրք մատուցեց Արցախյան գոյամարտի բոլոր նահատակների լուսե հիշատակին։

— Արցախցի հանդիսատեսն այս անգամ էլ վայելեց հայ գուսանների և կոմպոզիտորների անզուգական ստեղծագործությունները,- օրվա ծրագիրն ամփոփում է Գ. Ավանեսյանը:- Համույթի ստեղծման պահից՝ 2000 թվականից, հանդիսատեսի հետ ձևավորել ենք հոգևոր- մշակութային կապեր, որոնք մեր ամեն մի հանդիպումից հետո ավելի են ամրապնդվում։ Իսկ համատեղ համերգի արդյունքում մեկս մյուսից մի նոր լավ բան ենք սովորում։

Երկու մշակութային կոլեկտիվներն ամուր կապեր ունեն Արցախի շրջանների, ՀՀ և Սփյուռքի արվեստասեր հանդիսատեսների հետ, որոնք միշտ և ներկայումս առավել քան երբևէ սրտի տրոփյունով են սպասում երաժշտական հանդիպումների։ Լ. Սարդարյանը և Գ. Ավանեսյանը նշում են՝ առայժմ նպատակ ունեն հանդես գալ Արցախի այն բոլոր բեմերում, որտեղ կա ծրագիրը ներկայացնելու հնարավորություն, իսկ կյանքի ճանապարհն ապաշրջափակվելուց հետո անպայման կմեկնեն հյուրախաղերի:

«Արցախյան շարժում» անվամբ հայտնի «համազգային զարթոնք- ազգային վերածնունդն» ընդմիջվեց պարտությամբ. 1990- ականներին ազգային երազանքի բարձունքը նվաճած հայորդին 2020 թվականին հազիվ փրկվեց բնաջնջումից՝ դառնալով նոր հենք ու հիմք, հայրենի հողում մխրճված խարիսխ, որին հնարավոր է կառչել տանուլ տված ճակատամարտից հետո ծնկից բռնելու և կրկին բարձրանալու նպատակի հետագծով։

ԱՀ ԿԳՄՍ նախարարության նախաձեռնությամբ կշարունակվի պետական համույթների համատեղ բարեգործական համերգների շարքը, որի նպատակը համերգային կազմակերպությունների ստեղծագործական ռեսուրսների համատեղման արդյունքում առավել որակյալ մշակութային արտադրանքի ստեղծումն է: Համատեղ համերգների մեկնարկը տրված է: Առաջին համերգը նվիրված էր «Արցախյան շարժում» վիրավոր հոբելյարին, որի վերածնունդն առջևում է։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ