You are currently viewing Շուշիի «Վարդանդա» երգչախումբը 30 տարեկան է

Շուշիի «Վարդանդա» երգչախումբը 30 տարեկան է

Փրկչական 1992-ին հիմնադրվեց ազատագրված Շուշիի «Վարանդա» երգչախումբը։ Երիտասարդ խմբավար, շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանը, որը համազգային զարթոնքից հետո Արցախ ոտք դրած առաջին երեք սփյուռքահայերից մեկն էր, երգի շուրջ համախմբեց բերդաքաղաքի մանուկներին ու պատանիներին և փորձում էր երգով նրանց դեմքին ժպիտ նորոգել։ Ուղիղ 30 տարի ժպիտ նորոգելու գործընթաց է «Վարանդայում», քանզի չար հեգնանքով 30-րդ հոբելյանական համերգի փորձերին պատրաստվելիս դարձյալ կորցրինք մեր Հայրենիքի հեգ մի կտորը՝ Բերձորը, Ներքին Սուսն ու Աղավնոն։


Երգչախմբի համերգացանկում անխառն կարելի է շոշափել ժամանակի զարկերակը, որ 120 մանուկներն ու պատանիները փոխանցում են որպես ժամանակագրություն ու մեր օրերի պատմություն։ Նոր խմբերգերի առաջին կատարումներն ամբողջացրին 30 տարվա 30 համերգների ընթացքում «Վարանդա» երգչախմբի խթանումով ծնունդ առած շուրջ 170 խմբերգերի գողտրիկ փունջը։ Եվ մաս կազմեցին 30 տարվա իրենց գործունեության ընթացքում հնչեցրած այն 500 խմբերգերի, որոնք ներկայացնում են հայ և օտար դասական, ժամանակակից ու ժողովրդական երգերի՝ ճաշակով ու խնամքով կազմված ընտրանին։


30 տարվա ընթացքում՝ 200 համերգ, որով պարոն Զաքարի 700 «երգող սատանաները» հանդես են եկել Արցախի շրջաններում, դպրոցներում, զորանոցներում, Հայաստանում ու Լիբանանում՝ հյուրընկալվելով քույր «Կարկաչ » և «Այգ» երգչախմբերին։ Խմբի մասին պատրաստվել են երկու վավերագրական ֆիլմեր, ձայնագրվել է հայ դասական հոգևոր խմբերգերի «Բերդաքաղաք» խտասալիկը։


30 տարվա ընթացքում համավարակը խոչընդոտեց երգչախմբի երթին։ 2020 թվականի պատերազմն էլ աննկարագրելի ավեր բերեց «վարանդաբնակների» հոգիներին ու կորստի ցավին անհաշտելի մորմոք խառնեց․․․ Անցյալ տարի «Երգող Արցախ»-ը ձոնված էր խմբավարի՝ նահատակված հինգ սաների ու նրանց զինակիցների հիշատակին։ Ցավոք, այս տարվանը՝ խմբավարի սիրելի հայրիկի՝ լուսահոգի Տեր Արսեն քահանա Քեշիշյանի հիշատակին։


Այս անգամ, բարեբախտաբար, երգչախմբի նորափեսաների խանդը չէր, որ խանգարեց երիտասարդ աղջիկներին բեմ բարձրանալ։ Որդեծնությունն ու սերը։ Նախորդ տարի տասն ամուսանացած աղջիկները մայրացան, երեքին այս տարի պսակեցին, մի քանիսին էլ նշանեցին, մյուսները՝ սիրահարվեցին․․․


«Վարանդա» երգչախմբի հիմնադրման 30-ամյակին նվիրված սեպտեմբերի 10-ի համերգին ներկա էին ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը, ԱՀ օրենսդիր ու գործադիր մարմինների ներկայացուցիչներ, երգը սիրող, երգով ապրող, երգ ստեղծող մեր հայրենակիցները։ Երեկ երեկոյան երկրորդ անգամ «Վարանդայի» համերգն ավարտվեց Ազատամարտիկների պուրակում, 2020 թվականի աշնանային պատերազմում զոհվածների հուշատախտակի մոտ՝ «Երազ իմ երկիր հայրենի» երգով։


«Վարանդան» «Երգող Արցախ» համերգով հանդես կգա սեպտեմբերի 12-ին, իսկ սեպտեմբերի 19-ին շվիահար, դուդուկահար Զաքար Քեշիշյանը դաշնակահար Նադեժդա Հակոբյանի հետ հանդես կգան համերգային նոր ծրագրով։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ