You are currently viewing Ուրիշ աշուն/ Նարինե Ավագյան

Ուրիշ աշուն/ Նարինե Ավագյան

Դու չեղար այն աշունը, որին մենք սովոր էինք…
Տերևների փոխարեն կյանքեր ընկան,
անձրևի փոխարեն մարդկային
արցունքներից թրջվեցինք,
բերքի փոխարեն խոցված ԱԹՍ-ների բեկորներ
ու թշնամու նեխած մարմիններ ենք հավաքում
մեր հողի երեսից:
Դու ուրիշ եղար այս անգամ…
Ուրիշ աշուն՝ ուրիշ գույներով…

***

Ակնթարթի մեջ գրվեց
ապրածդ կյանքը…
Մի ամբողջ կյանք չի հերիքելու,
որ գրենք ապրածդ ակնթարթի մասին…

***

Այս աշնանը
սովորեցինք,
որ երկնքից նաև
արկի բեկորներ են թափվում։
Եվ միայն զինվորն է,
որ դառնում է պատնեշ՝
բեկորի և մանկան օրոցքի միջև…

***

Քո կյանքը մեր խաղաղության
գրավը եղավ…
Ջահվեցիր մատուռի պես,
բարձրացար երկինք,
որ լուսավորես գալիք սերունդների
անցնելիք ճամփան…
Դու մատուռվեցիր, ու խնկարկվում ես՝
չապրածդ ամեն ակնթարթի մեջ…
Քեզ ապրում են բոլորը…
Քեզ հիշելիս լռում են բոլորը…
Քեզ հիշում են… բոլորը:
Ամենքի համար և յուրաքանչյուրի՝
անցյալի սխալներն անվերադարձ
թաղելու ճանապարհին քո կյանքը,
որ մեր խաղաղության գրավը եղավ,
մեզ պարտադրում է ապրել:

***

Դու սիրում էիր այս աշխարհը,
նրանում՝ ամեն բան…
Բայց ամենաշատը
հայրենիքդ էիր սիրում,
նրան էլ տրվեցիր անմնացորդ…
Այժմ մեկտեղվել եք,
և մեկդ մյուսից զատ
գոյություն չունեք…

***

Սահման մեկնելուց առաջ
ինքդ քեզ երդվեցիր՝
թշնամու ոտքը չի դիպչի քո հողին…
հեռացար՝ երդումդ որպես պատգամ
փոխանցելով հաջորդներին:
Եվ այսպես, ահա, արդեն քանի՜ տարի
թշնամու ոտքը բարձրանում է
և կախված մնում օդում…

***

Աղավնիները կապույտ երկքնում…
Վաղուց կորսված հստակ պատկեր,
որ շարունակում է գոյություն ունենալ,
միայն թե մենք վաղուց վերև չենք նայում…
Մեր հայացքներն ուղղել ենք մեր լեռներին,
որտեղ այս օրերին բույն են դրել մեր արծիվները…

***

Հայրենիքի սրտին գրվեց անունդ՝
պատմություն կերտող աներեր ձեռքով։
Եվ հիմա հայի օրորոցում
ճոճվում է երդումդ՝
նոր դեմք ու նոր ձայն ստացած…

***

Ես որդի չունեմ,
երեք դուստրերի մայր եմ,
բայց ձեր ընկած որդիներից
յուրաքանչյուրի հետ
մի քիչ մեռնում եմ…
Ձեր որդիք իմն են այսուհետ,
և ես պարտք եմ նրանց
իմ դուստրերի ապրած ու ապրվող
յուրաքանչյուր խաղաղ ակնթարթի համար…

***

Մայր՝ կռացած զավակի
անշնչացած մարմնի վրա…
Մայր՝ քարացած ներսից ու դրսից՝
անկարող՝ երգելու իր երգը,
սրբելու աչքից կախված արցունքը,
ապրելու իր բաժին կյանքը…
Մայր՝ հերոսածին, թողած իր վիշտը՝
ցրում է կասկածի ու վհատության ամպերը,
հորդորում և պահանջում՝ չնահանջել՝
ինչպես չի նահանջել իր հերոս որդին…
Մայր՝ Հայ Զինվորի…

***

Երկիր,
ես անընդհատ դեպի քեզ եմ գալիս՝
օրհնաջրերումդ մարմինս օծելու
և մատուռիդ ներսում պատարագվելու համար…
Վայրկյան անգամ չեմ երկմտի,
թե խնկարկումս պարտադրանք լինի,
ձեռքս բաց չթողնես, ուրիշ ճամփա չգիտեմ,
իմ ներսում կառուցվող բոլոր կամուրջները դեպի քեզ են բերում…
Երկիր,
քեզ սիրում եմ լեռնապարերիդ շշուկներով
և նախնիների կորցրած երազների հեռուներից…
Ինձ սրտիդ մոտ պահիր, կամ սրտիդ մեջ,
քանզի ուր էլ լինեմ՝ պիտի վերադառնամ քո արշալույսներին
և գրկեմ արևն այն, որ քո զինվորի աչքերում է ապրում…
Երկիր,
փայփայիր ինձ՝ ինչպես մայրը կփայփայի իր զավակին,
ես էլ որդիաբար կգուրգուրեմ հողդ՝
հարկ եղած դեպքում՝ ծնկներով անգամ…
Ինչպես էլ փչի ժամանակի քամին, քանի կամ՝ ես քոնն եմ,
այժմ, և միշտ, և հավիտյանս հավիտենից.
Ամեն: