You are currently viewing Ինքնաճանաչումը` նպատակին հասնելու նախապայման

Ինքնաճանաչումը` նպատակին հասնելու նախապայման

Արդեն 4 տարի է, ինչ անցկացվում է Մարդու իրավունքների և քաղաքացիական կրթության Youth On ամենամյա ճամբարը: 2019-ին, երբ ճամբարը կազմակերպվեց առաջին անգամ, կոչվում էր «Հոդված 3», ապա վերանվանվեց Youth On: Ճամբարի համակարգող Անուշիկ Ռշտունին ասում է, որ Youth On-ը փորձում է միավորել մարզերում ապրող երիտասարդներին, որպեսզի իրենց կարողություններն օգտագործեն համայնքային զարգացման ծրագրեր իրականացնելու համար:

-Ծրագրի բուն նպատակը հմտություններ փոխանցելն է, երիտասարդների կարողությունները զարգացնելը: Մենք նաև տալիս ենք ծրագրեր առաջարկելու և ֆինանսավորում ստանալու հնարավորություն՝այդ ծրագրերի իրականացման համար,-մանրամասնում է Անուշիկ Ռշտունին՝ ավելացնելով, որ ամեն տարի ընտրվում են որոշակի մարզեր, որտեղ ապրող երիտասարդները կարող են մասնակցել ճամբարին: -Փորձում ենք ընտրել մարզեր, որտեղ ավելի քիչ իրադարձություններ են տեղի ունենում՝ փորձելով ակտիվացնել այդ մարզերում ապրող երիտասարդներին, աշխուժացնել նրանց կյանքն ու բազմազան դարձնել հետաքրքրությունները,-շարունակում է զրուցակիցս:

Անուշիկ Ռշտունու խոսքով, հենց առաջին տարին ճամբարը հաջողություն ունեցավ, հայտերի թիվը հասավ 100-ի, հետագա տարիների ընթացքում թիվը գնալով ավելացավ: 2020-ին, համավարակով պայմանավորված, ճամբարի մի քանի փուլը կայացել է առցանց: Այդ տարի ճամբարին դիմելու հնարավորություն էին տվել Հայաստանի բոլոր մարզերի երիտասարդներին: Youth On-2022-ին մասնակցելու համար ընտրվել են Գեղարքունիքի, Տավուշի և Լոռու մարզերը: Մասնակիցների ընտրության հարցում առաջնահերթություն տրվել է այն երիտասարդներին, ովքեր ավելի քիչ են մասնակցել տարաբնույթ ծրագրերի:

5-օրյա ճամբարի ընթացքում մասնակիցները ստանում են որոշակի գիտելիքներ, զարգացնում են իրենց կարողությունները, քննադատական մտածողությունը։ Այդ օրերին մասնակիցները լսում են բանախոսություններ մեդիագրագիտության, մարդու իրավունքների մասին: Սովորում են ծրագրեր գրել, ապա ստացած գիտելիքները գործի դնելով՝ գրում-ներկայացնում են իրենց ծրագրերը, իսկ մասնագիտական ժյուրին ընտրում է դրանցից առավել հրատապն ու արդիականը, որից հետո ձեռնամուխ են լինում ծրագիրը կյանքի կոչելու գործին: Այս տարի իրականացվել է համայնքային զարգացման 7 ծրագիր։ Տավուշի մարզից Մանե Սարիբեկյանը նույնպես մասնակցել է ճամբարին։ Ասում է, որ Youth On-ն իր համար ինքնաճանաչման ևս մեկ հնարավորություն էր։ -Ճամբարից վերադարձա անմոռանալի հիշողություններով: Տպավորիչ էին և՛ հնգօրյա դասընթացները, և՛ ծրագրերի ներկայացման, իրականացման փուլերը։ Ձեռք եմ բերել նոր ընկերներ, ծանոթներ։ Երբևէ չէի մասնակցել դրամաշնորհային ծրագրի, առաջին փորձս հենց ճամբարի շրջանակներում ներկայացրած երկու ծրագրերս էին. մեկը անհատական ծրագիր էր, մյուսը՝ ընկերներիս հետ միասին միջմարզային ծրագիր: Երկուսն էլ հաջողեցին. դրամաշնորհ ստացանք։ Ճամբարը մեծ իրադարձություն էր իմ կյանքում, որոշակի ներդրում՝ նաև մեր համայնքի համար,- ասում է Մանե Սարիբեկյանը:

Ճամբարականներից Մարինա Սոլոյանն իր հայրենի Լոռու մարզի Մեծավան գյուղում իրականացրել է ծրագիր, որի շրջանակում, գյուղական բակային խաղը դարձրել է համայնքի մշակութային ավանդույթների վերականգնման գործիք:

-Ճամբարի ամեն օրն ինձ համար շատ հագեցած էր: Օրվա վերջում հաճելի հոգնածություն էի զգում ու ներքին բավարարվածություն: Ձեռք բերած գիտելիքների շնորհիվ կարողացա ի մի բերել, համակարգել վերջին տարիների ընթացքում իմ մեջ խմորվող տարբեր գաղափարները և իմ գյուղում ստեղծել մի բան, որի կարիքը ինքս զգացել եմ այնտեղ ապրելու տարիներին։ «Բերդի գրավումը» այժմ ինտելեկտուալ-զվարճային, ժամանցային խաղ է, որի համար ունենք հատուկ պատմական հագուստ, ունենալու ենք առանձին դաշտ իմ գյուղում` Մեծավանում։ 2023-ից խաղը կշարունակի իր ճանապարհը Հայաստանի մի շարք գյուղերում։ Նպատակս Մեծավանում Արվեստի տուն հիմնելուն։ Youth On-ի հետ դրեցի իմ մեծ նպատակի հիմքը, սկիզբը, որին նեցուկ եղավ սիրելի արտիստ Վարդան Պետրոսյանը. իր «Խոստում» մենաներկայացումը խաղաց Տաշիրի մշակույթի տանը: Նեցուկ եղան Տաշիրի համայնքապետարանը, բոլոր այն մարդիկ, որոնց ոգևորել էր մեր «Բերդի գրավումը» և Արվեստի տան գաղափարը։ Այժմ քայլելու եմ առաջ՝ գիտելիքների իմ նոր պաշարով ու ամենագլխավոր ու ամենաթանկ ձեռքբերումով՝ արևի հետքերով գնացող մարդկանցով,-ասաց Մարինա Սոլոյանը։

Նշենք, որ Youth On -ը երիտասարդական ծրագրերից բացի իրականացրել է նաև «Շունչ» ծրագիրը՝ մեծահասակների համար: Ծրագրի շրջանակներում նրանք ծանոթացել են մեդիագրագիտության հիմունքներին, նաև իրականացվել է առողջ ապրելակերպին ուղղված դասընթաց:

ԻԶԱ ԱՍԾԱՏՐՅԱՆ

ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետի լրագրության բաժնի, 4-րդ կուրսի ուսանողուհի