You are currently viewing Նա մարդացավ որպես չափանիշ

Նա մարդացավ որպես չափանիշ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Ո՞ւր է Աստված, որ այս ամենն ստեղծել է, որ կարգում է գիշերային պահակության ժամերը, որ ինձ զատում է երկրի չորքոտանիներից ու երկնքի թռչուններից» (Հոբ. 35;11):

Այսօր մարդիկ գաղափարների պակաս չեն զգում, գաղափարներ, որ լվանում են ու մաքրում ուղեղը ողջախոհությունից և օծում այն ապուշության յուղով:

Դրանց շարքում հատկապես բազմազան ու բազմաբովանդակ են մարդ էակի ծագման որոշակի «մանրամասներ» ներկայացնող որոշ գաղափարներ, որ իրենց հոգու պարտքը համարեցին երկնել մարդկության «լուսավոր» ու «լուսակիր» զավակները: Սույն գաղափարները իրենց «առկա» աղաղակող փաստերի աղմուկով խցանել են մարդկության ականջները, իսկ բացակա փաստերը իրենց լռությամբ հարուցել են մնացած առանձին անհատների անփարատելի կասկածները:

19-րդ դարի երկրորդ կեսին սկիզբ առած «այլընտրանքային ծագման» շարժումը այսօր համալրվել է շատ այլ վարկածներով. հնարավոր է մեր սերմերը տիեզերքից են երկիր ընկել, միգուցե մենք այլմոլորակայինների գիտափորձերի արդյունք ենք: Գիտության մեջ առաջացել է մի ճյուղ, որի ամենավերջին ուսումնասիրությունները փաստում են, որ ժամանակակից մարդը դեգրադացիայի արդյունք է` իր նախնիների հետզարգացած տարբերակը:

Երբ խորհրդային անծայրածիր երկրում «դարվինիզմ» անվան տակ ջատագովվում էր մարդու պրիմատածին ծագումը, Դարվինն ինքը տարիներ առաջ` մահվան մահճում, հրաժարվել էր իր ոչ լիարժեք գիտական տեսությունից: Թեև Դարվինը ուղղակիորեն չէր ասում, թե մարդու նախնին կապիկն է, այլ ասում էր, թե կապիկն ու մարդը ունեն միևնույն նախնին, այնուամենայնիվ, տարբերություն չկա. ասելիքը նույնն է: Դարվինին մտահոգում էր պակասող միջանկյալ օղակը: Նրա գաղափարները չանտեսվեցին նրա արկածախնդիր հետևորդների կողմից: Նրանք սկսեցին զարգացնել պակասող օղակի մասին տեսությունը` իրենց աշխատություններում բոլոր մանրամասնություննով նկարագրելով դեռևս անհայտ գտածոյին: Շուտով հայտնվեց նաև գտածոն, բնականաբար`շինծու: Եվ այսպես, տարիներ շարունակ այդ «շինածոները» հաջորդեցին իրար և խայտառակ կերպով մերկացվեցին. պակասող օղակի ներկայացուցիչները իրենք էլ գլխի չեն ընկել, որ իրենք իրե՛նց մասին վարկած են առաջ քաշել, որի ապացույցները իրենց կենդանության օրոք գտնել հնարավոր չէր լինի: «Գիտական այրերը» ստիպված ներողություն խնդրեցին խաբված հանրությունից, ինչը, սակայն, այդպես էլ անհայտ մնաց երկաթե վարագույրից այնկողմ ապրող երջանիկ սովետական ժողովրդին, որը շարունակում էր դարվինիզմ դավանել:

Կա մի հետաքրքիր գիտական տեսություն` տելեգոնիան, ըստ որի, էգը ընդմիշտ պահպանում է առաջին արուի մասին ինֆորմացիան գենային մակարդակով: Այդ օրենքը տարածվում է նաև մարդկանց վրա` թե՛ սովորական` մարդ-մարդ, թե՛ անբնական ու գարշելի` մարդ-անասուն հարաբերությունների վրա: Արդեն Հին ուխտում մենք տեսնում ենք Աստծո ծայրահեղ, բայց օրինաչափ անհանդուրժողությունը այդ գարշելի երևույթի նկատմամբ, որ կոչվում է անասնապղծություն (Ել. 22;19): Այս անհանդուրժողությունը ոչ միայն պայմանավորված է բուն երևույթով, այլև դրա անխուսափելի ճակատագրական հետևանքներով: Մարդկությունը, Ադամի անկումից հետո, դժբախտություն ունեցավ մոռանալ իր Արարչին և «աստված» հռչակել արարածներին, և բոլոր ազգերն էլ իրենց դիցերի շարքում ունեն կարծես թե հենց անասնապղծության արդյունքում ստեղծված «աստվածներ»: Հրեաներն էլ նախապատվությունը տալիս էին հիմնականում «աստվածներին»` չնայած Աստծո բազմաթիվ հայտնություններին և սթափեցնող կոչերին. չէ՞ որ Նա այդ ազգի հետ կապված հատուկ ծրագիր ուներ: Ծրագիրը «ընտրության» շարունակականության և կատարման հերթական փուլն էր՝ Աստծո մարդեղացումը: Աստված մարդացավ որպես չափանիշ, որը պիտի օգներ մարդուն հասկանալ՝ Աստված իրեն պե՞տք է, թե ոչ: Չափանիշը ի սկզբանե ծափերով չընդունվեց, և դա բնական է, և շատ լավ է, որովհետև ընտրությունը չէր կայանա: Ըստ չընդունված չափանիշի, կառուցվեց փրկության Տապանը եւ սահմանվեցին այնտեղ հայտնվելու պայմանները, որ սովորաբար պարզ, մարդկային համարվող ցանկությունների հետ չեն համընկնում, ինչի շնորհիվ էլ կայանում է ընտրությունը: Այլընտրանքային ծագման տեսությունը, ըստ էության, նաև այլընտրանքային ընտրության ծրագիր է, որը օգնում է մարդուն հասկանալ՝ արդյոք Աստված իրեն պե՞տք է: Այն օգնում է մեծամասնությանը հասկանալ, որ, ի վերջո, պետք է ավելի «լայն» մտածել, քան պետք է Աստծուն հավատալու դեպքում:

Ընտրությունը շարունակվում է. ոմանք ընտրում են Աստծուն, մյուսները շարունակում են իրենց և ստորակարգ արարածների միջև միջանկյալ օղակի փնտրտուքները:

Աստծուն ընտրելը միայն նախասիրության խնդիր չէ, այլ մերժված պատվի և կորցրած արժանապատվության վերականգնման հարց:

Լ. ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ