You are currently viewing ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐՆ  ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԻՇԱՏԱԿՈՒՄՆԵՐՆ ԱՎԵՏԱՐԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ԱՅԼ ԱՂԲՅՈՒՐՆԵՐՈՒՄ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Սուրբ Ծնունդը քրիստոնեական եկեղեցու մեծագույն տոներից է: Քրիստոնեությունը բեկում մտցրեց մարդկության բարոյական գիտակցության մեջ` կարևորելով մեղքի ընկալման և մեղքը քավելու ոչ միայն նյութական, այլ նաև հոգևոր ու գիտակցական դրսևորումները։
Հիսուսի Ծննդյան մասին հիշատակումները սկսվում են Հին Կտակարանից, որտեղ ակնարկներ կան Մեսիայի Ծննդյան և փրկագործական տնօրինությունների մասին։ Եսայի մարգարեն ցույց է տալիս Հիսուսի գալստյան նախապատրաստումը Հովհաննես Մկրտչի կողմից. «Ձայն բարբառոյ յանապատի. Պատրաստ արարէք զճանապարհս Տեառն» (Եսայի Խ 3), ապա մարգարեանում է Հիսուսի Ծնունդը. «Ահա կոյսն յղասցի եւ ծնցի որդի, եւ կոչեսցեն զանուն նորա Էմմանուէլ» (Եսայի Է 14)։ Միքիան ասում է Հիսուսի Ծննդյան վայրը. «Եւ դու, Բեթղեհէմ, տուն Եփրաթայ, սակաւաւոր իցես լինել ի հազարաւորս Յուդայ, ի քէն ելցէ ինձ լինել իշխան Իսրայէլի, եւ ելք նորա ի սկզբանէ աւուրց աշխարհի» (Միքիա Ե 2): Սաղմոսներում հիշվում է Ծննդյան մսուրում մոգերի երկրպագությունը մանուկ Հիսուսին. «Թագաւորք Թարսսի եւ կղզեաց պատարագս մատուսցեն նմա. թագաւորք Արաբայ եւ Սաբայ պատարագս բերցեն նմա» (Սաղմոս ՀԱ 10): Հիսուսի Ծննդյան պատմությունը մեզ են ավանդել Մատթեոս և Ղուկաս ավետարանիչները։
Սուրբ Գրքից բացի Սուրբ Ծնունդն արտացոլվել է նաև առաքելական ժամանակներում ձևավորված և Եկեղեցու հայրերի կողմից մեզ փոխանցված Սրբազան ավանդության մեջ, որում տեղ գտած շատ դրվագներ, այդ թվում Հիսուսի Ծննդյան վերաբերյալ, Ավետարաններում բացակայում են։ Ուշագրավ են Աստղի երևման ավանդությունները, որը մեզ փոխանցել են Իգնատիոս Աստվածազգյացը (Բ դար), Հակոբ Մծբնացին (Դ դար), Հովհաննես Ոսկեբերանը (Դ-Ե դդ.), Զաքարիա Ա Ձագեցի կաթողիկոսը (Թ դար), Ներսես Շնորհալին (ԺԲ դար), Գրիգոր Տաթևացին (ԺԴ-ԺԵ դդ.) և այլք։
Հիսուսի Ծննդյան մասին ուշագրավ տեղեկություններ են պահպանվել մատենա-գրական աղբյուրներում։ Ժամանակագիր Անանուն Սեբաստացին (ԺԳ դար) հայտնում է Հիսուսի Ծննդյան օրվա, Հիսուսին այցելած մոգերին ուղեկցող զորքի թվաքանակի, Հերովդեսի հրամանով Բեթղեհեմում կոտորած մանուկների թվի մասին, իսկ Գրիգոր Տաթևացին իր հաշվումների հիման վրա եզրակացրնում է, որ Փրկչի Ծննդյան օրը շաբաթն է։
Հայոց Եկեղեցու հայրերի քարոզչության շնորհիվ ժամանակի ընթացքում Ավետարանի սրբազան պատումները դարձել են ժողովրդի հոգևոր մշակույթի մի մաս ու արտացոլվել ժողովրդական բանահյուսության մեջ՝ համեմվելով հայկական տարրերով։ Հայոց մեջ տարածված ավանդազրույցներից մեկի համաձայն՝ Մարիամը Հիսուսին այցելած երեք մոգերին ընծաներ է տալիս՝ ի պատասխան նրանց բերած ընծաների․ առաջինին՝ իր կաթով շաղախված նշխար, երկրորդին՝ Հիսուսի գլխի մազից մի փունջ, երրորդին՝ Հիսուսի պատկերը։ Մոգերն այդ նշխարների վրա վանքեր են կառուցում։ Մեկ այլ ավանդության համաձայն՝ Մշո Մոգունք գյուղի անունը կապված է երեք մոգերի հետ, քանի որ Հիսուսին տեսնելուց հետո վերադառնալիս մոգերն այնտեղ են գիշերել։ Ավանդազրույցներում հիշատակվում են նաև Բեթղեհեմում կոտորված մանուկների թիվը՝ 1462։
Ժողովրդական ավետիսները դարեր շարունակ Ծննդյան պատումի փոխանցման լավագույն տարբերակներից են եղել։ Դրանցում հիշատակվում են հովիվների կողմից Հիսուսին ոչխարներ ընծայելը, մյուսներում նկարագրվում են Մարիամի ծննդաբերությունը, Հիսուսի մկրտությունը։ Այլ տարբերակներում Հովհաննես Մկրտիչը ներկայացվում է որպես Հիսուսի կնքահայր, իսկ մեկ այլ ավետիսում կնքահոր դերում հանդես է գալիս Սիմեոն Ծերունին։ Մեկ այլ միավորում հիշատակվում է Եպրէսիմա անվամբ մի կին, ով Հիսուսին օրոր է ասել։ Ավետիսներից մեկում որպես Հիսուսի Ծննդյան վայր՝ հիշատակվում է տաճարը, որտեղ Մարիամը, մեջքը խաչքարին հենելով, Հիսուսին լույս աշխարհ է բերել։ Ավետիսների որոշ տարբերակում Հորդանան գետը անվանվում է «Վարդանա գետ»։
Հիսուսի Ծննդյան մասին ուշագրավ մոտիվներ են արտացոլված նաև ծիսամատյաններում, պարականոն գրականության մեջ և այլն։ Թե՛ Սուրբ Գրքում, թե՛ Սրբազան ավանդության մեջ, թե՛ մատենագրական աղբյուրներում, թե՛ բանահյուսության մեջ և թե՛ այլ աղբյուրներում սփռված Ծննդյան վերաբերյալ դրվագներն արտացոլվել են հայ և համաշխարհային արվեստի ու գրականության տարբեր ճյուղերում։ Այսօրինակ եղանակներով Ծննդյան թեմայի վերարտադրումը ոչ միայն մնայուն արժեք ստեղծելու նպատակ է հետապնդում, այլ նաև քրիստոնեական գաղափարները տարածելու և արմատավորելու կարևոր քայլ է։

Պատրաստեց
Հասմիկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆԸ

«Շողակն Արարատյան»