You are currently viewing ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

ՎԵՐԱՓՈԽՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

 Սուրբ Աստվածածինը մեր ազգի ամենասիրված սրբերից մեկն է, իսկ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը   նաև Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է, տոնվում է ամեն տարվա օգոստոսի 15-ին ամենամոտ կիրակի օրը:  Քրիստոսի համբարձումից հետո Մարիամ Աստվածածնի կյանքի մասին Սուրբ Գրքում ոչ մի հիշատակություն չկա, նրա մասին խոսում է միայն ավանդությունը:  Տոնի պատմությունը քաղված է սրբերի վկայաբանությունների «Հայսմավուրք» կոչվող գրքից:

Աստվածամայրը օրեր ու գիշերներ հարատևում էր պահքի ու աղոթքի մեջ: Հաճախ գնում էր Տիրոջ թափուր գերեզման և ծնկաչոք աղոթում: Ամենսրբուհի Կույս Մարիամի այս մարմնավոր կենցաղից հանդերձյալը փախադրվելուց առաջ նրա մոտ եկավ Գաբրիել հրեշտակապետը, և տվեց երկրից երկինք փոխադրվելու ավետիսը: Նա Սուրբ Աստվածածնի գլխին դրեց բրաբիոնե պսակը, որ բերել էր դրախտից:

Սուրբ Կույսը գնաց Ձիթենյաց լեռը, կանգնեց աղոթքի, և բոլոր բույսերն ու ծառերի տնկիները խոնարհվում և երկրպագում էին նրան: Եվ այսպես էր ասում Աստվածածինն իր աղոթքում. «Դու, Տեր իմ Հիսուս և Միածին Որդի, Դու Ինքդ խոստացար, որ կգաս ինձ մոտ և Քեզ կավանդեմ իմ Հոգին»: Այնժամ երկնքից ձայն լսվեց և նրան ասաց. «Չեմ թողնի քեզ, մայր իմ Տիրուհի, այլ կգամ քեզ մոտ և կկատարեմ ինձ ուղղված քո բոլոր խնդրանքները»:

     Երբ աղոթքն ավարտելով, Ս. Կույսը վերադարձավ  տուն, կանչեց իր բոլոր ազգականներին և այլ քրիստոնյա կանանց,    նրանց պատմեց իր սպասվող փոխադրման մասին: Սուրբ Կույսը ցանկացավ  ննջելուց առաջ հաղորդվել իր Միածին Որդու մարմնին և արյանը: Այն ժամանակ Հովհաննեսը կանանց և Աստվածամոր հետ ելավ Վերնատուն և պատարագ մատուցեց: Այդ ժամանակ Սուրբ Հոգու կանչով ամբողջ աշխարհից հավաքվեցին առաքյալներն ու յոթանասուն աշակերտները, ամեն մեկն իր գտնվելու վայրից, եկան հասան Աստվածածնի ննջմանը: Պատարագի ավարտից հետո բոլորը գնացին Ս. Կույսի տուն: Գիշերն անցկացրին հսկումով և աղոթքներով: Իսկ Սրբուհի Մարիամը առավոտյան՝ արևածագին, ձեռքերը վեր բարձրացրեց և աղոթեց առ Աստված, ապա պառկեց իր մահճում՝  սպասելով մոտալուտ մահվանը:

Հովհաննեսը, առնելով կիպարիսե մի տախտակ, բոլոր առաքյալների հետ աղաչում էր Աստվածամորն, ասելով.«Ո՛վ Տիրածին Կույս, քանի որ պատրաստվում ես գնալ Քո անձկալի Միածնի մոտ, վերցրու այս տախտակն ու օրհնիր այն, և հիվանդների բժշկության պատճառ թող լինի, մանավանդ բորոտների: Որպեսզի ովքեր ապավինեն քո բարեխոսությանը, իրենց անձերին առողջություն և ցավերին ու հիվանդություններին բժշկություն գտնեն»: Աստվածամայրը վերցրեց տախտակը խաչակնքեց և դրեց իր երեսին, թրջեց արտասուքներով և խնդրեց Աստծուն նրանով կատարել ամեն ցավի, առավել ևս՝ բորոտության բժշկություն: Եվ այդ պահին լուսեղեն կամար իջավ Սրբուհու վրա, և լսվեց մի ձայն, որ ասում էր. «Մայր իմ, կտրվի քեզ այն ամենն, ինչ կամենում ես»: Նույն ժամին մեծ որոտ եղավ, աստվածային անուշ հոտ բուրեց, և առաքյալներից բացի բոլորը թմրեցին: Աստվածամոր պատկերը նկարվեց փայտի վրա: Երկնքից իջավ Սուրբ Կույսի Որդին՝ երկնային զորքերի բազմությամբ, և հրեշտակապետները՝  Գաբրիելն ու Միքայելը, կանգնած էին նրա  առջև: Դրեց տախտակն Աստվածորդու առջև, Նա աստվածային աջով տեառնագրեց մոր նկարված պատկերը, և Աստվածամայրն իր կենդանագիր պատկերը տվեց առաքյալներին: Ապա զվարթ դեմքով ավանդեց իր սրբասնունդ հոգին ամենամաքուր Կույն իր Միածին Որդու ձեռքը:

Աննկարագրելի էր Աստվածամոր հոգու պայծառությունը, քանզի երևաց առավել սպիտակ, քան լույսը, մարդու ամբողջական պատկերն ու տիպարն էր կրում, տասնհինգամյա պատանու տեսքով՝ առանց արուի և էգի հատկանշական տարբերությունների: Այս տեսան բոլոր առաքյալներն ու զարմացան: Պետրոսը մեծագույն հիացմամբ տիրոջն ասաց. «Ո՞վ կարող է այսպես պայծառ արեգակի նմանվել, ինչպես Քո անարատ մայրը»: Տերն ասաց նրան. «Բոլոր մարդկանց հոգիներն էլ ի սկզբանե այդպես պայծառ եմ ստեղծել, ինչպես տեսաք Իմ Մոր հոգին, բայց մեղքերը սևացնում և աղտոտում են դրանք» :  Ապա պատվիրեց գնալ Գեթսեմանիի ձորը, պատրաստել մոր գերեզմանն ու մարմինն այնտեղ ամփոփելուց հետո երեք օր չհեռանալ տապանից: Ապա Տերը վերացավ երկինք: Այնժամ խմբվեցին սուրբ առաքյալները և քրիստոնյա կանայք, անարատ կույսի մարմինը պատեցին մաքուր կտավներով  և բարձրացնելով այն՝ դրեցին դագաղի մեջ: Վրան դրեցին բրաբիոնե պսակը, և առաքյալները, իրենց ուսերին վերցնելով, դագաղը տարան տապանում դնելու:

Երբ թաղման թափորը տանում էր Ս. Կույսի մարմինը, հրեաները, չար նախանձի մոլությամբ բռնված, ելան թափորի դեմ՝ սուրբ մարմինը գետնին գցելու մտադրությամբ, սակայն հանկարծակի բոլորն էլ կուրացան: Քահանաներից մեկը՝ Սոփոնիա անունով, ձեռքերով կախվեց դագաղից, որ  քաշելով՝ Սուրբ Կույսի մարմինը գետնին գցի, սակայն իսկույն ձեռքերը կտրվեցին արմունկներից և մնացին դագաղից կախված: Նա գետնին թավալվելով Սուրբ Կույսին Աստվածածին էր խոստովանում և ներում խնդրում առաքյալներից: Պետրոսը հանդիմանեց նրանց անիմաստ մոլուցքը, ապա առաքյալները սկսեցին խնդրել Աստվածածնին և մեր Տեր Հիսուս Քրիստոսին, որ բժշկի նրան: Ապա բռնելով բարձրացրին նրան և հասցրին կտրված արմունկներին, արմունկներն իսկույն միացան կտրված տեղերից ու նա  առողջացավ: Նրան տվեցին բրաբիոնի ոստերից մեկը, որ դնի հրեաների խավարած աչքերին, և ովքեր հավատացին, նրանց աչքերը բացվեցին և գնում էին նրանց հետ՝ փառավորելով Սուրբ Կույս Մարիամին: 

Առաքյալները Մարիամի մարմինը դրեցին գերեզմանում և երեք օր մնացին այնտեղ, պահպանելով գերեզմանը:

 Երեք օր գերեզմանից լսվում էր հրեշտակների փառաբանության ձայնը: Չորրորդ օրվա առավոտյան երկնային անմարմին զորքերի ուղեկցությամբ  Քրիստոսը իջավ բարձունքներից, և, առանց բացելու կնքված գերեզմանը, Կույսի աստվածընկալ մարմինը վերցնելով միավորեց հոգուն, առավ նրան և բարձրացավ երկինք՝ նստեցնելով նրան իր աջ կողմում՝ փառքի աթոռին:

Առաքյալներից  Բարդուղիմեոսը չէր ժամանել Աստվածամոր ննջմանը: Չորրորդ օրվա առավոտյան, երբ առաքյալներն աղոթում էին գերեզմանի վրա, Բարդուղիմեոսը եկավ, իմանալով  Աստվածամոր երկինք փոխադրման մասին, շատ տխրեց, որ չկարողացավ հրաժեշտ տալ Աստվածամորը: Այն ժամանակ Պետրոսը կարգադրեց բացել գերեզմանը, որպեսզի Բարդուղիմեոսը տեսնի Աստվածամոր մարմինն ու մխիթարվի:

Երբ բացեցին տապանը, տեսան, որ Կույսի մարմինն այնտեղ չէ: Եվ դրանից հետո առաքյալների ականջին վերևից ձայն լսվեց, որ ասում էր.«Տվեք Աստվածամոր փայտյա պատկերը Բարդուղիմեոս առաքյալին, որ նրանով մխիթարվի և տանի իր քարոզության երկիրը: Եվ Աստվածամոր մարմնի մասին մի երկմտեք, քանզի նրա Արարիչը և Որդին փոխադրեց նրան Իր մոտ»:

Այն երկիրն, ուր պետք է հետո Տիրամոր անձեռակերտ պատկերը տաներ Բարդուղիմեոսը, դարձավ Հայաստանը: Ահա թե ինչպիսի մեծ ողորմության արժանացավ Հայաստանը Տիրոջ կողմից. և Քրիստոսի, և Աստվածամոր անձեռակերտ պատկերներն իրենց հանգրվանը գտել են Հայաստանում, որը քիչ ժամանակ անց պետք է դառնար առաջին քրիստոնյա պետությունը:

Սուրբ Աստվածածինը հայերիս համար դարեր շարունակ եղել է գերագույն հարգանք վայելող բացառիկ անձնավորություն: Նրան են նվիրված մեր բոլոր եկեղեցիների ավագ խորանները: Նրա կուսական մաքուր կյանքը,  առաքինի վարքն ու աստվածահաճո ընթացքը եղան այն գրավականը, որով նա առանձնացավ աշխարհի բոլոր կույսերից, ընտրվեց Աստծո կողմից և Աստվածամայր դարձավ: Ուստի տոնի գլխավոր պատգամը մաքրակենցաղությամբ, սրբությամբ, բարոյական առողջ սկզբունքներով մեր կյանքն ապրելու պատգամն է:   

Աստվածածնի տոնին նաև մասնավոր կերպով ընդգծվում է Մարիամի մայրական կերպարը: Աստվածածինը հավատավոր, առաքինի, գթառատ մոր մարմնացումն է, ընտանեկան սրբության պահապանը, բարոյականության խտացումը:

Մեր օրերում օրեցօր արժեզրկվում են ընտանեկան սրբությունները, ոտնակոխ արվում ընտանեկան ավանդությունները, խամրում է հայ կնոջ, հայ մոր կերպարը: Բոլորս էլ քաջ գիտակցում ենք, որ մայրական զգացմունքն ու կոչումն են, որ բնութագրում են կնոջը, և առողջ ընտանիքն է հասարակության հիմնաքարը, ազգի գոյատևման նախապայմանը: Այսօր, երբ մեր շուրջն այսքան մոլորեցնող գաղափարներ են շրջում, պետք է վերարժևորենք մայրության գեղեցկագույն կոչումը հայ ազգի մեջ: Ընտանիքի սրբությունն է ազգի առողջության գաղտնի ուժը, երեխաների առողջ դաստիարակությունը քրիստոնեական շնչով: Մեր աղոթքն ու մաղթանքն է, որ հայ մայրերը Սուրբ Աստվածածնի պես մաքուր կյանք ապրեն և սուրբ պահեն իրենց ընտանիքները, Աստվածածինը բարեխոս լինի իր Միածին Որդու առաջհայ մայրերի համար, օգնի , որ սուրբ մնան հայ ընտանիքը, հայ կինը, հայ օջախը: 

ԽԱՂՈՂՕՐՀՆԵՔ

Վերափոխման տոնին սուրբ պատարագից հետո կատարում են խաղողի օրհնության կարգ և ապա օրհնված ողկույզները բաժանում ժողովրդին:

Հին Ուխտում սովորություն կար տարվա առաջին բերքը նվիրել Աստծուն կամ տաճարին (Բ Օրենք, 26:1-10): Դրանով նրանք իրենց երախտագիտությունն էին հայտնում Տիրոջն իրենց պարգևած բարիքների համար և Նրա օրհնությունը խնդրում: Նախաքրիստոնեական Հայաստանում էլ այս սովորությունը կար: Քրիստոնեական շրջանում այն նույնպես բարեպաշտական արարողությունների մաս կազմեց: Պտուղներից ընտրվեց խաղողը, քանի որ Հիսոուսն իրեն նմանեցնում էր խաղողի որթի (Հովհ 15:1) Ս. Աստվածածնի տոնը և խաղողօրհնեքը ծիսական տեսանկյունից իրար հետ որևէ առնչություն չունեն: Եղած կապը, թերևս, եղանակի հարմարությունն է, որ Ս. Աստվածածնի տոնը և պտուղների երախայրիքի օրհնությունը համատեղվել են: Խաղողի օրհնության ընթացքում աղոթքներ են հղվում ոչ միայն պտղի, այլև դրա մշակողի, ընծայողի, հողագործի և հողի համար` արարչից խնդրելով առատ, բերրի, բնական արհավիրքներից զերծ տարի:

Ասյպիսով` Խաղողօրհնեքը առհասարակ Աստծուց մարդուն պարգևված բերքի բոլոր տեսակի պտուղների օրհնությունն է:

Արթուր կսրկ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Արցախի թեմի ՔԴՔԿ փոխտնօրեն