You are currently viewing Թատրոնի միջազգային օրը Ստեփանակերտում նշանավորվեց առաջնախաղով

Թատրոնի միջազգային օրը Ստեփանակերտում նշանավորվեց առաջնախաղով

Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնում թատրոնի միջազգային օրվա կապակցությամբ ցուցադրված առաջնախաղով տրվեց նոր թատերաշրջանի մեկնարկը։ Երեկոն նվիրված էր նաև Արցախի թատրոնի հիմնադրման 91-ամյակին։ Կ. Բուաչիձեի «Բակում կատաղի շուն կա» տրագիկոմեդիան բեմադրել է ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը։ Նկարչական ձևավորումը՝ Զորիկ Գալստյանի։ Երաժշտական ձևավորումը՝ Անգելինա Բաբայանի։ Բեմում փափազյանցիներն էին՝ երիտասարդ, միջին և ավագ սերունդների ներգրավմամբ։ Թատրոնի գրական-գեղարվեստական մասի վարիչ Կարինե Ալավերդյանն իր խոսքում հիշեց նաև մեր թատրոնի երախտավորներին՝ դրանով հանդիսատեսի անունից նրանց հիշատակին մատուցելով հարգանքի տուրք և մեր թատրոնի պատմությունը ներկայացնելով որպես մշակութային հզոր փայլատակում՝ անցած ճանապարհի ոչ հայանպաստ մթնոլորտում։

— Արցախյան բեմում «Բակում կատաղի շուն կա» ներկայացումը ցուցադրվել է դեռևս 1966 թվականին,-հիշում է Կ. Ալավերդյանը,- երբ դերասանական մի աստղաբույլ (Բ. Օվչյան, Թ. Մելքումյան, Մ. Բալասանյան, Մ. Հարությունյան, Զ. Գևորգյան և ուրիշներ) կենսունակ էր պահում Ստեփանակերտի ամենասիրելի մշակութային միջավայրը՝ թատրոնը։ Տրագիկոմեդիային շուրջ 60 տարի անց երկրորդ կյանք պարգևեց արցախյան բեմի նահապետը՝ Քաջիկ Հարությունյանը, որպեսզի արցախցին այս դժվար օրերին կարողանա իր ժպիտով, իր ծիծաղով գոնե ժամանակավորապես մոռանա տխուր, մռայլ հոգեվիճակն ու շարունակի ապրել, արարել ու պայքարել, որովհետև այլընտրանք չունի։

— Մեր հանդիսատեսի խնդրանքին անսալով է, որ կատակերգություն ցուցադրեցինք,- ասում է Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Արմեն Հարությունյանը։- Որոշեցինք մի քիչ ժպիտ ու ծիծաղ պարգևել հանդիսատեսին։ Չնայած դրա ոչ սիրտն ունենք, ոչ տրամադրությունը, բայց պարտավոր ենք հարգել հանդիսատեսի առաջարկությունը, ինչն էլ արեցինք։

Արմեն Հարությունյանն անդրադարձավ նաև այն երկու նորատիպ գրքերի շնորհանդեսին, որով սկսվեց թատերական միջոցառումը։ Գրքերի հեղինակը Կարինե Ալավերդյանն է։

«Ստեփանակերտի Վ. Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տարեգրությունը 1932-2019 թվականներին» և «Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոն- 90» գրքերը գրվել են երկար տարիներ՝ շուրջ 20 տարի, և ահա դրվել են ընթերցողի սեղանին։ Շրջափակումը մեծ դժվարություններ առաջացրեց, հեղինակի բառերով, պատկերագիրքն ու թատրոնի պատմության գիրք-հանրագիտարանը Երևանից Ստեփանակերտ հասցնելու գործում, բայց տնօրենի անզիջում ջանքերի շնորհիվ գրքերը տեղ հասան շնորհանդեսից ընդամենը մեկ օր առաջ։ Դա հոբելյանական նվեր է և թատրոնի կոլեկտիվին, և հանդիսատեսին։ Հեղինակը գոհությամբ է հիշում բոլոր աջակիցների ու հովանավորների անունները։ Ասում է՝ գիրքը տպագրվել է ԱՀ ԿԳՄՍ նախարարության հովանավորությամբ։ Գրքի կնքահայրը ԿԳՄՍ նախկին նախարար և ներկայիս փոխնախարար Լեռնիկ Հովհաննիսյանն է։

— Ահռելի մեծ աշխատանք է կատարել Կարինե Ալավերդյանն այս տարիների ընթացքում,- ասում է Լ. Հովհաննիսյանը։- Գրքում ներկայացվածը մի նոր որակ հաղորդեց մեր թատրոնի պատմությանը։ Իսկ թատրոնն արվեստի ամենատեսանելի հատվածն է, որը գնահատում է հանդիսատեսը։ Մենք էլ պետք է գնահատենք թատրոն արարողներին՝ դերասաններին։

Լեռնիկ Հովհաննիսյանը շնորհավորեց նաև Կարինե Ալավերդյանի ծննդյան հոբելյանական տարեդարձի կապակցությամբ։ Նախարարության պատվոգիրը հոբելյարին հանձնեց ԿԳՄՍ նախարար Նորայր Մկրտչյանը։

Առաջնախաղից առաջ բարեմաղթանքի խոսքեր ասացին ԱՀ ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանը, գրքերի խմբագիր, պրոֆեսոր Սոկրատ Խանյանը, հոգեբան, պրոֆեսոր Արզիկ Մխիթարյանը։ Հանդիսատեսը վայելեց «Բակում կատաղի շուն կա» տրագիկոմեդիայի առաջնախաղը։

Օրվա ուղերձը, սակայն, մնաց նույնը՝ թատրոնի կոլեկտիվը պետք է վերադառնա և ստեղծագործական ուղին պետք է շարունակի սեփական հարկի տակ, ինչին ի պատասխան ասվեց, որ այդ ուղղությամբ քայլեր ձեռնարկվում են։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ