You are currently viewing Փոքրիկ հեքիաթ իրականության մեջ

Փոքրիկ հեքիաթ իրականության մեջ

«Լորիկ» մարդասիրական հիմնադրամը, գլխավորությամբ հայրենասիրական մղումներով գործունեություն ծավալող Շանթ Չարշաֆճեանի, հերթական ծրագրով կանգնած է արցախահայության կողքին: Հիմնադրամի հովանավորությամբ « Ծիլ» տիկնիկային ստուդիան «Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացմամբ իր շրջագայությունն է շարունակում Մարտունու շրջանում:
Մեզ հետ զրույցի ընթացքում Շ.Չարշաֆճեանը նշել է, որ Հիմնադրամի կողմից ցանկացած բարեգործական ծրագիր իրականություն է դառնում սփյուռքահայության հանգանակությունների շնորհիվ:
Հերթական ծրագիրը պետք է իրագործեին Ամանորի նախաշեմին Ամերիկայի Պըրպէնք քաղաքի, Հայ Հեղափոխական դաշնակցության ընկերների և Պըրպէնքի ՀՅԴ քույր կառույցների, ՀՄԸՄ Սիփան, ՀԵԴ Վարաք, Կայծակ պատանեկան, Հայ Դատի հանձնախմբի և ՀՕՄ Արազ -ի շնորհիվ հավաքված գումարով. «Գումարն արդեն կար, պետք է ձմեռ պապիկի շորերով բոլոր փոքրիկներին նվերներ բաժանեի, բայց շրջափակումը տարաբնույթ խնդիրների առաջ կանգնեցրեց: Այս ամիսներին անընդհատ մտածում էի, թե ինչ կարելի է նախաձեռնել, որպեսզի օգտակար լինենք փոքրիկներին, փորձենք միապաղաղ առօրյան հետաքրքիր դարձնել, միաժամանակ հնարավոր լինի դա իրականացնել այսօրվա ստեղծված բարդ ժամանակաշրջանում: Քննարկեցինք և որոշեցինք այս անգամ ներկայացումներով հանդես գալ»,-ասել է նա: Հայրենադարձ Շանթն իր ընտանիքով ապրելով Մարտունի քաղաքում, ծրագրերի իրագործման շեշտը դրել է Մարտունի, Ճարտար քաղաքների և շրջանի գյուղերի վրա: Նրա խոսքով ապրում է ժողովրդի հոգսերով ու խնդիրներով. «Ապրելով այստեղ ինձ համար ավելի հեշտ է այցելել գյուղեր, անհատապես ծանոթանալ ընտանիքների հետ, զրուցել նրանց առօրյա խնդիրների շուրջ և փորձել փոքր ինչ օգտակար լինել»,- նշել է զրուցակիցս: Դերասան, տիկնիկավար, « Ծիլ» տիկնիկային ստուդիայի հիմնադիր -ղեկավար Արմեն Գաբրիելյանի խոսքով ցանկությունը մեծ էր շրջել Արցախի գյուղերով նպատակ ունենալով տարածել հեքիաթը երեխաներին տեղափոխելով մի նոր աշխարհ. «Գյուղերում ապրող փոքրիկներն էլ են արժանի լավագույնին, նրանք չպետք է զրկված լինեն կյանքի գունավոր պահերը վայելելու հնարավորությունից: Իսկ թատրոնը լավագույն միջոցն է խոսելու նրանց հետ, լսելու և շատ բան սովորեցնելու նրանց»,- հատկանշել է նա:


«Բարեկենդանը» ինտերակտիվ ներկայացումով են հանդես գալիս փոքրիկ հանդիսատեսի առաջ, որը բեմականացրել է մեր համերկրացի Վովա Արզումանյանը: Ներկայացումը մեր բարբառով է, ինչը պատահական չէ ընտրված. «Մենք շատ կարևոր նպատակ ունենք ամեն գնով պահպանել մեր բարբառը: Այդ է նաև պատճառը, որ հիմնականում մեր ներկայացումները բարբառով են: Անկեղծ ասած շատերը կարող են հասկանալ, թե «Բարեկենդանը» բոլորին ծանոթ տարբերակով է մատուցվում, սակայն մենք ընտրել ենք այլ ճանապարհ. գեղարվեստական արտահայտչամիջոցներ չենք խնայել ու ամեն ինչ արել ենք երեխաներին այս հեքիաթը լավագույն տարբերակով մատուցելու համար»,- նշել է Ա.Գաբրիելյանը:


Փոքրիկ հանդիսատեսը մեծ սպասումներով և ուրախությամբ է դիմավորում «Ծիլ» տիկնիկային ստուդիային, տիկնիկավարը անկեղծանում է. «Այնքան պարզություն ու անկեղծություն կա յուրաքանչյուր երեխայի հայացքում… Հենց նրանք են պատճառ դառնում, որ մտածենք պետք է միշտ ստեղծենք ու խաղանք երեխաների համար: Նրանց երջանիկ ապրումները, անմիջական հետ շփումը նրանց հետ անբացատրելի է: Նրանց աչքերում նաև պայքարի ուժ կա, վճռականություն, հող հայրենին սիրելու և պաշտպանելու չմեկնաբանվող որոշում»,- ասել է նա: Ներկայացման կարևոր առանձնահատկություններից մեկն էլ ազգային ավանդական խաղերն են, որոնք հնարավորություն են տալիս երեխաներին ավելի աշխուժանալ, իրենց ուժն ու կարողությունները ցույց տալ: Բացի դրանից, բոլոր ներկայացումներին հաջորդում է հատուկ դաս, որի ժամանակ երեխաներն իրենք են պատրաստում ինտերակտիվ տիկնիկներ: Սա նաև զարգացնում է նրանց հմտություններն ու երևակայությունը: Շրջագայությունը շարունակվում է, ներկայացումներով հանդես կգան Մարտունու շրջանի բոլոր գյուղերում, նաև Մարտունի և Ճարտար քաղաքներում:

Նարինե ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ, «Ամարաս» թերթ