You are currently viewing Բախի, Բաբաջանյանի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ալբենիսի, Գալյանոյի, Թեոդորակիսի, Հեքիմյանի ստեղծագործությունները համերգային ծրագրում

Բախի, Բաբաջանյանի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ալբենիսի, Գալյանոյի, Թեոդորակիսի, Հեքիմյանի ստեղծագործությունները համերգային ծրագրում

Համերգի առաջին կատարումը՝ հանճարեղ կոմպոզիտոր, դաշնակահար Առնո Բաբաջանյանի «Նոկտյուրնը», մեկ րոպե լռությունից հետո նվիրվեց հայ պանծալի ազատամարտիկներին, որոնց արյամբ գնված ազատությունն է մեզ պարգևում մեր կյանքի ամեն մի վայրկյանը։

Արցախի պետական կամերային նվագախմբի՝ մայիսի 25-ին կայացած համերգին հնչել են հայ, համաշխարհային դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններից: Նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր, ԱՀ ժողովրդական արտիստ Գևորգ Մուրադյանն ասում է, որ պատերազմից հետո էլ շարունակում են կրթել ու ձևավորել հանդիսատեսի երաժշտական ճաշակը, որովհետև հանդիսատեսն իրենց ելույթներին անհամբեր է սպասում: Իսկ նվագախումբն աշխատում է ամենայն պատասխանատվությամբ։

Չարաբաստիկ համավարակի և պատերազմի պատճառով հետաձգվել էր Առնո Բաբաջանյանի 100-ամյակին նվիրված համերգը։ Այդ պատճառով երաժշտական հանդիպման մի ստվար մասը նվիրված էր անմահ կոմպոզիտորին։ Այն ներկայացրել է կոմպոզիտոր, դաշնակահար, ԱՀ արվեստի վաստակավոր գործիչ Սիմոն Սարգսյանը։

Բախի, Բաբաջանյանի, Սեն-Սանսի, Չայկովսկու, Ալբենիսի, Գալյանոյի, Թեոդորակիսի, Հեքիմյանի ստեղծագործությունները ներկայացրել են ինչպես նվագախմբի ավագ սերնդի երաժիշտները, այնպես էլ ստուդիայի առաջին սաները, որոնք արդեն խմբի լիիրավ անդամներն են։ Պատանի երաժիշտները ևս մենակատարների իրավունքով են բեմել։

Երգչուհի Գոհար Ալեքսանյանի կատարումները կարոտ ու թախիծ պոկեցին սրտահույզ հանդիսատեսից։ Նրա կատարումներից հոգի հագեցավ ու խռովք խաղաղվեց։ Համերգաշրջանի հովանավորը Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունն էր։ Համերգին ներկա էր ԱՀ պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ