You are currently viewing ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

ՉԱՓԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՔԻՆ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ

«Մեծ շահ է աստվածապաշտությունը՝ գոհության զգացումով հանդերձ»
(Ա Տիմ. Զ 6)

Չափավորության մասին պատկերացումները հասարակության լայն շրջանակներում տարբեր են, որովհետև երևույթի ընկալումը նախ և առաջ քրիստոնեական տեսանկյունից ընկալողները համաչափ են դարձնում ողջամտության հետ: Իզուր չեմ շեշտել ողջամտությունը, որը բարի և առաքինի մարդու կերպարին է բնորոշ, և դրանով են  նաև առարկայական դառնում մի շարք հատկանիշներ, որոնք շնորհվում են Աստծո կողմից, և մարդուս է վերապահված դրանց անաղարտությունը:
Չափավորությունը նաև կյանքի բանաձև է, որովհետև նա, ով ապրում է համեստ ու բավարար, Աստծուց ստանում է ավելին, որի մասին շատ  անգամ չէր պատկերացնում:
Գյուղացին տարին տասներկու ամիս աշխատում է և հալալ քրտինքով իր տունը պահում, երջանիկ ապրում, բայց չի գնում թանկարժեք օծանելիքներ և բրենդային զարդեր, որը ոչ այնքան կարևոր է, ինչքան իրեն անհրաժեշտ հացն ու պանիրը, սեփական հողում ցանած կանաչին: Գյուղացին,  բացի չափավորության օրինակ լինելուց, նաև միաբանության բացառիկ  օրինակ է, որովհետև, եթե մի գյուղում նման մարդիկ տասնյակից ավել են, ապա մենք նաև ներքին ու արտաքին մարդկային խաղաղություն ենք տեսնում, որը Աստծո կարևորագույն պատվիրաններից են:  Կարևոր է նաև ազատության մեջ չափավոր լինելը:  Երբ Աստծո ստեղծած մարդը, շեղվելով ճշմարիտ ճանապարհից, նախընտրում է այն իրը և այն առարկան, որը բոլորովին դեռ իրեն հրատապ պետք չէ, անտեսում է այն, ինչը ավելի մատչելի է, բայց առաջին անհրաժեշտության է, ապա չի կարող հասնել նրան, ինչին ուզում է: Մեկ է՝ դատարկաձեռն է մնում նա, ով երկրորդականը վեր է դասում առաջնայինից:
Մեր առօրյա աշխատանքում պետք է նաև ներքին համերաշխությանը հետևել՝ չափավորելով մեր խոսքը, գործը, բողոքներն ու պատկերացումները: Եթե ինչ-որ բան անում ենք տրտնջալով, ապա արդյունքը գոհացուցիչ լինել չի կարող, որովհետև ամեն ինչ չափի մեջ հանգիստն է կարևոր, և պետք չեն ավելորդություններ: Չափավորություն ասելիս ակամայից նաև մարդկանց դժգոհությունն եմ հիշում, երբ ինչ-որ բան շատ են ցանկանում և չի լինում, հարկադրաբար, ուրիշներին հակառակվելով և, այսպես ասած, մրցակցության մեջ մտնելով՝ անում են մի բան, որը ոչ միայն ներքին խռովության է հանգեցնում, այլև հատում է առաքինի մարդու խաղաղությունը:

«Լավ է մի պատառ համով հացը՝ խաղաղությամբ, քան միս ու բարիքով լի տունը՝ թշնամությամբ» (Առակ. ԺԷ1):

Ամենակարևորներից է այս պատգամը, որը ևս մեկ անգամ հիշեցնում է արդար աշխատանքի ու երախտագետ լինելու մասին: Մենք սովոր ենք, երբ ունենում ենք ամենալավ իրերը, ամենալավ ուտելիքը, ամենագեղեցիկ հագուստ… բայց սովոր չենք այդ ամենի համար երախտագետ լինել Աստծուն, որովհետև վերջիվերջո նա է մեզ ստեղծել, ու նա է այդ ամենը մեզ պարգևում:
«Երջանիկ է այն քաղաքը, որի բնակիչները ժրաջան են ու վայելում են իրենց աշխատանքի վարձը, ձեռք են բերել միայն ապրելուն անհրաժեշտ բաները և փախչում են ավելորդից ու զվարճություններից. կայքն ու կարասին, հագուստն ու տունը, կերակուրներն ու ըմպելիքները համեստ են ու չափավոր: Այնտեղ կարելի է տեսնել քաղաքացիների միջև խաղաղություն ու ընտանիքների միաբանություն, օրենքին հպատակություն ու մեծերի հանդեպ հնազանդություն, մարդահաճոների հանդեպ ատելություն, բարեսիրտների հանդեպ սեր և ուրախ ու ազատ կյանք»,-կարդում ենք Պողոս պատրիարք Ադրիանուպոլսեցու «Խրատի թանգարանում»:

Չափավորության մեջ ապրողը նաև խաղաղության մեջ է ապրում, քանզի հրաժարվում է օրվա մեջ բոլոր մտքերը նյութի վրա կենտրոնացնելուց: Ճոխությունը տառապանքի բույն է: Այս երկու ապրելաձևերն անհամատեղելի են, ինչքան էլ մարդու երևակայության մեջ տեղավորվի, ու մարդն ինքն իրեն հարմարեցնի այդ իրողությանը: Չափավորությանը հակադարձող շատ երևույթներ կան, որոնք արտաքուստ  գեղեցիկ են, ձգող:

ՎՈՎԱ  ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆԸ