You are currently viewing ԲԱՐԵՎ, ՍՊԱՍՈՒՄ ԵՄ…

ԲԱՐԵՎ, ՍՊԱՍՈՒՄ ԵՄ…

Երբ առավոտյան արթնանում ես, իսկույն մի գիտակցում է պտտվում քո մեջ, որ այսօրը լուսանում է քեզ համար, ինչո՞ւ չգործել, չանել ամեն ինչ՝  հօգուտ և դեպի վեր։ Նույնատիպ զգացողություններ են, սակայն ցավի կծիկը դեռ պինդ գրկած է յուրաքանչյուրիս։ 
Օրագրիս այս էջը կամաց թերթում եմ` ավելի լավ թեմաներից խոսելու համար։ Մեկ է` մի բան խանգարում է այս ազատությանը… բանտված ազատությանը։ Երբեք մոռանալն այսքան դժվար չէի պատկերացնում, կարոտի ու երանության պատկերն այսքան մոտիկից չէի տեսել։ Երբե՛ք։ Բայց էլի միայն Աստծուն ու նրա զորությանը հավատալով՝ քայլում եմ կիսատ, բայց իմ Հայրենիքում, ուր լեռները հազար անգամ խելացի են խոսում, ուր թագավորում է հայ զինվորը, սպան ու հրամանատարը։ Ուր ես եմ` նրա հետ։ Հայրենիքիս հետ։
Նրան խոստացա անունը չհրապարակել, մինչև բանակից չզորացրվի։ Մահին հաղթելով ու առերեսվելով` պատերազմի սկզբից մինչև վերջ նվիրվեց, հիմա էլ անսասան կանգնած է արդեն շատ մոտիկ… առաջնագծում… մի քանի հարյուր մետր այն կողմ։
Մինչև պատերազմն ամեն ինչ այլ էր։ Հանդիպեցինք։ Ես մի սովորություն ունեմ` խաչ կամ սրբապատկեր նվիրել… այս անգամ նրանից նվեր ստացա` Նոր Կտակարան։ Պայմանով, որ անվնաս կպահեմ` մինչև զորացրվի, որ հետը տուն տանի։ Ոգևորությունը խեղդում էր ինձ։ Բայց նա զգում էր պատերազմի հոտը, չէր ասում ոչինչ, աչքերում էլ խաղաղված երկինք չկար։ Տագնապ էր։ Վերջնական հաղթանակի սպասում։
Ակնթարթ։ Հանդիպումից օրեր անց պատերազմ։ Սպասումը խելագարության էր հասցնում։ Ծանր էր ամեն պահ։ Օդը ծանրացել էր ուսերիս, անգամ խոսելը դժվար էր։
Հավերժացում։ Լույսի միջից դուրս նայող աչքեր, անլույս թվացող օրեր։ Ամեն ինչ այդքան հեշտ չէր։ Ուղղակի վատ բաներից չեմ խոսում։
Պատերազմի ավարտը… ու նրա զանգը։ Վերջապես։ Մի նոր լույս` իմ վիրավոր Արցախի առաջնագծից։
-Ասել եմ, չէ՞, որ Նոր Կտակարանս լավ պահես` ամեն ինչ լավ կլինի։ Ամեն ինչ լավ ա, ախպե՛րս…,-երբ չի թողնում հարցնեմ, թե ինչպես է, ու, անընդհատ խոսքը շարունակում է։ Արդեն հանգիստ, ինձնից անկախ սկսեցի երկխոսություն սկսել Նոր Կտակարանի հետ։ Այնքան էի խորացել, որ կարծես ոչ մի հարց անպատասխան չէր մնում։ Ամեն ինչ հերթով։
Ես սպասում եմ զորացրմանը։ Սպասում եմ, որ Նոր Կտակարանը հանձնեմ նրա պատերազմ տեսած, մահից փրկված ձեռքերին։

                                                                                       ՎՈՎԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ