You are currently viewing ՆՐԱ ՀՈԳՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԱԾ ԵՆ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՆՐԱ ՀՈԳՈՒՄ ՄԵԿՏԵՂՎԱԾ ԵՆ ՍԵՐՆ ՈՒ ՀԱՅՐԵՆԻՔԸ

Սկզբնաղբյուրը՝ «Եթեր» շաբաթաթերթ, թիվ 34, 2022 թ.

Էդգար Մարկոսյանը ծնվել է Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում։ 5 տարի այնտեղ ապրելոից հետո ընտանիքով տեղափոխվել են Երևան։ Այժմ սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի կիբեռնետիկայի ֆակուլտետի մագիստրատուրայում՝ «էլեկտրոնային տեխնիկա» մասնագիտությամբ։ Էդգարին ճանաչողները կասեն, որ նա համակ ուժ է ու նպատակասլացություն, սեր ու նվիրում: Նա այն երիտասարդներից է, որոնք գիտեն Հայրենիքի արժեքը և ամբողջովին նվիրված են նրան: 
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Թալիշի ուղղությամբ Էդգարը խոցել է 10 տանկ՝ ամուր պահելով իրեն վստահված հատվածը: Նա արժանացել է «Արցախի հերոս» բարձրագույն կոչմանը։

-Էդգար, 44-օրյա պատերազմում Դուք հաղթել եք մահին: Եթե հայացք նետենք` երկու տարի առաջ և հիմա, ի՞նչ է փոխվել քո մեջ: 

-Ամբողջովին փոխվել է աշխարհայացքս, կյանքի հանդեպ վերաբերմունքս. առօրյա խնդիրներին սկսել եմ ավելի թեթև նայել, որովհետև հասկացել եմ, որ ամեն իրավիճակից ելք կա…

-Թեև այս հարցը հաճախ է հնչում, բայց ես էլ եմ ուզում հարցնել՝ ի՞նչ է քեզ համար հայրենիքը։

-Ինձ համար հայրենիքն առաջին հերթին իմ ընտանիքն է, հարազատներս, քրոջս որդին՝ Միքայելը, ապագա կինս ու երեխաներս: Հայրենիքը սկսվում է տնից ու ձգվում մինչև երկրի սահմանները: Եվ այդ ամենը սիրում եմ անսահմանորեն:

Էդգարն ու Միքայելը

-Կյանքում, մարդկային հարաբերություններում ի՞նչն ես գնահատում։

-Մարդկային հարաբերություններում ինձ համար ամենակարևորն անկեղծութունն ու նվիրվածությունն է: Ճիշտ է, հնարավոր է կյանքում լինեն հանգամանքներ, որոնց հետ հաշվի նստելով պետք է այդ պահին չբացես ամբողջ ճշմարտությունը՝ զուտ մարդուն չկորցնելու համար, բայց, ի վերջո, երբ գա ճիշտ պահը, պարտավոր ես: Իսկ նվիրվածության մասին կարծիքս միանշանակ է. եթե մարդկային հարաբերություններում չկա նվիրվածություն (կապ չունի, թե որ մտերիմ մարդու հետ), ուրեմն կարող ես ու պարտավոր ես ուղղակի չշարունակել այդ հարաբերությունները:

-Մասնագիտությունից զատ ուրիշ  ի՞նչ հետաքրքրություններ ունես։

-Հետաքրքություններս բազմազան են՝ սպորտ, երաժշտություն, ճամփորդություններ, որ ավելի լավ ճանաչես հայրենիքդ, աշխարհը: Սիրում եմ մասնակցել տարաբնույթ իրադարձությունների, բացահայտել մարդկանց, ձեռք բերել նոր ընկերներ. չգիտեմ՝ լա՞վ է, թե՞ վատ, բայց շատ շփվող եմ: Ու այսպես էլի կարող եմ թվել:

-Բնականաբար, ընկերական մեծ շրջապատ ունես։ Ընկերներիդ օրինակով կարո՞ղ ես ասել՝ ի՞նչ նպատակ ունի այսօրվա երիտասարը, և դրան հասնելու համար բոլոր նախադրյալները կա՞ն մեր երկրում։

-Անշուշտ, կան դեռ չլուծված խնդիրներ, և կան մարդիկ, որոնք դժվարություններից նեղսրտած՝ մտածում են հեռանալ Հայաստանից ու ապրել օտար երկրներում: Չեմ թաքցնում, որ երբեմն իմ մտքով էլ է նման բան անցնում: Բայց երբ փորձում եմ այդ պահը պատկերացնել, հասկանում եմ, որ անհնար է: Պետք Է մնալ Հայաստանում  ու շենացնել մեր հայրենիքը: Չէ՞ որ իմ ընկերները պայքարել են մեր երկրի խաղաղության, վաղվա օրվա համար:

-Էդգար, հաճախ ոչ ֆորմալ կրթությունը երիտասարդների համար առանցքային նշանակություն է ստանում։ Կարծում ես՝ ճի՞շտ մոտեցում է: 

-Ըստ իս՝ ճիշտ է, որովհետև կան ոչ ֆորմալ շատ լավ դասընթացներ, որոնք սեղմ ժամկետում բարձր և որակով մասնագիտական գիտելիքներ են տալիս ավելի սակավ վարձավճարով:

-Հրազդան քաղաքը տարվա երիտասարդական մայրաքաղաք է ճանաչվել։ Հաճա՞խ ես լինում քո ծննդավայրում: 

-Հրազդանն ինձ համար աշխարհի ամենահարմարավետ ու հանգիստ անկյունն է։ Եթե ազատ ժամանակ եմ ունենում, անպայման պետք է  Հրազդան գնամ։  Սիրում եմ քաղաքս ու փորձում եմ հնարավորինս հաճախ լինել այնտեղ: Քաղաքապետը՝  Սևակ Միքայելյանը, իմ լավ ընկերն է: Նա ջանք ու եռանդ չի խնայում քաղաքը ծաղկեցնելու ու նրան նոր շունչ հաղորդելու համար։  Պետք է պահել, փայփայել ու շենացնել այն տեղը, որտեղ ծնվել և որտեղ ապրում ենք, որովհետև դրանից թանկը չունենք։

Վ. Արզումանյան, «Եթեր» շաբաթաթերթ, թիվ 34, օգոստոսի  18, հինգշաբթի, 2022 թ.