You are currently viewing ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆԸ ՍՊԱՍԵԼԻՍ

Պատերազմը ժամանակային բոլոր առանցքներից վեր է, անցյալ չի դառնում` օտարվելով մեր օրերից։ Մեքենայաբար ասում ենք` մեկ ամիս անցավ, երկու ամիս, երեք… Մեկ տարի անցավ, մինչդեռ այն մեր մեջ չի ավարտվում, չի ավարտվել։ Ամեն անգամ ծաղկի խանութների կողքով անցնելիս մարմին փշաքաղող դողով հիշում ենք նրանց, ովքեր դեռ երկար տարիներ պետք է ծաղիկներ նվիրեին իրենց սիրելիներին, իսկ այսօր մենք ենք նրանց հիշատակին ծաղիկ խոնարհում։ Պատերազմը մեր բոլոր զոհված ընկերների անունն ունի, նրանց չմարող հիշատակի հրամայականը, որ ուր էլ լինենք, երկնային զորությամբ ապրեցնում է մեզ, հիշեցնում հանուն մեր գալիք օրերի խամրած լուսավոր աչքերի, անկեղծ ժպիտների, մե՜ծ սրտերի…

    Մեկ տարի մենք ապրում ենք պատերազմի հետ նույն հարկի տակ` անվերջ տանելով նրա պատճառած դառնությունները, փողոցով քայլում ձեռք ձեռքի սեղմած` բախվելով մեզ համար փակուղի դարձած հարազատ ճանապարհների քարացնող ճնշմանը, քնում`  պատերազմ մերժող խաղաղության աղերսներով։

     Ազգային դառը ցասմամբ մեր սիրտը շարունակում է բաբախել` անընկճելի ոգուն ապավինելով, մեր հերոս եղբայրների արդար գործը շարունակելու պարտավորեցնող հրամայականով, մեր հայրենիքը ազատ տեսնելու կարոտաբաղձ ցանկությամբ։
     Խաղաղությունն ամբողջական Արցախիս անունն ունի, և մենք Աստծուց աղերսում ենք երկրի վրա մեր բաժին խաղաղությունը…

ՏԱԹԵՎԻԿ ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ