You are currently viewing ՎՈՒԴԻ ԱԼԼԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈՅԻՆ

ՎՈՒԴԻ ԱԼԼԵՆԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՍԻՐՈ ԽՈՍՏՈՎԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՆՈՅԻՆ

Վուդի Ալլենի հոբելյանական   հիսուներորդ գլուխգործոց եվրոպական ռոմանտիկ կիոմեդիան սիրո և կինոյի մասին

Ամենագեղեցիկ քաղաքն արևոտ Իսպանիայի ափին, ռոմանտիկ տրամադրություն և համաշխարհային հեղինակավոր կինոփառատոն, որը փայլում է կինոաստղերով. ահա թե ինչու ամեն տարի հազարավոր մարդիկ գնում են Սան Սեբաստիան: Մի ամուսնական զույգի համար, սակայն, կինոյի կախարդանքն իրական է դառնում։ Նրանք ներքաշվում են գայթակղությունների և արկածների հորձանուտի մեջ, որտեղ ժանրերը արագորեն փոխարինում են միմյանց, ինչպես սիրահարների զգացմունքները:


«Ռիֆկինի փառատոնը» Վուդի Ալլենի ռեժիսորական կարիերայի 50-րդ հոբելյանական ֆիլմն է՝ ստեղծված հայտնի ռեժիսորի բոլոր մեզ ծանոթ կլիշեներով։ Կոնֆլիկտի գագաթին դասական սիրային եռանկյունի, և պատմության կենտրոնում` հիպոխոնդրիկ կերպար, ով տիպիկ ռոմանտիկ-ինտելեկտուալ է, որ խոսում է վեհ բաներից, արվեստի անսահման ուժի մասին և այլն։ Բայց հենց այդ հայտնի, մեզ շատ ծանոթ կլիշեներն էլ դարձնում են Վուդի Ալլենի ֆիլմերը այդքան ճանաչելի և մտերմիկ։ Ռեժիսորն իր ֆիլմը դարձրեց դասական կինոյի հանդեպ իր սիրո մեծագույն խոստովանությունը:

«Ռիֆկինի փառատոնը» Վուդի Ալլենի հերթական հեղինակային ռոմանտիկ կատակերգությունն է` նկարահանված կինոյի և նրա նորարար հայրերի հանդեպ ողջ սիրով, ովքեր մեկընդմիշտ փոխեցին կինոն քսաներորդ դարի տարբեր ժամանակաշրջաններում:  «Ռիֆկինի փառատոնը» ֆիլմի գլխավոր առանձնահատկությունն այն է, որ բոլոր գործողությունները տեղի են ունենում տաք, հավերժ արևոտ Իսպանիայում՝ Սան Սեբաստիանի կինոփառատոնի օրերին։  Վուդի Ալլենին շատ ճշգրիտ հաջողվել է ամրագրել խոշոր կինոփառատոնի ոգին, որը համախմբել է բազմաթիվ տաղանդավոր և հավակնոտ հեղինակների ամբողջ աշխարհից: Այդտեղ է ձգտում հասարակության ողջ կինոսերուցքը՝ ռեժիսորներ, դերասաններ, մամուլ, նոսթալգիկ ընտրանիներ Գոդարի ֆիլմերով, և այս ամենը, հատկապես` նոսթալգիկ ֆիլմերը, շատ մեծ դեր են խաղում հերոսի փնտրտուքներում։

***

Կինեմատոգրաֆիայի պրոֆեսոր Մորթ Ռիֆկինը (Ուոլես Շոուն) փորձում է բռնացնել իր կնոջը՝ Սյուին (Ջինա Գերշոն), որը սիրավեպ ունի հավակնոտ, բայց շատ հաջողակ փառատոնի ռեժիսորի հետ, որը հակապատերազմական ֆիլմեր է նկարահանում: Ռեժիսորի անունը Ֆիլիպ է, և, ի դեպ Վուդի Ալլենը միտումնավոր է նրա դերին ընտրել Լուի Գարելին, որի հայրը՝ հեգնանքով, Ֆիլիպ Գարելը, կինոյի պատմության ամենավառ ֆրանսիացի ռեժիսորներից է: Պետք է ասել, «Ռիֆկինի փառատոնն» ամբողջությամբ բաղկացած է նման հղումներից: Սա նրա ամենակինոֆիլային ֆիլմն է 1985 թվականի «Կահիրեի մանուշակագույն վարդը» ֆիլմից հետո: Քանի որ բոլոր գործողությունները տեղի են ունենում հեղինակավոր կինոփառատոնում, ապա Ալլենի հերոսները խոսում են հիմնականում կինոյի և, որպես կանոն, դասական կինոյի մասին։ Հերոսները մեջբերում են Ժան-Լյուկ Գոդարին, քննարկում են Օրսոն Ուելսին և նրա պատկերավոր կինեմատոգրաֆիկ լեզուն, իսկ ռեժիսորն ինքը  վերակառուցում է ամբողջ տեսարաններ Ինգմար Բերգմանի, Ֆրանսուա Տրյուֆոյի, Ֆեդերիկո Ֆելլինիի, Ժան-Լյուկ Գոդարի և նույնիսկ Կլոդ Լելուշի ֆիլմագրությունից։

***

Այդ բոլոր հեղինակավոր ռեժիսորների նկարահանած գլուխգործոցներում էլ հենց հայտնվում է մեր գլխավոր հերոսը երազներում։ Մորթ Ռիֆկինը դառնում է «Քաղաքացի Քեյնի» հերոսը՝ մանկական սահնակը ձեռքին, այնուհետև ֆիլմի ընթացքում ընկնում է «Յոթերորդ կնիքի» ֆինալը, և նույնիսկ դառնում է հենց ինքը Ֆելլինին իր «8 1/2»-ում և ուրիշ բազմաթիվ գլուխգործոցներում։ Եվ ինչպես արդեն նշեցի, այս ամենն արվում է ոչ միայն հանուն խաղանիշի, այլ որպես սյուժեի անբաժանելի մաս։ Ալլենը ոչ միայն կրկնում է նույնքան խորհրդանշական ֆիլմերի խորհրդանշական տեսարանները, այլև ամբողջությամբ ընդօրինակում է նկարահանման և մոնտաժի մեթոդները, աշխատում է դերասանների հետ՝ ճշգրտորեն վերակառուցելով դասական կինոն և, միևնույն ժամանակ, չշահագործելով այն։ Եթե Ռիֆկինը մտնի Գոդարի կինոաշխարհ, ապա դա կլինի ձեռքի կինոխցիկ, մոնոխրոմ պատկեր և գրեթե քառակուսի շրջանակի ձևաչափ: Եթե դա Բերգմանի կինոնկար է, ապա դա կլինի խոշոր պլանով, ստվերում կոշտ կոնտրաստ և միզանսցենի կենտրոնում գտնվող մարդկանցից կտրված անձ: 

***

Եթե դա Օրսոն Ուելսի կինոգլուխգործոցն է, ապա դիտողը կունենա ռակուրսներ ներքևից և լայն անկյուն:   Հաճախ իր կինոյում ամեն ինչ աշխատում է այնպես, ինչպես կյանքում, քանի որ Վուդի Ալլենը նկարահանում է հենց կյանքի թեմատիկայով արդեն իսկ իր հիոսուներորդ ֆիլմը և, ըստ երևույթին, 85-ամյա ռեժիսորն այս ճանապարհն ընդհատելու մտադրություն չունի։ Եվ դա շատ լավ է: Վուդի Ալլենը այն միակ, հազվագյուտ ռեժիսորն է, որ նկարահանել է իր ֆիլմերը գրեթե բոլոր ժանրերում, լինի դա կոմեդիա, դետեկտիվ, թե` դրամա, և նույնիսկ հարգանքի տուրք է տվել գերմանական էքսպրեսիոնիզմին իր «Ստվերներ և մառախուղ» կինոնկարում։ Նա ամենավառ, ամենահնարամիտ, կինոյին նվիրված և շատ տաղանդավոր ներկայացուցիչն է արդի կինեմատոգրաֆիայի և, այդ իսկ պատճառով էլ պետք է դիտել թե՛ իր այս, և թե՛ մյուս բոլոր գլուխգործոցները։

***

Տեղեկություններ ֆիլմի մասին


Արտադրության տարին՝ 2020 թ.                        

Երկիր՝  Իսպանիա, ԱՄՆ, Իտալիա           

Ժանր՝ ռոմանտիկ կատակերգություն 

Պրոդյուսերներ՝  Էրիկա Արոնսոն, Լետի Արոնսոն          

Օպերատոր՝  Վիտորիո Ստորարո 

Կոմպոզիտոր՝  Սթիվեն Ռեմբել    

Նկարիչներ՝  Ալեն Բայնե, Աննա Պուհոլ Թաուլեր, Սոնյա Գրանդե           

Մոնտաժ՝   Ալիսա Լեփսելտեր

Արման ԳՐԻԳՈՐՅԱՆ

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ,

Կինոգիտություն, 2-րդ կուրս