You are currently viewing ՀԵՔԻԱԹՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

ՀԵՔԻԱԹՆԵՐ ՍՏԵՂԾՈՒՄ ԵՆ ՆՐԱՆՔ, ՈՎՔԵՐ ՇԱՏ ԼԱՎ ԵՆ ԶԳՈՒՄ ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ

  • Post author:
  • Post category:Արվեստ

Գարնանային՝ դեռևս գոլ կեսօրին փարաջանովյան հարկի տակ գույների ու տիկնիկների խաղից ավելացել էր օրվա պարգևած ջերմությունը։

Հին Թիֆլիսը Երևան էր հասել՝ տեղավորվելով երկու ծանր սնդուկների մեջ։ Սնդուկները ծերացած էին, տիկնիկները՝ նոր ու կենդանի։

Ներկայացումն ինքնատիպ էր այնքանով, որ թիֆլիսյան կոլորիտային խառնուրդը համեմվել էր հայկական ազգային երգ ու հնչյունի, գույն ու թույրի միաձուլմամբ։

 «Տիկնիկների կոլաժ» ներկայացման ընթացքում հանդիսատեսը հեքիաթների հերոսների փոխարեն տեսավ ազգային տարազով կինտոներին, Սայաթ-Նովայի նազան յարին, Փարաջանովի հարևան մադամ Ժերմենին, քոչարի պարողներին․․․

Ներկայացման հեղինակը վրացաբնակ նկարիչ, տիկնիկագործ Արմեն Հովհաննիսյանն էր, ով իր շրջիկ թատրոնի «կենդանածին» տիկնիկներով ներկայացումներ է տալիս ոչ միայն մեծ ու փոքր  քաղաքներում, այլև շրջում է Վրաստանի այնպիսի գյուղերով, որոնց հայաբնակ լինելու մասին անգամ պետական այրերը տեղյակ չեն։ Այդ գյուղերում հայկական դպրոցներ չկան, երեխաները մայրենիով գրել-կարդալ չգիտեն։  Արմենի տիկնիկներն հայերենով տեղացի հայ մանուկների համար Թումանյան են կարդում, զվարճացնում փոքրերին ու մեծերին։ Տարածում հայերեն խոսքը, հայի բառն ու բանը, ազգային արվեստն ու մշակույթը։

Արմեն Հովհաննիսյանը Հայաստանում չապրող այն հայի տեսակն է, ում համար հայրենիքը միայն հուզիչ տեքստերով ու հայրենիքի սերը փաստող խոսքերով չի ավարտվում։ Նրա թատրոնի նկրտումը հայապահպանությունն է, օտար ափերում հայի ոգին անսասան պահելու փափագն է։

«Հեքիաթ ստեղծում են նրանք, ովքեր շատ լավ են զգում իրականությունը,- ասում է Արմենը, հավելելով,-Երբ աշխարհում ամբողջովին սփռվի բարին, ես կգնամ Աստծուն հեքիաթ պատմելու, որ աշխարհը լցվի հեքիաթով։ Հին ճամպրուկը ինձ կպահեմ, իսկ հեքիաթս ձեզ կբաշխեմ»։

Մենք երախտապարտ ենք Վրաստանի Մառնեուլի քաղաքի մշակույթի տանը՝ ներկայացումը հայրենիք հասցնելու, հայ հանդիսատեսին տիկնիկ-հերոսների հետ ծանոթացնելու համար, ինչին սպասում էինք վաղուց։

Լիահույս ենք, որ նկարիչ-տիկնիկագործը հայրենիքից ևս կստանա համապատասխան աջակցություն և  ազդագրերում կհանդիպենք Արմեն Հովհաննիսյանի  տիկնիկային թատրոնի ներկայացումների մասին պատմող տեղեկատվությանը։

Նաիրա ԱԲՐԱՀԱՄՅԱՆ