Մարդու կամ հասարակության բարոյականությունը կամ դրա չափորոշիչները պայմանավորված չեն նրա բարի կամ չար նկարագրով, այլ իր մեջ ծավալվող այն պայքարով, որ կոչվում է պայքար բարու համար կամ պայքար մեղքի դեմ:
Արդարության ու մեղքի ընկալման չափանիշները, այդ ընկալման առկայության պայմաններում, միևնույնն են տարբեր մարդկանց կամ հասարակության տարբեր շերտերի միջև. արդարությունը միշտ ավելի բացարձակ է, օբյեկտիվ է ու համընդհանուր, արդարության հետ հարաբերության մեջ դիտվող մեղքը, բնականաբար՝ հարաբերական, սուբյեկտիվ և մասնավոր (ընկալման աղճատվածության կամ բացակայության դեպքում ամեն ինչ այլ է), պարզապես տարբեր են դրանց սահմանման ու դասակարգման սկզբունքները:
Թեև արդարությունը միշտ ընկալվում է իբրև բացարձակ, բայց սակավաթիվ են նրա հետևորդները, մեղքը դրսևորվում է յուրովի, բայց բազմաթիվ են նրա յուրայինները: Անզգամի համար աստվածպաշտությունը գարշելի է… Այդ առումով Քրիստոս հեղաշրջում մտցրեց մեղքի գաղափարի ընկալման համատեքստում. մեղքը միայն այն չէ, ինչը մենք զգում կամ գիտակցում ենք խղճի վկայությամբ (քանզի խիղճը կարող է լինել խարանված կամ թերաճ՝ ձևավորված անբարենպաստ պայմաններում), մեղքը մի բան է, որի ճիշտ սահմանումը կարող է տալ Նա, ով մեռավ մեր մեղքերի թողության համար: Մեղքը միայն արտացոլվու՛մ է մեր գործերում, բայց այն ծնվում է մեր մտքում՝ վերջինի՝ չարի հետ գործակցության կամ նրա կողմից մեր մտքին բռնանալու արդյունքում: Մարդու բարոյական նկարագիրը որոշվում է ոչ թե նրա մտքում մեղքի ծնունդով կամ առկայությամբ, այլ մեղքի սնուցման և ծավալման հանդեպ դրսևորած գործողությունների բնույթով՝ անզիջում պայքարով կամ հաշտվողականությամբ: Այս ամենի ֆոնին առավել այլանդակ են գծագրվում մերօրյա մարդկային հասարակության սոցիալական բարքն ու նկարագիրը, հասարակություն, որ արդեն չի ճանաչում որևէ մեղք, այլ այդպիսին կարող է համարել միայն որոշակի հասարակարգի միտված որոշակի օրենքների խախտումը իր կամ մեկ ուրիշի կողմից, իսկ ընդհանուր «նորմերին» հակադրվող նորմալ մարդկանց՝ հասարակության անբարեհույս տարրեր, հասարակություն, որտեղ մարդու հոգին կարող են խեղել, ուծացնել, և դրա դեմ ընդվզողների դեմ ընդվզել, իսկ ստամոքսային մտածողությունը` սնուցել ու փայփայել, ուր համասեռամոլների դեմ չի կարելի պայքարել, բայց համասեռամոլը կարող է պայքարել, ասենք, հենց տրանսպորտի գների բարձրացման դեմ: Ինչի համար են աշխարհային «կարևոր» զբաղմունքներն ու գործունեության զանազան ոլորտները, միայն մարդուն իրեն շրջապատող սարսափելի իրականությունից շեղելու վտանգառատ նպատակադրմամբ: Անհատի և հասարակության սոցիալական վարքի հիմքում ընկած է իրականության աղճատված ընկալման ֆենոմենը. ասել, թե քրիստոնյան չգիտի իր շահը կամ այն չի հետապնդում, որովհետև, մամոնային թողած, Աստծուն է պաշտում, անհեթեթություն կլինի: Այսպես մտածող մարդու մոտ աղճատված է սեփական շահի և բարօրության մասին սկզբնական իմֆորմացիան, որ նա ուներ աշխարհ գալու պահին: Եվ ամեն մի հաջորդ սերունդ ավելի ու ավելի է զրկվում այդ ինֆորմացիան պահելու հնարավորությունից: Եթե ուշադիր լինենք, կնկատենք, որ ժամանակակից մարդը զրկված է ոչ միայն իր բանականությունը, այլև իր բնազդներն անգամ ճիշտ ուղղորդելու և իրացնելու հնարավորությունից. մարդը ուտում է անհայտ ծագման սնունդ, տեսակի պահպանությանը կոչված բնազդը այլասերված կերպի մեջ գործածում է կրքերի բավարարման համար, ինքնապաշտպանության բնազդով արդարացնում է ուրիշին կյանքից զրկելու մոլուցքը, իսկ կրոնական բնազդը բավարարում է՝ պաշտելով իր մաշկի ամբողջականությունն ու որկորի քմահաճությունները: Իսկ արդեն բանական մակարդակում մարդու կենսագործունեությունը և մարդկային հարաբերությունները պայմանավորող կարևոր գործոնը փողն է, և մամոնան է կանգնած ոչ միայն տնտեսական, այլև սոցիալական, քաղաքական ու մշակութային բոլոր գործառույթների հիմքում: Փողը՝ բոլոր ժամանակների համար անկրկնելի այդ մանիպուլյացիոն միջոցը, կառավարում է մարդկային գիտակցությունն ու ապրումները՝ հիրավի մարդուն դարձնում «երկու տիրոջ ծառա մը»՝ անկայուն ու հեղհեղուկ, անսկզբունք ու անհեռանկար, միայն հացի ու տեսարանների պահանջմունքով և դրա բավարարմամբ բավարարվող:
Լիլիթ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Գորիս