You are currently viewing ԵԹԵ ԱՅՍՏԵՂ ԵՍ…

ԵԹԵ ԱՅՍՏԵՂ ԵՍ…

Եթե այստեղ ես՝ արի,
Ինձ մոտ արի ու մի գնա, 
Եվ ասա բառեր…
Անվերջ բառեր…
Լուռ ու տխուր բառեր…
Ու ցնորական հավերժության մեջ
Ինձ համար լռիր։
Թող քեզ կարոտեմ
Հավիտենության մեջ, քեզ բաղդատեմ,
Մանրացնեմ, բազմացնեմ
Ու ժամանակի մեջ ցանեմ,
Որպեսզի հավերժական քո էությունն
Անսահմանության մեջ անմահացնեմ։

***
Քո մատներն այնպես նուրբ,
Մետաքսից կարծես ստեղծված լինեն,
Քո բույրն այնպես անուշ՝
Եդեմական բոլոր ծաղիկների բույրն է,
Իսկ կարոտս անսկիզբ ու անվերջ
Քեզ է փնտրում, 
Քո մատները,
Քո բույրը: 
Իմ երգն է քեզ փնտրում
Անփույթ…
Ժպիտի պես մանկան
Քո պոետի երգը
Քեզ է փնտրում։

Ալբերտ ՂԱԶԱՐՅԱՆ