You are currently viewing ԱՐՑԱԽԻ «ԱՊՐԵԼՈՒ ՁԱՅՆԸ»

ԱՐՑԱԽԻ «ԱՊՐԵԼՈՒ ՁԱՅՆԸ»

Պատերազմից հետո Արցախում սակավաթիվ չեն անգամ գրական և մշակութային միջոցառումները, որոնք նախաձեռնում են ինչպես անհատներ, այնպես էլ Արցախում գործող համալսարանները, հասարակական կառույցները։ Օրերս Ստեփանակերտում մեկնարկել է ևս մեկ կարևոր նախաձեռնություն, որն իրականացվում է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի կողմից` «Ապրելու ձայնը» խորագրով` գրական-մշակութային օրերի տեսքով։ Կազմակերպիչների խոսքով` նախատեսված միջոցառումների շարքը ընթանալու է ոչ միայն մայրաքաղաքում, այլև շրջաններում՝ կարևորելով գրական-մշակութային կյանքի աշխուժացումը գյուղական համայնքներում: Հիմնականում կկայանան գրական մրցույթներ ու հանդիպումներ, ցուցահանդեսներ, քննարկումներ, ազգային-հայրենասիրական երգերի երեկոներ՝ հադրութցի սիրված երգիչ Արթուր Խաչենցի և Համազգայինի Արցախի գրասենյակի «Մունք» պարախմբերի մանուկների մասնակցությամբ:  Իսկ հուլիսի 1-ին կկայանա երգչուհի Շուշան Պետրոսյանի մենահամերգը, որով էլ եզրափակվելու է այս ծրագիրը: 


«Ապրելու ձայնը» խորագիրը կրող գրական-մշակութային օրերի շրջանակներում Արցախ են ժամանել գրողներ և գրականագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Սփյուռքից։

«Այսօր Արցախը, անկախ առկա մարտահրավերների, ունեցած անդառնալի կորուստների, շարունակում է շնչել, սիրտը շարունակում է բաբախել և այստեղ շարունակում է ապրել հայ մարդը, որի երազանքն ամենևին էլ պատերազմը չէ, այլ հայրենի հողում ապրելը, արարելն ու ստեղծագործելը,-նշել է Համազգային հայ կրթական և մշակութային միության Արցախի գրասենյակի տնօրեն, արձակագիր Հերմինե Ավագյանը, ավելացնելով,- Արցախի գրականության մասին պետք է խոսել ոչ միայն հայրենիքում, այլ նաև նրա սահմաններից դուրս: Պատերազմը միայն սահմանին չէ, սահմանից այսկողմ ուրիշ պատերազմ է՝ մշակույթի, գրականության, ազգային արժեքների պահպանման ու տարածման, և այս ասպարեզներում յուրաքանչյուր հաղթանակ մեր ինքնության պահպանման, արժանապատիվ ապագա ունենալու գրավականներից է»։ Հերմինե Ավագյանը նաև տեղեկացրեց, որ Արցախում գրական-մշակութային օրեր անցկացնելու առաջարկը երիտասարդ բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանինն է։

Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանի խոսքով` պատերազմից հետո շատ կարևոր է այսպիսի խորագրով ու խորհրդանշականությամբ միջոցառումներ անցկացնելը, հոգևոր զարթոնք ապրելը:

«Ես կարծում եմ, որ կկարողանանք մեր գրականության մշակույթի շնորհիվ ճշմարտությունը գտնել և այդ ճշմարտությանը հետևողական կերպով հասնել, որը մեր համազգային նպատակների մեջ է մտնում, և  ապագա սերունդների առջև մեր պարտավորությունների անբաժան մասն է»,-ասել է պետնախարար Արտակ Բեգլարյանը, վստահեցնելով, որ պատրաստ են առավելագույնս աջակցել այսպիսի նախաձեռնությունների իրականացմանը։

Արցախի ԿԳՄՍ նախարար Անահիտ Հակոբյանն էլ հիշեցրել է` հայ ժողովուրդը միշտ էլ կենաց ու մահու պայքար է մղել իր ազատության համար: «Ժամանակ առ ժամանակ, պատմության բոլոր քառուղիներում այդ պայքարը երբեմն պսակվել է հաղթանակներով, երբեմն պարտություններով ավարտվել: Արցախն է հայոց միջնաբերդը, այդպես եղել է, այդպես կա ու կլինի»,-նշել է Անահիտ Հակոբյանը, շեշտելով` Արցախում ապրելու ձայնն է բոլորիս կանչում՝ բոլոր ուղիներով: «Ապրելով է որոշվում ամեն ինչ, և ապրելով է սկիզբ առնում յուրաքանչյուր կյանք»,-եզրափակել է նախարարը։  

Գրական-մշակութային օրերի բացման արարողությունը Ստեփանակերտի «Եվրոպա» հյուրանոցում

Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանն էլ իր ելույթում ընդգծեց` Հայաստանի գրողների միությունը Արցախի գրողների կողքին է: «Պատերազմից հետո Արցախում այսպիսի միջոցառումները շատ կարևոր են: Արցախի գրականությունը հզոր է, անտեսել չի կարելի»,-ասել է ՀԳՄ նախագահը։

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը

Իսկ Արցախի գրողների միության նախագահ Վարդան Հակոբյանը վստահեցրել է` ժողովրդի ողնաշարը բոլոր ժամանակներում գրականությունն է եղել։ «Չեմ թերագնահատում մյուս ոլորտները, բայց գրականությունն է մեր ազգային ոգու, արժեհամակարգի գլխավոր կրողը։ Հպարտանում եմ, որ ժողովուրդն այսքան դժվարին ժամանակներում հայացքը չի կտրել գրականությունից»,-հավելել է նա։
Արցախի գրական ընտանիքն ինչպես Արցախյան առաջին, այնպես էլ 44-օրյա պատերազմի ժամանակ ունեցավ անդառնալի կորուստներ։ Կոմիտաս Հակոբյան, Հայասեր Հովսեփյան, Վահրամ Լալայան. այն տղաներն են, ովքեր գրիչն ու զենքը, իսկ ավելի կոնկրետ` հայրենիքի ազատությունը վեր դասեցին ամեն ինչից, պայքարեցին, կռվեցին, լույս դարձան։ Սակայն այսօր մեզ հետ է նրանց գիրը, պատգամը։

Լիբանանի Համազգայինի Մելանքթոն և Հայկ Արսլանյան ճեմարանի բազմամյա ու վաստակավոր տնօրեն, հասարակական գործիչ Տիգրան Ջինբաշյանն իր խոսքում նշեց` եթե կա ստեղծագործություն, մշակույթ, գրականություն, նույնիսկ ամենավատ քաղաքական ու տնտեսական պայմանների մեջ ազգը շարունակում է ապրել ու գոյատևել: «Ողջունելով Արցախում մշակութային սխրագործության բոլոր երախտավորներին՝ հատուկ հիշատակության են արժանի գրական մշակները, որոնց գրչին վրա է ծանրանում Արցախը պահպանելու, այն վերստին ամբողջական ու հզոր դարձնելու պայքարի գաղափարական խմբագրումը, որի արգասիքը պիտի լինի անխուսափելի հաղթանակը»,- ասել է Տիգրան Ջինբաշյանը: Ներկաներին ողջունել է նաև Կանադայի «Հորիզոն» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Վահագն Գարագաշյանը` կարևորելով նմանօրինակ նախաձեռնությունները։