You are currently viewing Շուշիի թատրոնի այսօրը

Շուշիի թատրոնի այսօրը

Այստեղ ու այս պահի արվեստի՝ թատրոնի բնությունը խաղն է: Շուշիում այդ խաղն ուրիշ գույն ուներ, հիմա ամեն ինչ փոխվել է: Շուշին մոտիկ է, բայց նաև շատ հեռու, իսկ Շուշիի թատրոնը կա, ապրում է՝ վերադարձի անշրջելի հավատով:

«Հասկացանք՝ ինչքան ուժ ունենք պետք է գործադրենք ու շարունակենք ապրեցնել թատրոնը: Աստիճանաբար վերականգնեցինք թատրոնի խաղացանկային ներկայացումները: Այս պահին հինգ խաղացանկային ներկայացում կա՝ «Պոչատ աղվեսը», «Հայ մուկը», «Երեք խոզուկները», «Թուխի ծննդյան տարեդարձը», «Շունն ու կատուն»՝ իր պրոֆեսիոնալ տիկնիկներով և երկու նոր ներկայացման տիկնիկներ ունենք, որոնք, հուսով եմ, այս տարի բեմ կբարձրանան»,-մեզ հետ զրույցում ասաց Աշխեն Հարությունյանը:

Շուշիի պետական թատրոնը պատերազմից հետո հյուրախաղեր է կազմակերպել Արցախի տարբեր բնակավայրերում, Երևանում և մի շարք մարզերում: Տնօրենն էլ է փաստում, որ շրջիկ թատրոնի կարգավիճակում ներկայացումներ խաղալը ծախսատար է, այդ իսկ պատճառով թատրոնը բարդ իրավիճակում է հայտնվել:

Պատերազմից հետո թատրոնը վճարովի ներկայացումներով ընդհանրապես հանդես չի եկել: «Կարծում ենք, որ Արցախում  ներկայացումները պետք է անվճար լինեն, որ բոլոր երեխաները դրանք դիտեն, որ ոչ մի երեխա, գումար չունենալու պատճառով, չկարողանա գալ ու նայել ներկայացումը»,- նշում է Աշխեն Հարությունյանը, ընդծում, որ այսօր էլ, այս ծանր ժամանակաշրջանում, կան բարի մարդիկ և կազմակերպություններ, որոնք հնարավորության սահմանում աջակցում են, որ Շուշիի թատրոնը ապրի, շնչի ու առաջ գնա: 

Հարկ է նշել, որ առցանց ներկայացումները ցուցադրվում էին մինչև պատերազմը՝ հենց Շուշիից: Իսկ հիմա առանց Շուշիի դժվար է, թատրոնի ապագան՝ մշուշոտ, ապրելու և ստեղծագործելու վճռականությունը՝ արցախյան համառությամբ:

Շուշիի պետական թատրոնը սպասում է այն օրվան, երբ հենց Շուշիում ներկայացում կխաղան և այնտեղի դահլիճից կլսվեն ծափահարությունները…

Ardi.am

Վովա ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ