You are currently viewing Ճերմակ կատվի դրախտը

Ճերմակ կատվի դրախտը

Երևանից հեռու գտնվող խուլ գյուղերից մեկում էր ապրում Հեղնար տատը: Արդեն ութսուն տարին բոլորած Հեղնար տատն իր ողջ կյանքն անց էր կացրել այս գյուղում, որտեղ ամուսնացել էր, տուն ու տեղ դրել, երեխաներ ունեցել: Նրա դեմքը պարուրած յուրաքանչյուր կնճիռ, ձեռքերին գոյացած յուրաքանչյուր ճաք ու ճերմակած մազ արտացոլում էին ապրած կյանքի դժվարություններն ու դրանց մեջ լույսի պես ցոլացող բազում երջանիկ պահեր, որոնք այսօր էլ ջերմացնում են նրան, երբ ակամա հիշողությունների գիրկն է ընկնում:

   Հեղնար տատը միայնակ էր ապրում: Ամուսինը տասը տարի առաջ էր մահացել, իսկ երեխաներն վաղուց ամուսնացել ու լքել էին գյուղը: Նրանք հազվադեպ էին այցելում իրենց մորը, կարելի է ասել անգամ մոռացել էին նրա գոյության մասին: Տատի միայնությունն ինչ-որ չափով փարատում էր ճեփ-ճերմակ մի կատու, որ ձմռան մի ցուրտ երեկո բոլորովին հանկարծակի հայտնվել էր նրա տանն ու իր ներկայությամբ լցրել այնտեղ տիրող ճնշող լռությունը: Հեղնար տատը բավական համեստ էր ապրում: Նա մի քանի հավ ուներ, որոնցից էլ ստանում էր իր ողջ եկամուտը՝ վաճառելով նրանց ձվերը, առավել հաճախ փոխանակելով դրանք հացի կամ նպարեղենի հետ: Պատահում էր նույնիսկ, որ նա օրերով քաղցած էր մնում: Այդ պահերին նրա միակ մխիթարանքը ճերմակ կատուն էր, որն ամեն վայրկյան տատի կողքին էր: Նա ժամերով նստում էր տատի ոտքերի մոտ կամ հենց  կողքին՝ հնամաշ թախտի վրա, իր փափուկ գլխով շոյելով նրա չորացած ձեռքերը:

   -Իմ փափլիկ, — կատվին շոյելով ասում էր տատը, — ինչ լավ է, որ գոնե օր ծերության միայնակ չեմ, որ գոնե դու կաս կողքիս: Կատուն կարծես հասկանում էր նրա յուրաքանչյուր բառը և ի պատասխան թափ էր տալիս իրեն: Կատուն ամենուր ուղեկցում էր Հեղնար տատին, թե՛ հավաբուն՝ հավերին կեր տալու և ձվերը հավաքելու, եթե ածած էին լինում, թե՛ գետը լվացք անելու և թե՛ պարզապես գյուղում զբոսնելիս: Նա տատի հավատարիմ ու անբաժան ընկերն էր դարձել և որովհետև տատը ծերության հետևանքով արդեն բավականաչափ չէր տեսնում, կատուն դարձել էր նաև նրա աչքերը: Հեղնար տատը կատվին վստահում էր այնպես, ինչպես իր սեփական անձին:

   Ձմռան ցրտաշունչ երեկոներից մեկն էր: Հեղնար տատը վառել էր վառարանը, մաքրել այն երկու կարտոֆիլները, որոնք հարևանն էր բերել նրա համար, կտրել ու շարել էր արդեն  թեժացած կրակին, նստել, սպասում էր կատվին, որն հավաբուն էր գնացել հավերին կեր տալու և դեռևս չէր վերադարձել: Կես ժամից ավելի սպասեց նրան Հեղնար տատը: Հանկարծ դրսից շան հաչոց ու կատվի մլավոց լսվեց: Մի քանի րոպե շարունակվեցին այդ ձայները, ասես անդիմադրելի պայքար էր ընթանում նրանց միջև: Ի վերջո ձայները մարեցին: Վերջին վայրկյանին մի թույլ մլավոց լսվեց՝ պայքարից հոգնած ճերմակ կատվի վերջին մլավոցը:

Հեղնար տատը նորից միայնակ էր: Դրախտը, որ նրա շուրջ ստեղծել էր ճերմակ կատուն, անհետ չքացել էր: Նա սկսեց հազվադեպ դուրս գալ տնից, անգամ դադարեց այցելել հավերին և բոլորովին աչքաթող արեց նրանց: Նա օրերով պառկում էր թախտին և մտածում այն միակ մխիթարանքի մասին, որն այլևս իր հետ չէր: Շոշափելով թախտի այն հատվածը, որտեղ սովորություն ուներ պառկելու կատուն, Հեղնար տատի ձեռքերն դիպչում են մի կլորացած, փափուկ առարկայի: Այն ճերմակ կատվին էր հիշեցնում և մինչև անգամ տատին թվաց, թե իր կատուն է կուչ եկել թախտի անկյունում: Տատը գրկեց նրան ու իր կողքին դրեց: Այն դարձավ նրա երևակայական ընկերն ու մշտապես իրեն լսող լավ բարեկամը:

   Կատուն, որն ապրում էր տատիկի երևակայության մեջ մի բրդե շալ էր, որ այնքան նման էր ճերմակ կատվին և նրա դյութիչ  փափկությանը:

Հասմիկ ԱՎԵՏԻՍՅԱՆ

ԵԹԿՊԻ Սցենարադրամատուրգիական արվեստ բաժնի 3-րդ կուրս