You are currently viewing Լաուրա Մուրադյան. անփոփոխը հարափոփոխ ժամանակի մեջ

Լաուրա Մուրադյան. անփոփոխը հարափոփոխ ժամանակի մեջ

Դժվար է գրել մի մարդու մասին, ով ամբողջովին սեր է և նվիրում։ Իսկ այդ սիրո և նվիրումի առանձնահատկությունը յուրաքանչյուրը կարող է հասկանալ, երբ շփվի, թեկուզ կարճ ճանապարհ անցնի նրա հետ։ 

Լաուրա Մուրադյան։ Հարափոփոխ ժամանակի մեջ միշտ անփոփոխ, մարդկային ազնվագույն ու բարձր արժեքները կրող հայուհի, ում գաղափարական կամուրջը կառուցված է Հայրենիքի ու կրթության միջև։ 

Երբ նրա հետ զրուցում ես, մտքումդ երբեմն-երբեմն ինքնահարցադրումներ ես անում` ինչպե՞ս է մարդու մեջ ամփոփված լինում ապրող աշխարհը… գեղեցիկը, կարևորը, բնականը։ Տիկին Մուրադյանն ամեն ինչ անսահմանորեն լրացնում է ինքն իրենով, իր վառ խառնվածքով, բովանդակ էությամբ, համեստ կենսակերպով։ 

Նա խոսում ու լռում է։ Զգում և ապրում է։ Զգում և ապրումներով ապրում է։ Ու անընդհատ մտածում, մտածում, մտածում է… 

Իսկ որն է Լաուրա Մուրադյան մարդու և գիտնականի հավատո հանգանակը։ Իհարկե, ազգի խիղճը և նրա անաղարտության, հաղթանակի արժեքը բարձրացնելը։ Նա լուսավոր կետ է, ճշմարիտ քաղաքացի ու մտավորական… 

Տիկին Մուրադյանն ինքնատիպ անհատականություն է` անսահման ջերմ, հոգևոր մեծ խորությամբ, անսպառ ուժով: 

Եվ այսօր նրա ծննդյան օրն է։ 

Շնորհավո՛ր ծնունդդ, մեր սիրելի Լաուրա Գուրգենովնա։ Եղեք այնպիսին, ինչպիսին եղել եք ու կաք։ Ձեզ երկար տարիների կյանք… 

Վ․ Արզումանյան

Հ․Գ․ Լաուրա Մուրադյան։ Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ։ 

Ծնվել է 1940 թվականի հոկտեմբերի 3-ին։ 1969 թվականից մինչև 1996 թվականն աշխատել է ՀՀ ԳԱԱ Մ․ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի Հայ նոր գրականության բաժնում։ 

1995-ից աշխատում է ԵԹԿՊԻ-ում՝ որպես հումանիտար գիտությունների ամբիոնի վարիչ և դասավանդում է հայ գրականություն։ 

Նրա նախաձեռնությամբ 2002 թվականից ԵԹԿՊԻ-ում հրատարակվում է «Հանդես» գիտամեթոդական հոդվածների ժողովածուն, որի գլխավոր խմբագիրն է։ Հեղինակ է հայ նոր և արդի գրականությանը նվիրված մենագրությունների և բազմաթիվ գիտական հոդվածների, որոնք լույս են տեսել Հայաստանի և արտերկրի պարբերականներում։ 

2005 թվականին արժանացել է ՀՀ վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանը և ՀՀ նախագահի պատվոգրի։ Պարգևատրվել է նաև ՀՀ Կրթության և գիտության նախարարության հուշամեդալով։

Լաուրա Մուրադյանի «Գրականագիտական դիտումներ ժամանակի մեջ» գրքի մասին Վովա Արզումանյանի հոդվածը լույս է տեսել Երուսաղեմի Հայոց պատրիարքության «Սիոն» ամսագրում։