You are currently viewing ՉՈՐՍ ՀԱՐՑ. Հաս Չախալյան

ՉՈՐՍ ՀԱՐՑ. Հաս Չախալյան

«Վարդանանք» թերթի հարցերին պատասխանում է բանաստեղծուհի Հաս Չախալյանը։

— Ի՞նչ է պոեզիան բանաստեղծի և ընթերցողի համար…

-Պոեզիան լռություն է մարմնի և հոգու միջև։ Կարծում եմ՝ բանաստեղծի համար էության մի մասնիկ, ապրելու կենսակերպ։ Պոեզիայի ընկալումները տարբեր են, քանզի յուրաքանչյուր ընթերցող այն տարբեր դիտակետից է տեսնում և ընկալում։

-Նոր մտածողություն, ոճ, տրամաբանություն և տրամադրություն… Այսօրվա գրական ընթացքի մասին։

-Ներկայիս գրական ընթացքը շարժուն է ու խայտաբղետ, արտահայտում է հակասական ու հետաքրքիր տրամադրություն, ապրումների ինքնատիպ դրսևորումներ։ Նորի միտումը զգալի է թե՛ պոեզիայում, թե՛ արձակում։ Նորարարության մեջ կարևոր է նաև գեղարվեստական արժեքների պահպանումը, որը ինչ-որ կերպ հաճախ խախտվում է։

Ոճային առումով կողմնակից եմ ոչ կաղապարված մտածողությանը։

-Բաներ կան, որոնք գրվում են անհրաժեշտաբար… Բայց ժամանակը ստվեր գցելու հմտություն ունի։ Ստվերի խորհուրդը կամ բացասական կողմը…

-Գրականությունը ժամանակի հայելին է։ Այն գործերը, որոնք պահի ազդեցությունն են կրում, հեշտությամբ մոռացվում են, իսկ նրանք,բորոնք ժամանակի հետքը, ստվերից հետո էլ վերագտնում են լույսը։ Շատ կարևոր է ժամանակային ճիշտ զգացողությունը բառի, հնչյունի մեջ։

Ստվերը ժամանակի զտիչն է, այն գործում է հեղինակի ցանկությունից անկախ։

-Գաղափարից այն կողմ փնտրվող հիմքեր… Ի՞նչն է խանգարում այդ հիմքերը զարգացնելու համար։

-Գաղափարի իրագործման համար խանգարող գործոնները շատ են՝ սահմանափակ մտահորիզոն, համարձակության պակաս։

Vardananq.am