You are currently viewing Արդեն հասանելի է «Լատվիացի Պետերը» վեպը` Ալինա Սանամյանի թարգմանությամբ

Արդեն հասանելի է «Լատվիացի Պետերը» վեպը` Ալինա Սանամյանի թարգմանությամբ

«Էդիթ պրինտ» հրատարակչությունը հրատարակել է բելգիացի գրող, հոգեբանական դետեկտիվ ժանրի աշխարհահռչակ ներկայացուցիչ Ժորժ Սիմենոնի «Լատվիացի Պետերը» վեպը, որը հայերեն է թարգմանել Ալինա Սանամյանը։

Մեզ հետ զրույցում «Էդիթ պրինտ» հրատարակչության գլխավոր խմբագիր Դավիթ Սամվելյանն ասաց, որ հատարակչությունը վաղուց իր ուղղություններից մեկն էր ընտրել համաշխարհային դետեկտիվ գրականության թարգմանումն ու հայ ընթերցողներին ներկայացնելը։ Սամվելյանն ընդգծում է` Շերլոք Հոլմսի մասին պատմող շարքի հրատարակմանը հետևեցին Ագաթա Քրիստիի դետեկտիվները և ոգևորիչ ընդունելությունը ցույց տվեց, որ կա դետեկտիվ գրականության պահանջ ու սպասում։ Մեր զրուցակցի խոսքով պատճառները մի քանիսն են` դետեկտիվ ժանրի գրքերը հիմնականում թեթև ու արագ են ընթերցվում, սյուժետային զարգացումները լարվածության մեջ են պահում ընթերցողին, ինչն էլ հենց գրավիչ է։

«Սիմենոնի Մեգրեն պակաս հայտնի և սիրված խուզարկու չէ աշխարհում։ Մեր երկրում, սակայն, նրա մասին ավելի շատ գիտեն մեծ տարիքի ընթերցողները։ «Լատվիացի Պետեր»-ով (որը Մեգրեի մասին պատմող առաջին գիրքն է) մենք սկսեցինք Սիմենոնի շարքը, որը հերթականն է այդ ժանրում մեր հրատարակելիք գրքերի։ Մեգրեին թարգմանելով մենք նպատակ ունենք ավելի երիտասարդ տարիքի ընթերցողներին ծանոթացնել Սիմենոնի հիանալի գրչին, մոտեցնել դասական դետեկտիվի ևս մեկ հանգրվանի»,-ասաց Դավիթ Սամվելյանը։

Վեպի թարգմանչուհի Ալինա Սանամյանը մեզ հետ զրույցում ասաց, որ «Լատվիացի Պետերը» դեռ անծանոթ էր իրեն մինչև վեպի թարգմանության առաջարկը ստանալը։ Մի քանի անգամ ընթերցելուց հետո նկատեց` հեղինակի գրչից զատ գրավիչ էր նախ և առաջ վիպակի ասելիքը։

«Թերևս փորձելով չբացել վիպակի միստիկ փակագծերը՝ միայն նշեմ, որ հիմքում միջանձնային հարաբերությունների ու սիրո բախումն է՝ իր անդառնալի հետևանքներով հանդերձ,- ասաց Ալինան, ավելացնելով, որ թարգմանելիս խոչընդոտներ եղել են,- Օրինակ ֆրանսերենին ներհատուկ փոխաբերությունները երբեմն անհնար է նույնությամբ մատուցել հայալեզու ընթերցողներին։ Կամ լեզվական տարբերությունների պատճառով տարակարծություն է առաջանում անձնանունների կամ տեղանունների հետ կապված։ Կարևոր է, որ խմբագրի և սրբագրիչի հետ աշխատելիս դրանք սահուն հարթվեն ու վերջնարդյունքն իր մեջ ամփոփի լավագույն տարբերակը»,-նշեց Ալինա Սանամյանը։

Հարցին` օտարազգի հեղինակների ստեղծագործությունները թարգմանելն ինչով է կարևոր, Ալինան պատասխանեց. «Մենք՝ հայերս, իհարկե, աչքի ենք ընկնում այլ լեզուները հեշտությամբ սերտելու ունակությամբ ու միջինում տիրապետում ենք երկուսից երեք լեզվի, բայց անտեսել չի կարելի այն փաստը, որ մայրենիով ընթերցելն ամենից հաճելին է։ Կարծում եմ` որքան էլ ձգտենք օտարազգի հեղինակներին բնագրով կարդալ, չենք հերքի՝ մեր լեզվի համն ու հոտն ուրիշ է»,-ասաց Ալինան, տեղեկացնելով, որ այժմ աշխատում է Սիմենոնի մեկ այլ վիպակի վրա, որի մասին դեռ վաղ է խոսել։ Այն ավարտելուց հետո թարգմանչական գործունեությունը շարունակելու միտք ունի։ Ասում է` չնայած ահռելի պատասխանատվությանը՝ գործընթացը հավանում է։

«Ընթերցասեր ընկերներիս միջոցով փորձում եմ հասկանալ՝ դետեկտիվն արդի է դեռևս, թե ոչ։ Ինձ համար ուրախալի է փաստել, որ պահանջարկն ամենևին էլ չի նվազել։ Ժամանակակից ընթերցողին գրավում է նուրբ գրական լեզուն, մինչև ընթերցանության վերջին րոպեները խորհրդավոր անորոշության մեջ պահող սյուժեն ու այն ասելիքը, որ ընթերցելուց շատ հետո ինքդ քո մեջ պիտի վերլուծես ու ընկալես։ Իսկ թարգմանչին մնում է ստանձնել հեղինակի ու ընթերցողի երկխոսության միջնորդի դերը, չհեռանալ բնագրից ու օգտվել հայերենի անսահման լեզվական բարիքներից»,-եզրափակեց Ալինա Սանամյանը։

Վ. ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆ