You are currently viewing «Ես բացեցի թևերս» ֆիլմի պրեմիերան Կինոյի տանը

«Ես բացեցի թևերս» ֆիլմի պրեմիերան Կինոյի տանը

Նախօրեին կինոյի տան մեծ դահլիճում տեղի ունեցավ օլիմպիական չեմպիոն Ալբերտ Ազարյանին նվիրված «Ես բացեցի թևերս» վավերագրական ֆիլմի պրեմիերան։ Ալբերտ Ազարյանն Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն է (1956 թվականի Մելբուռնի Օլիմպիադա՝ օղակների վրա ու թիմային պայքարում, 1960 թվականի Հռոմի Օլիմպիադա՝ օղակների վրա): 1960-ի Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր թիմային պայքարում: Նա աշխարհի քառակի, Եվրոպայի կրկնակի ու ԽՍՀՄ 11-ակի չեմպիոն է։ Հայաստանի մարզական լրագրողների կողմից ճանաչվել է 20-րդ դարի հայ լավագույն մարզիկ:

Ինչպիսի՞ն է եղել Վանաձորում ապրող պատանին, ինչպե՞ս օգնեց դարբնի աշակերտ լինելը հասնել մեծ նվաճումների, ինչպե՞ս մարզադպրոցն ու սալտո ոճի ցատկը ճակատագրական դարձավ Ազարյանի համար և ինչպես ուղի հարթեց դեպի մեծ սպորտ։ Ինչի՞ շնորհիվ հաջողվեց դառնալ հայտնի ազարյանական խաչի վարպետ։ Այս հարցերի պատասխանները կան այս ֆիլմում։ Ֆիլմի ռեժիսորը Սոնա Սարիբեկյանն է, գլխավոր օպերատորը՝ Ռոբերտ Պողոսյանը։
Մեզ հետ զրույցում ֆիլմի պրոդյուսեր Դավիթ Ջինանյանն ասել է, որ ստեղծագործական կազմն ամբողջությամբ իր ուսանող ընկերներն են, որոնք սովորում են Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում։

-Մենք փորձել ենք մեր տեսանկյունից նայել կենդանի լեգենդի անցած ճանապարհին և այսօրվա կյանքին։ Կարծում եմ, որ սա կարևոր ֆիլմ է։ Մենք պետք է մեր սերունդներին ցույց տանք, թե ինչ տեսակ է հայը, ինչ համառություն ունի իր ընտրած ճանապարհը հաղթանակելու համար, ինչպիսի մոտիվացիա կարող է լինել յուրաքանչյուր մարդու մեջ և ինչպես կարելի է դա հօգուտ օգտագործել,- նշել է Դավիթ Ջինանյանը։