You are currently viewing ՆՈՐԱՏԻՊ ՎԵՊՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

ՆՈՐԱՏԻՊ ՎԵՊՆ ԸՆԹԵՐՑՈՂԻ ՍԵՂԱՆԻՆ Է

Լույս է տեսել արձակագիր Մարգարիտ Դերանցի «Գմբեթավոր հովանոցը» վեպը, որը կազմված է տասնվեց հատվածային (ֆրագմենտալ) պատմվածքներից, որոնք մտքով, ժամանակագրական առումով, դեպքերի հաջորդականությամբ կապված են և լրացնում են միմյանց։ Վեպի գործողությունները զարգանում են աշխարհի մեկ վեցերորդ մասը կազմող հզոր մի երկրում (ՍՍՀՄ), որն այժմ գոյություն չունի քարտեզի վրա: Այդ երկրում տեղի ունեցան Սումգայիթի, Բաքվի ջարդերը, որը ցեղասպանություն է։ Վեպի սյուժեն ներառում է Արցախյան առաջին պատերազմից մինչև 44­-օրյա պատերազմն ու դրանից հետո տեղի ունեցած իրադարձությունների հատույթը, տարբեր միջավայրերի, տարբեր բնավորությունների ու կենսագրությունների, երևույթների՝ տարբեր դիտակետերից ընկալումների համադրմամբ վերհանում է մի ամբողջ ժամանակաշրջանի պատկեր։

Գրքի հերոսներից մեկն իտալացի է, որը շատ է արժևորում աճուրդից գնած, իր գմբեթավոր, անտիկ հովանոցը։ Նա առիթ է փնտրում տեղի-անտեղի ցուցադրելու այն… Երբ պատահաբար իմանում են, որ իրենց հյուրընկալած հայ ճարտարապետը վախճանվել է, կինը սկսում է արտասվել, իսկ ամուսինը նրան մխիթարում է՝ ասելով. «Քեզ հավաքի՛ր, սիրելիս։ Անծանոթ ինչ­-որ լեռներում խելագար մարդիկ սպանում են միմյանց, իսկ դու այստեղ ինքդ քեզ կոտորում ես… Դու այնտեղ ոչինչ չես կորցրել»։ 

«Գմբեթավոր հովանոցը» խորհրդանշում է  միջազգային քաղաքականության անտարբերությունը Արցախի խնդրի, շրջափակման, արցախահայության ապագայի նկատմամբ: Ես ծագումով Արցախից եմ, ծնվել եմ Ստեփանակերտում, և առ այսօր ինչ կատարվում է այնտեղ, անցնում է իմ սրտի միջով։