You are currently viewing ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

ԱՍՏՎԱԾ ԻՆՔՆ Է ՄԵՐ ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

«Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը»  (Գործք, 20:35)

Երջանկությունը հոգու ցնծությո՛ւնն է, որը պարուրում է համակ էությունդ, որն ապրելիս հասկանում ես Երանության մասին Տիրոջ խոստման իմաստը:
Բոլո՛րս ենք ուզում երջանիկ լինել: Սա այն զգացումն է, որը, որպես նմուշ, Աստված պարգևում է մարդկանցս` պատկերացում տալու համար, թե ինչ է սպասվում մեզ Ավետյաց աշխարհում…

Գիտենք, որ կյանքը շարժման մեջ պահողը մեր պահանջմունքներն են:
Յուրաքանչյուր ձեռքբերում մի նոր ցանկություն է ծնում: Բայց անգամ եթե հասնենք էլ առավելագույնին, ի վերջո մի օր կանգնելու ենք այնպիսի մի ցանկության դեմ-հանդիման, որն իրագործելն անհնար է: «Եթե ունենայիր ստեղծված բոլոր բարիքները, դրանք, միևնույն է, քեզ երջանկացնել չէին կարող, ոչ էլ` գոհացնել: Աստծո մոտ, որ ամեն ինչ ստեղծեց, միայն Աստծո մոտ են գտնվում քո երանությունն ու երջանկությունը»,-գրում է Թովմա Գեմբացին իր «Նմանություն Հիսուսի Քրիստոսի» գրքույկում:

Շատերս, ցավոք, ապրում ենք ոչ թե մեր ունեցածի գոհունակությամբ, այլ նոր ակնկալիքին հասնելու դժվարության կամ անկարելիության դառնությամբ:
«Եթե դու ցանկանում ես հարուստ լինել, ապա երբեք չես դադարի տանջվել, որովհետև հարստության նկատմամբ սերը անվերջ է, և ինչքան հեռու գնաս, այնքան հեռու կլինես վերջից և ինչքան շատ ցանկանաս ուրիշի ունեցվածքը, այնքան կուժգնանան տանջանքները»,- ասում է Հովհան Ոսկեբերանը:

Երջանկություն փնտրել նյութական բարիքների մեջ` նշանակում է կախման մեջ դնել սիրտդ ուրիշների բարեհաճությունից կամ թողտվությունից: Այս կերպ ոչ թե ինքներս ենք որոշում՝ երբ կամ որքան լինել երջանիկ, այլ` այն պայմաններն ու հանգամանքները, որոնցով շրջապատված ենք:
…Եվ մտնում ենք մի փակուղի, որից դուրս գալու միակ ելքը… հայացքներս դեպի Երկինք հառելն է:

«Այն ամենը, ինչ կկամենաք, որ մարդիկ ձեզ անեն, այդպես եւ դո՛ւք արեք նրանց» (Մատթեոս, 7: 12): Ա՛յս է բանալին ճշմարիտ երջանկության:
Երբ թակում ենք մեր նմանի սրտի դուռը, բացվում  են նաև մեր հոգու դարպասները:
Թափանցե՛նք այս կերպ ինքներս մեր մեջ և ապրենք մեր հոգում Տիրոջ ներկայության վայելքը:
Բերկրանք և ցնծություն, որը երբևէ չի հոգնեցնում, չի հնանում, չի դառնում սովորական, առտնին, երջանկություն, որը մշտապես ունենալը կախված է միմիայն մեր որոշումից. չէ՞ որ ցանկացած ժամանակ կարող ենք լինել բարի և օգտակար:
«Երանելի՜ է մանավանդ տալը, քան առնելը» (Գործք, 20:35):

Լինենք բարի և բարություն կճաշակենք: Անսպառ են Աստծո շնորհները, որոնք խմորելուց ընդարձակվում են, իսկ բաշխելուց` բազմանում:

«Մարդկանց համար չկա ուրիշ լավ բան, քան ուրախ լինել և բարիք գործել իրենց կյանքում»,- ասում է Սողոմոն իմաստունը:
Ապրել` բաշխելով. սա մի ճանապարհ է, որը փակուղի չի տանում: Ապրել` սիրելով Աստծո արարածին` բացառելով մեր կյանքում չկամությունն ու անբարեհաճությունը:
Ապրել` կրելով Աստծո ներկայության լույսը, որը կհալեցնի մեր ճանապարհին անխուսափելիորեն հանդիպող մեծ կամ փոքր բոլոր փորձաքարերը:

Աստված ի՛նքն է մեր երջանկությունը, երբ թույլ ենք տալիս Նրան բնակվել մեր մեջ:
Կյանքն, ինչպիսին որ կա, քիչ է ասել, որ Տիրոջ ամենահրաշալի պարգևն է: Ուստի ընտրենք երկրային կյանքում մեր ճիշտ ճանապարհը, որը լուսավորված է Աստծո ժպիտով և տանում է դեպի անանց Երջանկություն։
Ապրենք լույսի մեջ  և փառավորենք մեզ Արարողին այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից, Ամեն։

ՏԵՐ ԵՂԻՇԵ ՔԱՀԱՆԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆ