Սերը պարտք է, որ անկարելի է միանվագ հատուցել:
«Արդ, հատուցեցե՛ք յուրաքանչյուրին իրենց պարտքերը. որին հարկ՝ հարկը, որին մաքս՝ մաքսը, որին երկյուղ՝ երկյուղը, որին պատիվ՝ պատիվը: Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք, բացի միմյանց սիրելուց. ով սիրում է ընկերոջը, կատարում է օրենքը: Սերն իր ընկերոջը չար բան չի անի. սերն է օրենքի լրումը» (Հռոմ.13;7-8,10):
Առանց սիրո ցանացած օրենք անկատար է ու անվավեր: Հարկերն ու մաքսերը կվերանան, երկյուղի պատրվակը կանցնի, պատվի արժանիքը կնսեմանա, բայց, այդուհանդերձ, սերը չի խափանվի, և սիրո պարտքը չի չեղարկվի: Աստված Սեր է: Սուրբ Գրքի վկայությամբ՝ մարդը ստեղծվել է Աստծո պատկերով և նմանությամբ: Անսահման Աստծո մեր հանդեպ ունեցած սերն էլ անպարփակ է և անվիճարկելի: Մարդը սահմանափակ և մեղսահակ էակ է: Նա կորցրել է Աստծո պես առանց նախապայման և սրտանց սիրելու կարողությունը, սակայն իսպառ չի զրկվել սիրելու հնարավորությունից` անմարելի պարտքի ձևաչափով: «Եւ ոչ ոքի պարտապան մի՛ մնացեք,-ասում է առաքյալը,-բացի միմյանց սիրելուց»: Վճարեք բոլոր հարկերն ու տուրքերը, հատուցեք պատկառանք ու պատիվ, բայց սիրո պարտքը յուրատիպ է. վճարելիս բազմապատկվում է, բայցև` շատ ջանք չի պահանջում, հոգսի չի վերածվում: Սիրո պարտքը վճարելով է, որ պիտի մնանք պատվիրանապահության մեջ: Սիրելով է, որ պիտի զերծ մնանք դատելու մեղքից, քանզի հայտնի բան է՝ երբեք չեն դատում նրան, ում սիրում են, այլ ամենածանր հանցանքի դեպքում անգամ պատրվակ են փնտրում ներելու համար: Սիրելի մարդը թերություններ չունի, և նրա վիրավորանքները հաճոյախոսության պես են հնչում:
Սիրելիի ամեն քմահաճույքն ու թերացումը հանդուրժում են ամենայն ներողամտությամբ, միայն որպեսզի չբաժանվեն: Սակայն այդպիսի սերը կարող է նաև քողարկված եսասիրություն լինել, միայնակ մնալու վախ: Իրապես սիրող սիրտը ցավում է միայն սիրելիի մեղավոր արարքների համար, որոնք պիտի հանգեցնեն Կյանքից բաժանման ու կորստի: Սերը միակ դեղն է մարդու հոգին կրծող ախտի` հպարտության դեմ: Պետք է սրտի գահից տապալել այդ ամբարտավան ինքնակալին և թափուր գահը վերափոխել ու հարմարեցնել սիրո համար: Հպարտությանը տուրք տալու և սիրելու ու նվիրվելու անկարողության պատճառով ընտանիքները` հազիվ կազմված, քայքայվում են (Ա Կորնթ. 7;2-5, 10-11): Մեղքը բազմապատկվում է ու տարածվում, որովհետև հպարտությունից ու կամապաշտությունից ծնվում են մնացած բոլոր մեղքերը: Մերօրյա մարդը սեփական կյանքը ինքնանպատակ դատարկության վերածելու տարօրինակ մղում ունի: Մարդը փետուրե խաչ է նախընտրում` ինքը ուրիշի ուսին կապարի նման ծանրանալով հանդերձ: Մարդը արդարություն է պահանջում` իր շուրջը անիրավություն ու անարդարություն սփռելով հանդերձ, որովհետև ամբարտավան հոգին չի ճանաչում մեկ ուրիշի իրավունքը և սեփական ցանկությունների անխոչընդոտ իրագործումն է, որ համարում է արդարություն: Աստված Ինքը հպարտ չէ և ոչ էլ քամահրում է մեղավոր մարդուն:
Ամենաբարձրյալ Աստված սնապարծության կարիք չունի: Անսահման սիրելով մարդուն` Նա խոնարհվեց Իր բարձրությունից, և նա, ով հավակնում է ճանաչած լինել Նրան, պետք է առնվազն մեծահոգի լինի:
Աստված սիրում ու փայփայում է Իր արարչությունը, սակայն չի սիրում շատ ծնողների պես: Նա չի զմայլվում մեր մեղքերով և չի պատրաստվում աչք փակել մեր ամբարիշտ ընթացքի վրա. «Ում սիրում եմ, նրան հանդիմանում եմ ու խրատում» (Հայտ. 3;19): «Որդյա՛կ, մի՛ անարգիր Տիրոջ խրատը եւ մի՛ դժգոհիր Նրա հանդիմանությունից, քանզի Տերը ում սիրում` նրան խրատում է եւ պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առ. 3;11): «Թե խրատին համբերող եք, Աստված ձեզ կմոտենա իբրեւ որդիների, որովհետեւ եթե մնաք առանց խրատի, որին բոլորն են բաժնեկից, ապա խորթ եք եւ ոչ հարազատ որդի» (Եբր. 12; 7-8):
Սիրել Աստծուն, նշանակում է` հնազանդվել, սիրել մարդուն, նշանակում է` ներել: Երկու դեպքում էլ պահանջվում է համբերել, «իսկ ով մինչեւ վերջ համբերի, նա պիտի ապրի» (Մատթ. 10;22):
Երեցկին Լիլիթ Հովհաննիսյան
Գորիս