You are currently viewing ԽԻՂՃԸ

ԽԻՂՃԸ

  • Post author:
  • Post category:Հոգևոր

Մարդու մեջ խիղճը գերակա է ամեն մի զգացումից և զորեղ է բոլոր զգացումներից, քանզի խիղճն Աստվածապարգև զգացում է` բարության, կարեկցության և գթության հետ:
Ով խիղճ ունի, ունի բարի կողմնորոշում և վահան` պաշտպանություն փորձությունների դեմ…
Առանց խղճի մարդը չոր ճյուղ է, անպտուղ` ենթակա դյուրությամբ այրվելու չարի փորձություններից:
Եթե խիղճ ունես, դու պաշտպանված ես եսասիրության ախտից` նյութապաշտության վարակից:
Եթե Աստված քեզ խիղճ տվեց (իսկ խիղճը միայն Աստված է տալիս), դու զորեղ ես հոգեբարոյական իմունիտետով, այսինքն` հոգեբարոյական վարակամերժ կարողությամբ, դրա բոլո՛ր հետևանքներով: Եվ երբե՛ք չխաբվես, առավե՛լ ևս չընկճվես նյութապաշտական թյուրըմբռնումից, թե խիղճը տկարացնում է մարդուն, քանի որ նրան դարձնում է բարի, կարեկից, գթասիրտ և… զիջող:
Այդ ճի՛շտ է, որ խիղճը մարդուն դարձնում է այդպիսին և դեռ ավելին. դարձնում է արդարամիտ, օրինապահ, հավատարիմ: Բայց ո՞վ ասաց, թե դրանք տկարության հատկանիշներ են և տկարացնում են մարդուն: Ընդհակառա՛կը, դրանք կարողության և զորության հատկանիշներ են և հզորացնում են մարդուն մինչև Սուրբ Ասպետություն: Այն, ինչ, ափսո՜ս, շա՜տ է բացակայում մեր ազգի մեջ (թողնենք այլ ազգերին մի կողմ), և որ առա՛նց այդ կենսամասնիկի ազգը չի՛ կարող Ազգ դառնալ. Ազգ կենսունակ, մրցունակ, պաշտպանունակ, բարգավաճ և օգտակար իրեն ու նաև մարդկությանը: Իսկ հայ ազգն այդպիսի՛ ազգ պետք է դառնա և կարո՛ղ է դառնալ (ոչ ոք թող չասի, թե ինչպե՞ս կլինի, հապա մեր աշխարհագրական դիրքը, չափը, քանակը…): Այդ բոլորը կան, և հենց դրա՛ համար էլ հարկ է, որ պահենք, պահպանենք մեր ազգի մեջ ու նաև յուրաքանչյուրիս մեջ եղած աստվածաշնորհ խիղճը: Եվ կյանքում կիրառենք այն միշտ, ամենուր, ամեն ինչում` ասպետորեն, Աստուծո հավատքով: Եվ մենք կդառնանք ազգ ապահով, բարեբեր, բարեկեցիկ ու երանելի:
Հայ ազգային գաղափարախոսության ճանաչումը, ընդունումն ու կիրառությունը կյանքում պայմաններն են այդպիսի ազգ դառնալու, որովհետև Աստուծո հավատքից բխող և դրա վրա հիմնված ՀԱԳ-ը և նույն ծագումն ունեցող խիղճը եղբայր և քույր են: