You are currently viewing Երկօրյա անմոռանալի ուխտագնացություն Արցախ

Երկօրյա անմոռանալի ուխտագնացություն Արցախ

Օր 1-ին։ Հուլիսի 28։


Մասյացոտնի թեմի առաջնորդ Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանի օրհնությամբ հուլիսի 28-ին մեկնեցինք Արցախ։
Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցում մեր առավոտյան աղոթքն արեցինք և ճանապարհվեցինք Ստեփանակերտ։
Առաջին այցելությունը եղավ Արցախի թեմի առաջնորդարան, որտեղ սրտաբաց զրույց ունեցանք թեմակալ առաջնորդի՝ Տեր Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի հետ։ Սրբազան Հայրը պատմեց Արցախի հոգևոր կյանքի, ձեռքբերումների ու մարտահրավերների մասին կարևորելով Հայաստանից դեպի Արցախ ուխտագնացությունները։


Հանդիպումից հետո ուխտավորները մասնակցեցին Սուրբ և Անմահ Պատարագի, որը մատուցեց Վեդու Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Հովակիմ քահանա Հարությունյանը՝ Ստեփանակերի Սուրբ Աստվածամոր Հովանի եկեղեցում։ Շնորհակալություն եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ներսես քահանա Ասրյանին։

Հավարտ Պատարագի ուխտավորների խումբը հյուրընկալվեց սրտաբաց մի օջախում։ Ընտանիքի հայրը՝ Վանիկ Ղազարյանն ու տանտիրուհիներն իրենց հոգատարությամբ, ջերմ ընդունելությամբ էլ ավելի գեղեցկացրեցին ու լուսավորեցին օրն Արցախում։
Երեկոյան ուխտավորները Գանձասարում էին։ Աղոթք, քարոզխոսություն, շփում հրաշալի բնության հետ։ Շնորհակալություն նաև Գանձասարի վանահորը` Հայր Սահակ վարդապետ Շաքարյանին։


Վանք գյուղը նույնպես Գանձասարի այցելուների սիրելի վայրն է։ Այստեղ նաև զգացինք Արցախի հմայքը։
Գիշերակաց Ստեփանակերտի «Արմենիա» հյուրանոցում։ Այս հարցում ուխտավորները վայելեցին Արցախի թեմակալ առաջնորդի աջակցությունը։
Ի դեպ, կազմակերպչական հարցերում մեծապես իր աջակցությունը բերեց նաև Դավիթ Փաշայանը։ Շնորհակալություն նաև Դավիթին։

Օր 2-րդ։ Հուլիսի 29։


Առավոտյան Ստեփանակերտից շարժվեցինք Ճարտար։ Ճանապարհին ուխտավորները հիշեցին մի անեկդոտ այն մասին, որ Ճարտարի քաղաքապետը տեղում չէ, այլ իջել է գյուղամեջ։
Ճարտարի Սուրբ Վարդան եկեղեցում ձեր խոնարհ ծառան կատարեց իր սրտի ուխտ՝ ըմատուցելով Սուրբ և Անմահ Պատարագ ի հիշատակ Ճարտարի մատույցներում զոհված Նարեկ սարկավագ Պետրոսյանի և Ռուստամ սարկավագի։ Տեր Հովակիմն ու իր զավակները՝ Էլենը և Վահեն, ամբողջությամբ կատարեցին դպրաց դասի շարականները։ Երգեհոնի մոտ էին ուխտավորներից Ռոզա և Լուսինե Պետրոսյան քույրերը։ Խորանին սպասավորում էին ուխտավոր երիտասարդները՝ Վարդան Նուրիջանյանը, Սևադա Սարգսյանը, Իգնատ Մարտիրոսյանը։

Մեր շնորհակալությունը եկեղեցու հոգևոր հովիվ Տեր քահանա Տեր Մխիթար քհն. Հարոյանին։


Ճարտարից ուխտավորների խմբին առաջնորդեցինք դեպի Ամարասի վանական համալիր, որտեղ Տեր Սեպուհ քահանա Հակոբյանի օրհնությամբ կատարեցինք հոգեհանգիստ ի հիշատակ մեր զոհված քաջերի։ Ամարասի մատույցներում է զոհվել նաև Գևորգ Բաբաջանյանը, ում մայրիկի խնդրանքով բարձրացրեցինք հիշատակի աղոթքը։

Արցախը մեր հայրենիքի ոչ թե անիծված, այլ եղբայրների թանկ արյունով սրբագործված հատվածը, այսօր ավելի քան երբևէ ունի մեր կարիքը, մեր այցելության, աղոթքի, մեր զորակցության կարիքը։
Եվ, ինչ խոսք, մենք էլ Արցախի կարիքն ենք զգում։ Սուրբ հող, ուր ապրում են կյանքով ու մաքառումով, տառապանքով, բայց լավատեսությամբ ճառագող մարդիկ։
Ուխտագնացությունն ավարտվեց հաստատ որոշումով, որ էլի ենք գալու և շատ ենք գալու Արցախ։
Արցախը մի ուրիշ աշխարհ է։ Այստեղ շատ սեր կա։ Եվ կյանքի համար պայքար կա։ Եվ շատ իմաստ ու լույս կա։
Լիացած ենք և փոխված։
Տերը կատարի բոլորի սրտերի ազնիվ իղձը և ուխտը։

Կիսվեց ՏԵՐ ԵՂԻՇԵ ՔԱՀԱՆԱ ՆՈՒՐԻՋԱՆՅԱՆԸ