You are currently viewing «Մահը չի կարող կանգնեցնել գարունը». Աբել Գանս, «Ես մեղադրում եմ»

«Մահը չի կարող կանգնեցնել գարունը». Աբել Գանս, «Ես մեղադրում եմ»

Այժմ, երբ թվում է՝ ամեն ինչ բաժանված է արդեն, ես կորցրի իմ սերնդակիցներին, և երբ թվում է՝ մոլորակը անցել է իր վաստակած հանգստին, մարդիկ պատերազմում են ուրիշ կերպ, փոխվել է «ինչպեսը», իսկ «ինչը» միշտ նույնն է։ «Պատերազմ այլևս չի լինելու», «Պատերազմները հավերժ են»։ Ահա այսպես երկու դար առաջ հավաքվածները երկբևեռ կարծիք հայտնեցին Վիեննայի վեհաժողովում։ Մի՞թե պատերազմները կարող են վերանալ մեր երկրի երեսից․ աստվածները նույնպես պատերազմում են Տիեզերքում։


Ֆրանսիական ավանգարդի ներկայացուցիչ, ռեժիսոր Աբել Գանսի «Ես մեղադրում եմ» ֆիլմը համր շրջանի կինեմատոգրաֆի հիմնաքարերից է։ Մեր գերժամանակակից աշխարհում համր կինոն այժմ թվում է տաղտկալի, սովորական, երբեմն զվարճալի, անցած-գնացած հիշողություն, որի վրա չարժե ժամանակ ծախսել այն էլ այն դեպքում, երբ Երկիրը լիքն է հնչյունային հիասքանչ ֆիլմերով։

Սակայն ժամանակը միշտ զտում է մնայուն արժեքը, այն դասում դասականների շարքին, որից յուրաքանչյուր հետազոտող միշտ սովորում է «հնից»․ ամեն նոր բան, լավ մոռացված հինն է։ Թեմաները միշտ կրկնվում են, բայց կան թեմաներ, որոնք թեմաների թեման են, ինչպես օրինակ՝ պատերազմը։ Ֆիլմում առաջին համաշխարհային պատերազմի իրադարձություններն են, բայց ի՞նչ կապ ունի Առաջին համաշխարհային, երկրորդ, 100-ամյա պատերազմ, քառօրյա․․․ երևույթը նույնն է՝ դաժան և անդառնալի։


Ռեժիսորը ֆիլմում ներկայացնում է կյանքի գեղեցկությամբ արբեցած արվեստագետին, և պատերազմին մասնակցելուց հետո ինքնահրկիզվող արվեստագետի «անապատի» մեջ շարունակվող կյանքը։ Հեղինակը մեղադրում է բոլոր նրանց, ովքեր կանգնած են բարձր աստիճանների վրա ու իրենց շահը հետապնդելով վարվում են մարդկանց հետ այնպես, ինչպես նրանց է հարմար։ Կարծես բոլոր ժամանակներում մարդը պարզապես քանակ է, գործիք, միջոց և ուրիշ ոչինչ: Վերջապես Գանսը մեղադրում է հենց պատերազմին։ Եվ այդ երևույթին մեղադրում է բանակը, ինչով էլ ռեժիսորը սկսում է իր ֆիլմը… Զինվորները իրենց մարմնով գրում են «Ես մեղադրում եմ» արտահայտությունը:


Մերօրյա լավագույն ամերիկացի կինոռեժիսոր Թերենս Մալիկը երեք ժամանոց իր ֆիլմում պատմում է գյուղում ապրող տղամարդու մասին, ով չի ուզում մեկնել պատերազմի դաշտ։ Այստեղ պարզաբանման կարիք չկա․ աստված տվել է կյանքը մարդուն և միայն նա էլ իրավունք ունի խլել այն։


Ֆիլմի հերոսը՝ Ժանը, հուզական կյանքով լի, իր մեջ կրում է բարձրագույն արվեստը, վեհը, նա տրվում է Տիեզերքին իր թավջութակի քաղցր հնչյուններով։ Ժանի կերպարում իր խաղով փայլում է դերասան Ռոմուալդ Ժուպեն, ով սկսած արտաքին տեսքից իր մեջ կրում է ազնվականությունը, արվեստագետի ոգին, որը ոչ միայն պատրաստ է գովերգել կյանքը և սերը, այլև իսկական արվեստագետին հարիր՝ պատրաստ լինել ինքնազոհողության։ Ֆիլմը լեփ լեցուն է սիմվոլիկայով, որոնք հերթով հիշատակելու դեպքում կավարտվեն ամսագրի էջերը, ուստի կարճ կկապեմ, մնացածը դիտել է պետք։ Հերոսը գրում է իր «Խաղաղություն» պոեմը, նա գովերգում է բնությունը, աշխատավոր և խաղաղ մարդկանց՝ ներդաշնակ իրենց շրջապատող աշխարհի հետ, ապա բնությունը իր հանգիստ տարերքի մեջ։ Եվ հանկարծ խախտվում է թե՛ պոեմում ստեղծված խաղաղ կյանքը, թե՛ իրական կյանքը, որտեղ սկսում է գործել անդամհատող արատը – պատերազմը։


Եվ որքան էլ մարդիկ ներազդեն մոլորակի վրա, միևնույն է, ինչպես ասում է Աբել Գանսը․ «Դուք պետք է հասկանաք, որ գեղեցկությունը երկրի վրա հավերժ է, և երբեք մարդը չի կարող ոչնչացնել այն»։ Նա օգտագործում է Բոտիչելլիի «Գարուն» կտավը, որը հակադրում է այդ մտքին ու գաղափարին այն իրականությամբ, ինչը պարտադրում է պատերազմը: Բոտիչելլիի հերոսները դառնում են կմախքներ, մահը դառնում է կտավի կարևոր պերսոնաժը և սավառնում անթիվ դիակների վրայով։


Աբել Գանսը ֆիլմում օգտագործել է իրական նամակներից հատվածներ, որոնք գրել են առաջին համաշխարհայինին մասնակցած ֆրանսիացի զինվորները։


«Աչքերը և սիրտը տեսնում ու ընկալում են աշխարհը բոլորովին այլ կերպ․․․»։
«Մահը չի կարող կանգնեցնել գարունը»։
«Սիրելի՛ մամա, եթե ձեր որդին չվերադառնա, ապա նա ընկել է այնպիսի աշխարհ, ուր փոստատարներ չկան, բայց իմացեք, նա անընդհատ հիշում ու մտածում է ձեր մասին»։


Պատերազմը սպանում է Ժանի ներսի արվեստագետին։ Ընթացքում խաչը ծանր է տանել, ճամփան թվում է անվերջ, դաժան, սակայն հանկարծ ամեն ինչ մի վայրկյանում պայթում է ու վերջ։ Պատերազմի ողջ ընթացքում պայքարը մղվում է հանուն ուրիշ ապագայի, ավելի լավ ապագայի համար, բայց իսկապես այդպես լինո՞ւմ է, այն էլ այդքան կորցրածից հետո․․․ «Երբ զոհվում են լավագույնները, դրա մեջ արդարություն կա, բայց անարդար է, երբ նրանք, ովքեր ողջ են մնացել, ավելի լավը չեն դառնում»։
Աբել Գանսի իր ֆիլմը նկարահանել է 1919 թվականին, իսկ այսօր 2022 թվականն է: Քանի՞ տարի է անցել այս ֆիլմից, հարյուր երե՞ք։ Ոչինչ չի փոխվել։
Մնացյալը լռություն է…

Մարինա ՍՈԼՈՅԱՆ
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ, Խաղարկային ֆիլմի ռեժիսուրա, 2-րդ կուրս