You are currently viewing Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցում պատարագ է մատուցվել

Բերձորի Սուրբ Համբարձում եկեղեցում պատարագ է մատուցվել

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Քրիստոսի Համբարձման տոնը: Օրվա խորհուրդը բացատրվում է ավետարանական պատմությամբ, որի համաձայն Քրիստոս հրաշափառ հարությունից հետո քառասուն օր շրջել է երկրի վրա, ապա համբարձվել երկինք:

Բերձորի եկեղեցին Արցախի թեմի Սուրբ Համբարձում անունը կրող միակ եկեղեցին է, որտեղ օրվա կապակցությամբ մատուցվել է տոնական, սուրբ և անմահ պատարագ: Այս անգամ համբարձման հույսն է 44-օրյա պատերազմից հետո բռնատեղահանված բերձորցիներին համախմբել եկեղեցու կամարների տակ, քանզի սուրբ սեղանին պատարագվող Տերը Համբարձման հույսն է պարգևել բոլորին: Համբարձմամբ է ամբողջացել Տիրոջ երկրային կյանքի առաքելությունը: Սուրբ Համբարձման եկեղեցում պատարագ է մատուցել Քաշաթաղի շրջանի հոգևոր հովիվ տեր Բենիամին քահանա Ծատուրյանը:

Համբարձման տոնի խորհրդին զուգահեռ պատարագիչ քահանան անդրադարձել է նաև Հայ Առաքելական եկեղեցու կողմից հիշատակվող մի կարևոր փաստի, ըստ որի 1441 թվականին Հայոց Կաթողիկոսական Աթոռը Սսից տեղափոխել և վերահաստատվել է Սուրբ Էջմիածնում։ Համբարձման տոնի ծիսական արարողություններից հետո Աղավնո համայնքի դպրոցականները եկեղեցու բակում ցուցադրել են Համբարձմանը նվիրված երգերի ու պարերի շարան:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ