You are currently viewing Ազատության ճախրանքներում և երազանքներում. ջազ համերգ քաղաքամայր Ստեփանակերտում

Ազատության ճախրանքներում և երազանքներում. ջազ համերգ քաղաքամայր Ստեփանակերտում

Ջազը բացում, ազատագրում է տարածքներ` առանց զենքի, ընդամենը մի քանի նոտայով: Արցախի պետական ջազ նվագախմբի տղաները (գեղարվեստական ղեկավար՝ Էդուարդ Դանիելյան) Ստեփանակերտի մշակույթի և երիտասարդության պալատում ջազի համար ազատ անկյան տարածք են բացել՝ նոր ոգով, նոր շնչով, նոր գաղափարներով, նոր երաժիշտներով ու ավանդույթների պահապան վարպետների զգոն ներկայությամբ:

— Համերգին պատրաստվել ենք նոր միջավայրում և նոր կոլեկտիվում, որտեղ մասնագետների պակաս կա,- ասում է նվագախմբի տնօրեն Տիգրան Սուչյանը,- բայց կա նվիրվածություն մշակույթին ու մասնավորապես ջազին: Մենք այս ընթացքում հաղթահարել ենք բազում խոչընդոտներ: Սկիզբը խոստումնալից է, և հուսամ` հետագայում մեր աշխատանքը երաժշտական սպասված հանդիպումների ու հրավառությունների առիթ կդառնա: Այդպես հուսալու հեռանկարը երիտասարդ երաժիշտներն են ընծայում:

Սուչյանի` Արցախի պետական ջազ նվագախմբի տնօրենի պարտականությունը ստանձնելուց հետո առաջին համերգն է, որով խումբը ներկայացել է արցախցի հանդիսատեսին: Ջազի գլխապտույտը երաժշտական անհասանելի բարձունքներից իջնում էր անիրական ստորոտներ, նորից մագլցում- հասնում թռիչքային բարձրության:

Ջազը` տաք, զգայուն, կրքոտ, նյարդային, հոգեցունց… Մեկնաբանելու համար չէ ջազը: Միայն մատուցելու և վայելելու: Հիանալու, լիանալու, վերանալու…

Ջազը մատուցվեց ԱՀ վաստակավոր արտիստ Տաթևիկ Բալայանի և Հերմինե Հովհաննիսյանի կատարումներով: Նրանց էր միացել պարմանուհի Դարինե Մամունցը, որի հետ շփումը Տիգրան Սուչյանի համար Արցախը մարդկայնորեն ու երաժշտորեն զգալու ու սիրելու ակամա հնարավորություն էր ստեղծել մինչև վերջինիս` Արցախ աշխատանքի հրավիրվելը: Պատերազմի ամենածանր օրերին էր, Արցախին սատար կանգնած մեր հազարավոր հայրենակիցներից Տիգրան Սուչյանը մի խումբ պատանիների սատար կանգնեց արվեստով: Եվ այդ միջոցով ենթագիտակցորեն իր մտքերին ագուցեց այն ճանապարհը, որով կարող են ամրապնդվել կյանքի ու մշակութային ենթակառուցվածքների բազմաթիվ շերտեր:

Համերգի կայացմանն իրենց ներդրումն ունեցան հատուկ հյուրեր Կարեն Մամիկոնյանը (ստեղնաշարային գործիքներ), Դավիթ Մելքոնյանը (սաքսոֆոն) և Արթուր Իսրայելյանը (տրամբոն): Իր իմպրովիզներով թիմակիցների հետ ջազի ազատությունն էր տարածում նվագախմբին կից ստեղծված Ստեփբենդը: Երգացանկում ներառվել էին ջազային ֆոլկի դրսևորումներով նոր ստեղծագործություններ, որոնց հեղինակը կոմպոզիտոր, շեփորահար Տիգրան Սուչյանն է: Նա չի շտապում, բայց համոզված է` նվագախմբի ներուժը հեռանկարներ կբացի: Տեղում և դրսում հանդիսատեսը կվայելի ջազի ազատ ու անկաշկանդ անակնկալները: Հավանաբար կձևավորի նաև մրցակցային առողջ միջավայր ջազ երաժշտության զարգացման համար:

Բազմաթիվ համերգների հանդիսավար Ծովինար Բարխուդարյանը համեմատեց ջազն Արցախի հետ` ազատության ճախրանքներում և երազանքներում:

— Արցախում ևս ազատության իմպրովիզներն արդիական են ու պահանջված,- ասաց նա,- ազատությանը, ի վերջո, մենք կհասնենք մեր պայքարով ու համառությամբ:

Համերգին աջակցել են ԱՀ ԿԳՄՍ նախարարությունը, «Վալլեքս Գարդեն» Հոթելը, նվագախմբի բարեկամները:

Վարդուհի ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ